Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն առաջարկել է հոգևոր առաջնորդների հանդիպում անցկացնել հայ-ադրբեջանական սահմանին: Այդ մասին Փաշա Զադեն ասել է ադրբեջանական APA գործակալությանը` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ նախօրեին Մոսկվայում կայացած հանդիպումից հետո:
«Մենք համաձայնեցինք, որ պետք է առավել ակտիվ լինել այս հարցում», - ասել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահը` տեղեկացնելով` առաջարկել է նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի հոգևոր առաջնորդների միջնորդական խումբ ստեղծել, որը կաջակցի դիակների փոխանակմանը, գերիների վերադարձին ու հրադադարի պահպանմանը:
«Առայժմ սա միայն առաջարկ է, որը ես ներկայացրի Պատրիարք Կիրիլին, վերջինս խոստացավ հարցը քննարկել հայկական կողմի հետ»,- ասել է շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն:
Երեք հոգևոր առաջնորդները, ռուսական կողմի նախաձեռնությամբ նախօրեին հանդիպել էին Մոսկվայում և համատեղ հայտարարություն ընդունել` հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության վերաբերյալ: