Մատչելիության հղումներ

Բաբայանի գործով ամբաստանյալ Մայիլյանը հրաժարվում է ցուցմունք տալ դատարանում


Սամվել Բաբայանը դատարանի դահլիճում, արխիվ:
Սամվել Բաբայանը դատարանի դահլիճում, արխիվ:

Սամվել Բաբայանի գործով առանցքային մեղադրյալ, «Իգլա» զինատեսակը Ազգային անվտանգության ծառայությանը հանձնած և այժմ ազատության մեջ գտնվող Հրաչյա Մայիլյանը այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքերի առաջին ատյանի դատարանում հրաժարվեց ցուցմունք տալ և հարցերի պատասխանել՝ հարուցելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարի զայրույթը․ - «Տենց հրաժարվելով չի․․․ Մարդը մեղադրյալ է եղել: 14 թվին քրեական գործ են հարուցել իրա վրա, նորից 17 թվին բացել․․․»

Այդուհանդերձ Բաբայանն ու նրա պաշտպանը հնչեցրին իրենց հարցերը, որոնք, սակայն, մնացին անպատասխան․ Մայիլյանը հիմնականում լուռ էր:

Սամվել Բաբայանի պնդմանը, թե «Իգլան» հանձնել է, քանի որ իրեն բռնել են, այլ ոչ թե կամավոր է հանձնել, Մայիլյանն արձագանքեց․ - «Բռնել են, ինձի տարել են Ազգային անվտանգություն, ես էլ հանձնել եմ»:

Ի պատասխան Բաբայանի հաջորդ հարցին, թե ինչ գործով են իրեն բռնել, Մայիլյանն ասաց․ - «Չունեմ էդ պատասխանը»:

Մայիլյանը պատասխան չուներ նաև Բաբայանի փաստաբանի այն հարցին, թե ինչու ցուցմունք չտալու իրավունքից չի օգտվել նախաքննության ընթացքում:

Այդ հարցի պատասխանն ուներ Սամվել Բաբայանը․ - «Նա արտյոնալ մեղադրյալ է»:

Ըստ մեղադրանքի, Սամվել Բաբայանը 50 հազար դոլար է խոստացել այս գործով մեղադրյալ Սանասար Գաբրիելյանին՝ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու համար: Գաբրիելյանը Վրաստանում գործարար կապեր ունեցող Հրաչյա Մայիլյանի միջոցով գտել է զինատեսակը:

Այդուհանդերձ այսօր հրապարակված Մայիլյանի նախաքննական ցուցմունքներում Սամվել Բաբայանի անունը չկար: Նա միայն գրել է, թե իմացել է, որ «Իգլա»-ն Ղարաբաղ են տեղափոխելու․ - «Պետք է տանեին Ղարաբաղ որպես նվեր: Ինչքանով հասկացա, ինչ-որ պաշտոնի նշանակվելու համար: Մանրամասներով չեն հետաքրքրվել»:

Հրաչյա Մայիլյանը նաև գրել է, թե զենքի պիտանելիությունը ստուգելու համար այն լուսանկարել է, փոխանցել գործով մեղադրյալ Ժորիկ մականունով Արմեն Պողոսյանին: Այստեղ է, որ շոշափվում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքի անունը․ - «Ժորիկը իմ պլանշետով նկարել ա զենքը: Այդ պահին ձեռքին եղել է ՕՐՕ դաշինքի բացիկը, որը պահել է զենքի կողքին նկարահանելիս: Թե ինչ պատճառով, մինչ օրս ինձ հայտնի չէ: Ժորիկը պլանշետը տարել ա, իրա ասելով, ինչ-որ մեկին ցույց տալու համար, զենքը մնացել ա մեր տանը»:

Սամվել Բաբայանը կալանավորվեց խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ ակտիվորեն աջակցում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին: Դատարանում այսօր որպես վկա ցուցմունք տվեց դաշինքի՝ Արմավիրի մարզի շտաբի պետ Սուսաննա Հարությունյանը․ - «Ես մտածում եմ, բացի ինձանից, երևի 10 միլիոն հայերը, որոնք ապրում են աշխարհում, բոլորն էլ գիտեն ով է պարոն Բաբայանը: Չէր կարող պարոն Բաբայանը ոչ իր կալիբրի մարդկանց հետ նման․․․ Մի բան էլ ասեմ՝ բոլորն էլ գիտեն, ասենք, որ գեներալն ա գոմեշի միս ծախում, որ գեներալն ա զենք ծախում, տանկի մաս ծախում, որ գեներալն ա 12 հազար կիլոմետր մեր հայրենիքը ավելացրել: Էնպես որ, ես կարծում եմ, հարգելի դատարան, էս ամեն ինչը կպարզաբանվի, և Արցախի նախկին հրամանատարը, Արցախի առաջին հերոսը էս բոլոր պատմությունից դուրս կգա»:

«Իգլա»-ից բացի, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված փողեր ձեռք բերելու մեջ, խոսքը հատուկ նյութով ներկված և օրինական շրջանառությունից հանված 5000 եվրո թղթադրամների մասին է, որոնք, ըստ մեղադրանքի, Սամվել Բաբայանը ցանկացել է քիմիական մաքրման և վերամշակման միջոցով Հայաստանում շրջանառության մեջ դնել:

Այս մասով հարցաքննված վկաներից որևէ մեկը Բաբայանի անունը չի տվել:

XS
SM
MD
LG