Մատչելիության հղումներ

Ծառուկյանը չի բացառում կոալիցիան Հանրապետականի հետ


Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողովում զրուցում է լրագրողների հետ, արխիվ
Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողովում զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Խորհրդարանական «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ առաջիկայում իշխող Հանրապետականի հետ կարող է կոալիցիա կազմել: «Ազատության» հարցին ի պատասխան Ծառուկյանն ասաց, թե կյանքում ոչինչ չի բացառում:

Մինչդեռ, հիշեցնենք, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում ԲՀԿ-ականները վստահեցնում էին՝ Ծառուկյանը Հանրապետականի հետ որևէ պարագայում կոալիցիա չի կազմի: Ծառուկյանն էլ մանրամասնել էր՝ եթե կոալիցիա կազմողները կհամաձայնեն, որ իր 15 կետերը կատարվեն, ուրեմն՝ կկազմի, եթե չէ՝ ոչ մեկի հետ էլ չի կազմի:

«Բացառո՞ւմ եք, որ դուք Հանրապետականի հետ կոալիցիա կկազմեք», - այսօր «Ազատության» այս հարցին «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը արձագանքեց․ - «Ես կյանքում ոչ մի բան չեմ բացառում, բայց երբ որ լինի, ես ասում եմ՝ կարևորը՝ իմ խոսքը, խոստումը իմ ժողովրդին՝ ես դա պահելու եմ, պահպանելու եմ»:

Թեև Ծառուկյանը չի բացառում, որ Հանրապետականի հետ առաջիկայում կարող է կոալիցիա կազմել, սակայն այդպես էլ կոնկրետ պատասխան չի տալիս՝ արդյոք կցանկանա՞, որ 2018-ի ապրիլից հետո Սերժ Սարգսյանը որպես վարչապետ շարունակի պաշտոնավարումը: Ծառուկյանը պարբերաբար կրկնում էր, թե քանի որ ժողովրդի մեծամասնությունն իր ձայնը տվել է Հանրապետականին, ապա հենց այդ ուժն էլ կորոշի, թե ով է լինելու վարչապետը:

«Ազատություն»․ - Եթե Սերժ Սարգսյանը լինի վարչապետը, նա Ձեզ համար ցանկալի թեկնածո՞ւ է վարչապետի:

Ծառուկյան․ - Ուզում եմ «եթե»-ով հարցերին չպատասխանեմ, երբ համապատասխան Հանրապետական կուսակցությունը իր որոշումը կկայացնի, իր թեկնածուին կառաջարկի, այդ ժամանակ կասենք:

«Ազատություն»․ - Եթե ժողովուրդը ընդվզի Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, Դուք կկանգնե՞ք ժողովրդի կողքին:

Ծառուկյան․ - Ուրեմն, ես ասել եմ՝ օրենքի սահմանում, ժողովուրդը ընդվզող էր, թող ժողովուրդը այդ ժամանակ ձայնը տար ում հավատում էր, հավատացել է, տվե՞լ են․․․

«Ազատություն»․ - Հիմա, եթե այս դեպքում ընդվզի, Դուք կկանգնե՞ք ժողովրդի կողքին:

Ծառուկյան․ - Մենք, ամենակարևորը, նորից եմ ասում, էսօր պարոն Ծառուկյանը այնքան քաղաքական փորձ ունի, որ ցանկացած հարցի լիարժեք ձեր պատասխանները տալու է: Ես գիտեմ՝ լրագրողները ուզում են մի հատ ուրիշ վերնագիր գրեն ճչացող, որ կարդան, բայց տակը՝ դատարկ, բան չկա: Նորմալ հարցեր տվեք՝ ձեր հարցերին պատասխանեմ:

Քանի որ Գագիկ Ծառուկյանն այդպես էլ չհստակեցրեց՝ ի վերջո կո՞ղմ է, թե՞ դեմ Սերժ Սարգսյանի վարչապետ լինելուն՝ շեշտելով, թե դա Հանրապետականի որոշելու հարցն է, ընդդիմադիր առաջնորդին հարցրեցինք, թե իր անձնական ցանկությունը որն է:

«Եթե հնարավորություն չունես․․․ Հիմա մեծ ցանկություն դու ունես, ուզում ես աստղ դառնաս՝ ինչի՞ հիման վրա», - պատասխանեց ԲՀԿ առաջնորդը:

Ծառուկյանը հիշեցրեց, որ նախընտրական շրջանում համապատասխան ծրագիր էր ներկայացրել, ասում էր, որ պատրաստ է փրկել ժողովրդին, «միայն տվեք 50+1», բայց մարդիկ ընտրեցին Հանրապետականին:

Ծառուկյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե ընտրությունները կեղծվել են՝ ասելով․ - «Տվել ա իրա քուչի տղուն, տվել ա իրա գյուղապետին, տվել ա մարզպետին: Բայց ասեմ՝ նրանք խնդիր լուծող չեն: Տվեք՝ պահանջեք:

«Ազատության» հարցին, թե արդյոք տեսնում է իշխանափոխության հնարավորություն, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց․ - «Նոր ա անցել խորհրդարանական ընտրությունները, կատարվել ա ընտրություն, մարդիկ իրենց ձայնը տվել են: Հենց վերջանում ա՝ թեժ աշուն, թեժ գարուն․․․ Ժողովուրդը իրա ձայնը տվել ա, էսօր ժողովուրդն էլ պետք է պահանջի: Եվ ամբողջ Հանրապետականն էլ պարտավոր է պատասխանատու լինել երկրի զարգացման, տնտեսության բարգավաճման, ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու [համար]»:

Ուշագրավ է, որ խորհրդարանում մեծությամբ երկրորդ, ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավարը դրական գնահատեց վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության մեկ տարին: Ավելին, ԳագիկԾառուկյանը շեշտեց, որ Կարապետյանն իր ընկերն է, իսկ «ընկերոջ մասին կարծիք ասելը կոռեկտ չէ»: Ապա թվարկեց Կարեն Կարապետյանի ձեռքբերումները․ - «Երբ որ մենք իրար հետ հանդիպում ենք, ես ասում եմ բացասականն էլ, դրականն էլ․․․ Այսօր դրականը նկատելի է, որ 25-30 տոկոսը՝ բանկի տոկոսները դառել ա 8-10 տոկոս, և այսօր Հայաստանում տուրիստների քանակի աճը 25 տոկոսից ավել է»:

Հարցին, թե կկարողանա արդյոք Հայաստան բերել նախընտրական շրջանում իր խոստացած ներդրումներից գոնե մի մասը, ԲՀԿ ղեկավարը պատասխանեց, թե միշտ արել է, անում է և անելու է, և ինչ որ անում է, անում է ամենալավը:

Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի ընթացքում խոստացել էր ընտրվելու դեպքում եվրոպացի գործընկերների օգնությամբ 15 միլիարդ դոլարի ներդրում անել Հայաստանում։

«Եթե դուք ուշադիր լինեք, Ծառուկյանը միշտ արել ա, անում ա, անելու ա․․․ Ներդրողներ էլ ենք բերելու, անում ենք էլ, կառուցում ենք էլ մեր երկրի, մեր ժողովրդի համար: Ծառուկյանը այս երկրում ծնված մարդ ա, իր երկրից հեռու չի գնալու: Սիրում եմ իմ երկիրը, իմ ժողովուրդը, և ինչ որ անում ենք, անում ենք ամենալավը», - հայտարարեց նա:

Գագիկ Ծառուկյանը նաև խուսափեց միանշանակ ասել՝ դե՞մ, թե՞ կողմ է Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու ընդդիմադիր «Ելք» խմբակցության առաջարկին: Ասաց՝ թող ներկայացնեն, կքննարկենք․ - «Բայց մենք ի՞նչ, ավելի լավ առաջա՞րկ ունենք ուրիշ երկրների կողմից: Որ ինչ-որ ավելի մեծ ներդրումներ կլինեն, տարեկան 4 միլիարդ կդնեն, որ ժողովրդի վիճակը կլավանա, անվտագությունը ավելի ապահով կլինի․․․ Պետք է լինի, որ քննարկենք: Եվ հնարավոր ա, որ մենք այլ կերպ անդրադառնանք․ երևի մենք ԵԱՏՄ-ի հնարավորությունները ճիշտ չենք օգտագործում, 200-միլիոնանոց շուկա է․․․ կարելի ա էդ հարցն էլ քննարկել․․․ Եվ ոչ թե աչքի տեղը ունքն էլ հանենք»:

Հավելենք, որ Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև Ազգային ժողովի նիստերից իր մշտական բացակայություններին՝ բացատրելով, թե պարտադիր չէ գալ և 8 ժամ նստել խորհրդարանում:

Հիշեցնենք, ըստ «Պառլամենտ մոնիտորինգի» ուսումնասիրությունների, անցած գումարման Ազգային ժողովի 5 տարիների ընթացքում ԳագիկԾառուկյանը ընդամենը 2 նիստի է մասնակցել և բացակայությունների թվով ճանաչվել բացարձակ ռեկորդակիր:

«Ես միշտ գալու եմ, գալիս եմ, գնում եմ․․․ դա միայն կապ ունի զբաղվածությունը, թե չէ միշտ էլ մեր ֆրակցիայի հետ մենք հանդիպում ենք, հարցերը քննարկում ենք: Կարևոր չի, որ անպայման պետք է գաս, 8 ժամ նստես: Կարևորը հիմնական՝ պետք է արդյուքն լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG