Մատչելիության հղումներ

«Եդինայա Ռոսիան» համոզիչ հաղթանակ է գրանցել ռուսաստանյան ընտրություններում


Այդուհանդերձ, մայրաքաղաք Մոսկվայի մի շարք շրջաններում հաղթել են լիբերալ ընդդիմության ներկայացուցիչները:

Ռուսաստանի մի շարք մարզերում և քաղաքներում երեկ տեղի են ունեցել նահանգապետերի, Պետդումայի պատգամավորների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Թեև ընդհանուր առմամբ ջախջախիչ հաղթանակ է գրանցել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, մայրաքաղաք Մոսկվայի մի շարք շրջաններում հաղթել են լիբերալ ընդդիմության ներկայացուցիչները: Իսկ, օրինակ, Գագարինի շրջանում, որտեղ երեկ քվեարկել էր նաև նախագահ Վլադիմիր Պուտինը, չի անցել իշխող կուսակցության ոչ մի թեկնածու:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, ում որոշ ռուսաստանցի փորձագետներ համարում են Պուտինի ամենահավանական ժառանգորդը, այսօր հայտարարել է, թե Մոսկվայի «շրջանային խորհուրդների քաղաքական լանդշաֆտը բազմերանգ է դարձել», և հաղթած թեկնածուներին կոչ է արել ակտիվ մասնակցել մայրաքաղաքի բնակիչներին հուզող խնդիրների քննարկումներին:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Եդինայա Ռոսիան» Մոսկվայում ստացել է ընտրողների 76 տոկոսի ձայները, 12 տոկոս ստացել է «Յաբլոկո» կուսակցությունը: Ընդհանրապես ձայներ չեն հավաքել մշտական համակարգային ընդդիմություն համարվող կոմունիստները, Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը և «Սպրավեդլիվայա Ռոսիան»:

Բացի այդ, մոսկովյան տարբեր շրջանների խորհուրդներ են անցել անկախ ընդդիմադիրներ, օրինակ՝ Բորիս Նեմցովի թիմակից Իլյա Յաշինը:

Լիբերալ ընդդիմության այս հաջողությունը մայրաքաղաքում անակնկալ էր: Պետք է ասել, որ այդ ընդդիմության շրջանում կային լուրջ տարաձայնություններ, ասենք՝ մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել ընտրություններին:

Ալեքսեյ Նավալնին, օրինակ, կարևոր չհամարելով այս ընտրությունները, ակտիվ աջակցություն չի ցուցաբերել լիբերալ թեկնածուներին, ինչը, սակայն, չի խանգարել նույն Իլյա Յաշինին ջախջախիչ հաղթանակ գրանցել Մոսկվայի շրջաններից մեկում:

Լիբերալ թեկնածուներից ոչ մեկը, իհարկե, չի ընտրվել Պետդումային պատգամավոր կամ նահանգապետ, այդուհանդերձ փորձագետները լուրջ հաղթանակ են համարում սա:

Երեկվա ընտրություններում գրանցած հաջողությունը լիբերալ ընդդիմությանը թույլ չի տալիս առանց «Եդինայա Ռոսիա» կուսակցության աջակցության քաղաքապետի թեկնածու առաջադրել եկող տարի Մոսկվայում կայանալիք քաղաքապետի ընտրություններին: Նման հավակնություններ ունի անկախ քաղաքական գործիչ Գենադի Գուդկովը:

Ռուսաստանում թերևս ամենառեյտինգային ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքի իր բլոգում գրել է․ - «Բավական է, որ ընտրությունների մասնակցելու հնարավորություն ունենան բոլոր ցանկացողները, և քաղաքական իրավիճակը երկրում միանգամից փոխվում է, այսպես կոչված պուտինյան մեծամասնությունը միանգամից հօդս է ցնդում: Սա պետք է հիշել և թույլ չտալ, որ մեզ անընդհատ խաբեն՝ ասելով, թե ոչինչ չի կարելի փոխել»:

Երեկվա ընտրությունները, օրինակ, մայրաքաղաքում աչքի են ընկել ընտրողների ցածր մասնակցությամբ՝ շուրջ 15 տոկոս: Իշխանությունները ակտիվ աշխատանք չէին տարել բյուջետային աշխատողներին ներգրավելու ուղղությամբ, վերջիններիս զանգվածաբար չէին բերում ընտրատեղամասեր: Եվ հենց սրանով, ինչպես նաև մի շարք ընդդիմադիրների ակտիվ աշխատանքով են փորձագետները պայմանավորում լիբերալ ընդդիմության գրանցած անակնկալ հաջողությունը:

Գենադի Գուդկովը, ով երեկ ակտիվորեն աջակցում էր ընդդիմադիր թեկնածուներին, այդուհանդերձ, հոռետես է: Նա գրում է, թե Ռուսաստանի իշխանությունները «երեկ հերթական անգամ կեղծել են ընտրությունները», իսկ «ռուսաստանցիներն այլևս չեն հավատում, թե ինչ-որ բան կարող է փոխվել երկրում»․ - «Ես կարող եմ վստահաբար ասել՝ երեկ Ռուսաստանը ևս մեկ քայլ է արել դեպի անխուսափելի քաղաքացիական աղետը՝ կլինի դա հեղափոխություն, ազգամիջյան բախումներ, պալատական հեղաշրջում թե պարզապես ժողովրդական ընդվզում, մենք շուտով կիմանանք: Սակայն հստակ է, որ գործող քաղաքական համակարգն իրեն սպառել է և օրեցօր թուլանում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG