Մատչելիության հղումներ

Զոհրաբյան․ Իմ ընդդիմախոսները փոքրամասնություն են փաստաբանական համայնքում


Փաստաբանների պալատի վերընտրված նախագահ Արա Զոհրաբյանը վստահ է, որ երկու օր առաջ պալատի նախագահի ընտրություններում իր ստացած շուրջ 92 տոկոս կողմ ձայներն ապացույցն են, որ իր ընդդիմախոսները փոքրամասնություն են փաստաբանական համայնքում:

Անցած շաբաթ օրը կայացած ընտրություններում պալատի նախագահի միակ թեկնածու Արա Զոհրաբյանը ստացավ քվեարկությանը մասնակցած 1086 փաստաբաններից 1002-ի կողմ ձայները: Գրանցվել էր ընդամենը 69 դեմ և 14 անվավեր քվեաթերթիկ։

«Դեմ քվեարկող փաստաբանները հանգիստ եկել և դեմ քվեարկել, իրենց դիրքորոշումը արտահայտել էին: Մի խումբ փաստաբանների չմասնակցելը, կարծում եմ, որևիցե եղանակ չէր կարող փոխել: Ավելին․ եթե նույնիսկ իրենց հաշվարկներով մյուս բոլոր փաստաբանները, դեմ լինելով, չէին եկել, ապա, կարծում եմ, այդ պարագայում էլ որևէ խնդիր չէր կարող լինել, որովհետև ես հավաքել եմ ամբողջ փաստաբանների քանակի 54 տոկոս ձայները: Իրենք հասկանում եմ, որ փաստաբանների մեծամասնությունը չի կիսում իրենց տեսակետները: Եվ իրենք դրանից զայրանում են: Իրենց սեփական անկարողությունը քողարկելու համար իրենց մեղքը գցում են մեր փաստաբանների վրա: Բայց փաստաբանները մեղավոր չեն: Քանի որ փաստաբանը հասկանում է, որ այս ամեն ինչը անձնավորված է», - ասաց Զոհրաբյանը:

Մրցակցության բացակայությունը, ըստ Զոհրաբյանի, նորմալ գործընթաց է, ու այդ պայմաններում էլ ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 1852 փաստաբանների շուրջ 60 տոկոսը:

Եվս չորս տարով Փաստաբանների պալատի նախագահությունը ստանձնած Զոհրաբյանն այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց, որ առաջիկա օրերին պատրաստվում է հանդես գալ համերաշխության կոչով՝ «նեղացած փաստաբաններին» դաշտ հետ բերելու համար․ - «Առյուծներն էլ խմբով են որսի դուրս գալիս՝ հասկանալով, որ միասնական ավելի հեշտ է լինելու»:

Պալատի նախագահի ընտրությունները բոյկոտած փաստաբաններից Երվանդ Վարոսյանի խոսքով՝ ընտրությունները վաղուց էին ավարտված, քանի որ փաստաբանական ամբողջ կառույցը աշխատել է մասնակցություն ապահովելու համար․ - «Եթե անգամ հաշվի չառնենք վարչական ռեսուրսի կիրառումը, «Գազել»-ները, մարզային համակարգողների գործունեությունը, խորհրդի անդամների կողմից բազմաթիվ փաստաբաններին ուղղված հեռախոսազանգերը: Ընդ որում խորհրդի անդամները հետո այդ փաստաբանների կարգապահական վարույթները քննողներն են: Անձամբ նախագահի զանգերը և այլն: Այս ամբողջ ծավալը մի կողմ դրած՝ համարենք, որ, այո, մեծամասնությունը այսպես է կարծում, իսկ մենք կարծում ենք ա՞յլ կերպ․․․ Հետո՞: Կարո՞ղ է մենք մեր կարծիքը փոխենք: Իհարկե ոչ»:

Զոհրաբյանն այսօր ասաց, որ այժմ ինքն ավելի շատ ճնշման է ենթարկվում ոչ թե իշխանությունների, այլ որոշ ընդդիմախոս փաստաբանների կողմից: Նրա պնդմամբ, որևէ կեղծիք չի եղել, այլ պարզապես, ավտոբուսներ տրամադրելով, հնարավորություն են տվել մարզերում բնակվող փաստաբաններին իրականացնել ընտրություն, քանի որ միակ տեղամասը Երևանում էր․ - «Դա մեր կարգն է, և այդ կարգի համաձայն, դա կազմակերպվել է: Մարզերից տրանսպորտային միջոցներով ապահովումը արել է Փաստաբանների պալատը»:

Զոհրաբյանի ակտիվ ընդդիմախոսներից փաստաբան Լուսինե Սահակյանի փոխանցմամբ՝ իրենց չեն պատկերացնում Փաստաբանների պալատում, ուստի չեն մրցել Զոհրաբյանի դեմ և պատրաստվում են պայքարել այլընտրանքային կառույց ունենալու համար․ - «Փոքրամասնություն կազմողները չեն ցանկանում գտնվել միևնույն հարկի ներքո, որտեղ գտնվում ա Արա Զոհրաբյանը և այն հազարը, որոնք կիսում են իր կարծիքը՝ եթե նրանք կիսում են իր կարծիքը»:

Իսկ իրենց փոքրամասնությունը լինելը և պալատի նախագահի հաշտության կոչը, ըստ Երվանդ Վարոսյանի, պատճառ չէ հրապարակային քննադատությունը դադարեցնելու համար․ - «Եթե ինքը որսի գնալը համարում է փաստաբաններին տանել խուզարկել դատարանների մուտքի առաջ, ապա իր հետ ես գնալու տեղ չունեմ»:

Բողոքելով դատարաններում իրականացվող խուզարկություններից, ինչպես նաև Փաստաբանների պալատից՝ երկու օր անց ավելի քան 180 փաստաբաններ պատրաստվում են մեկօրյա գործադուլ անել: Փաստաբանական հիմնական կառույցը նախագահող Զոհրաբյանն ասաց, որ ինքը գործադուլին չի մասնակցում, բայց որպես հանդիսատես պատրաստվում է ներկա լինել․ - «Այնպես չի, որ այս բողոքի ակցիան, որ փորձում են իրականացնել, ես չեմ փորձում սա ի նպաստ մեզ ծառայեցնել: Սա էլ է ճնշման ձև, և բոլորը հասկանում են, որ եթե մի խումբ փաստաբաններ այսպիսի աղմուկ են փորձել բարձրացնել, բա ինչ կլինի՝ եթե ամբողջ փաստաբանությունը միանա դրան»:

Չորս տարի առաջ Փաստաբանների պալատի նախագահի մրցակցային ընտրություններում Զոհրաբյանը հաղթել էր ստանալով ավելի քիչ՝ 713 կողմ ձայն, կամ ընդհանուր փաստաբանների 52 տոկոսի աջակցությունը: Այս անգամ այս ցուցանիշը հասել է 54 տոկոսի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG