Մատչելիության հղումներ

Գորիսի համայնքապետը հրաժարական է տվել, մարզպետարանում հերքում են հակասությունների մասին պնդումները


Գորիս, արխիվ
Գորիս, արխիվ

Գորիսի համայնքապետ Վաչագան Ադունցը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազատության» հետ զրույցում հաստատելով այս տեղեկությունը, հանրապետական Ադունցը հրաժարվեց խոսել պաշտոնը թողնելու պատճառների մասին։ Մի քանի լրատվամիջոցներ այսօր գրել էին, որ Գորիսի ղեկավարի և Սյունիքի մարզպետի միջև լուրջ հակասություններ կան։

Գորիսը երեք տարի ղեկավարած Վաչագան Ադունցի հրաժարականի պատճառների մասին հրաժարվեց խոսել նաև նրա խոսնակ Արև Աբելյանը՝ միայն նշելով, որ աշխատանքից ազատվելու մի դիմում էլ ինքն է գրել։ «Պատճառների մասին ոչինչ չեմ կարող ասել։ Աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել նաև ես, այդ պատճառով ոչինչ չեմ կարող ասել, ուղղակի կասեմ, որ ադունցյան ձեռագիրը դեռ կերևա»:

50-ամյա Ադունցը Գորիսի քաղաքապետ էր ընտրվել 2014-ին, 2016-ին՝ համայնքների խոշորացման ժամանակ, երբ Գորիսին մի քանի գյուղեր միացան քաղաքին, նա վերընտրվեց, դառնալով համայնքապետ։ Ադունցն այդ ժամանակ մրցակից չուներ։ Ըստ «Հայկական ժամանակ» պարբերականի՝ Ադունցն ու Սյունիքի մարզպետ, իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Վահե Հակոբյանը լարված հարաբերություններ ունեն, ինչն էլ հրաժարականի պատճառ է դարձել։

Մինչդեռ, Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանն «Ազատության» հետ զրույցում «անլուրջ» որակեց այս տեղեկությունները։ «Այո, և՛ հիմա, և՛ մի քանի ամիս առաջ, նման խոսակցություններ են ծավալվում, այն ժամանակ էլ մեկաբանեցինք, որ անլուրջ ենք գնահատում, քանի որ մարզպետը չի կարող պահանջել քաղաքապետի հրաժարականը: Առողջական պատճառներ են նշված քաղաքապետի հրաժարականի պատճառաբանության մեջ: Հիմքեր չունենք դրան չհավատալու և համայնքապետի գործունեությանն առհասարակ գնահատական տալուց զերծ ենք մնում, կարծում եմ՝ աշխատանքի օբյեկտիվ գնահատականը կարող է տալ գորիսեցին»,- ասաց Սաղաթելյանը:

Հարցին՝ արդյո՞ք լարված են եղել Գորիսի համայնքապետի և մարզպետի հարաբերությունները , Վազգեն Սաղաթելյանը պատասխանեց. «Առհասարակ, Վահե Հակոբյանի կողմից չկա անձնավորված մոտեցում որևէ մեկի հանդեպ, մենք ունենք աշխատանքային հարաբերություններ: Բազմաթիվ անգամներ ասել ենք, որ Գորիսում լինելու ցանկությունը մեծ է, սակայն մարզը իրապես մեծ է և միշտ չէ հնարավոր՝ այն հաճախականությամբ այցելել Գորիս, որի ցանկությունը կա: Բայց վերջին ամիսների ընթացքում մարզպետ Վահե Հակոբյանը բազմիցս այցելել է Գորիս աշխատանքային այցով և այդ խոսակցությունները հիմնավորված չեն»։

«Ազատության» հետ զրույցում որոշ գորիսեցիներ կարծիք հայտնեցին, որ համայնքապետի հրաժարականը վատ աշխատանքով է պայմանավորված, ոմանց կարծիքով էլ՝ Ադունցը սովորականի պես աշխատել է, սակայն «վերևներում թույլ չեն տվել շարունակել պաշտոնավարումը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG