Մատչելիության հղումներ

Գյումրիի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ևս դադարեցրեց բոյկոտը


Գյումրիի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Գյումրիի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ևս դադարեցրեց գրեթե մեկ տարի շարունակված բոյկոտը և սեպտեմբերի 12-ից կմասնակցի քաղաքային խորհրդի աշխատանքներին։ Ավելի վաղ բոյկոտը դադարեցրել էին նաև ավագանու մանդատների բաշխման կարգից դժգոհ մյուս երկու խմբակցությունները՝ «Հայկական վերածնունդն» ու «Գալան»։

Ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Սուսաննա Աստոյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բոյկոտը դադարեցնելու հարցը համաձայնեցրել են կուսակցության ղեկավարության հետ: ԲՀԿ խմբակցությունն, այդուհանդերձ, հանդես կգա որպես ընդդիմություն։ Արդյո՞ք սա նշանակում է, որ ինչպիսի նախագիծ էլ ներկայացնի մեծամասնություն ունեցող «Բալասանյան» դաշինքը, ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու: «Իհարկե ոչ, եթե կան ի նպաստ Գյումրիի նախաձեռնություններ, մենք էլ կողմ կլինենք»,- ասաց Սուսաննա Աստոյանը:

Իշխող Հանրապետականի աջակցությունը վայելող ու 17 մանդատ ունեցող «Բալասանյան» դաշինքը մոտ մեկ տարի ցանկացած նախագիծ հեշտությամբ կարողանում էր հաստատել ավագանիում։ Մյուս երեք խմբակցությունները միասին 16 մանդատ ունեն։ Անցած տարի հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում Հանրապետականի ու քրիստոնեա-դեմոկրատների կազմած «Բալասանյան» դաշինքն ավելի քիչ ձայներ էր հավաքել, քան 3 ընդդմադիր ուժերը միասին։ Ընտրություններից հետո, սակայն, ՀՎԿ-ից ու ԲՀԿ-ից մեկական մանդատ բոնուսային կարգով բաժին հասավ «Բալասանյան» դաշինքին, որն այդպիսով մեծամասնություն կազմեց, քաղաքապետի պաշտոնն էլ երկրորդ անգամ ստանձնեց Սամվել Բալասանյանը:

ԲՀԿ-ն, «Գալան» ու ՀՎԿ-ն բոյկոտեցին ավագանու աշխատանքը և դիմեցին դատարան՝ բողոքարկելով մանդատների բաշխման կարգը: Սահմանադրական դատարանում հաջողության չհասնելով՝ 3 ուժերը պայմանավորվել էին, որ ամեն մեկն արդեն ինքնուրույն որոշում կկայացնի բոյկոտը շարունակելու կամ դադարեցնելու հետ կապված: Հիմա, երբ բոլոր ընդդիմադիր խմբակցությունները որոշել են մասնակցել ավագանու աշխատանքներին, ԲՀԿ խմբակցության քարտուղարի խոսքով՝ նախագծեր անցկացնելը «Բալասանյան» դաշինքի համար կդժվարանա․ «Մենք հանդես ենք գալու որպես ընդդիմություն, դա նշանակում է, որ կլինի բազմակարծություն և ավելի առողջ քննարկումներ»:

Հարցին՝ արդյո՞ք բոյկոտը դադարեցրած երեք ուժերը քննարկել են ավագանիում իրենց հետագա համագործակցության հարցը, Սուսաննա Աստոյանը պատասխանեց՝ «դեռ նման քննարկումներ չեն եղել, բայց համատեղ քննարկումներն իհարկե հնարավոր են»:

Գյումրիի քաղաքապետն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ողջունել էր «Գալայի» և ՀՎԿ-ի կողմից բոյկոտը դադարեցնելու որոշումը։ «Թող գան, աշխատեն: Ինչքան աշխատեն, ինչքան ընդդիմադիր կեցվածքով լինեն, այդքան օգուտ կբերեն և՛ ինձ, և՛ քաղաքի բնակչին»,- ասել էր Սամվել Բալասանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG