Մատչելիության հղումներ

Սեֆիլյանի աջակիցները փորձեցին խոչընդոտել հանրային պաշտպանի մուտքը դատարան, նիստը հետաձգվեց


Ոստիկանները քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին հեռացնում են հանրային պաշտպանի մեքենայի առջևից, 8-ը սեպտեմբերի, 2017 թ․

Զինված խմբեր ստեղծելու մեջ մեղադրվող ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանին դատարանի կողմից պարտադրված հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը կդադարեցնի իր լիազորությունները, եթե Սեֆիլյանը դատարանում նման պահանջ ներկայացնի: Այսօր Թովմասյանն «Ազատությանն» ասաց, որ ինքը հիմա չի կարող դուրս գալ գործի քննությունից, ինչպես պահանջում են Սեֆիլյանի կողմնակիցները:

«Ես մասնակցում եմ դատական նիստին, որովհետև Սեֆիլյանը և Պողոսյանը հեռացված են նիստերի դահլիճից: Երբ բերվեն [դահլիճ] և նույնիսկ իրենց ցանկությամբ ընտրած պաշտպանների բացակայությամբ շարունակեն իրենց շահերի պաշտպանությունն իրականացնել, արդեն ոչ թե իրենց ցանկությամբ, այլ օրենքի ուժով պետք է դադարեցվեն իմ լիազորությունները»,- ասաց Թովմասյանը, այդուհանդերձ հավելելով․ «Եթե դատարանը չընդունեց, իմ իրավասությունները չեն դադարեցվի»:

«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի ու այլոց գործով հերթական դատական նիստն այսօր հետաձգվեց՝ ամբաստանյալ Հրայր Թոփչյանի պաշտպանի բացակայության պատճառով: Այսօր ընդհանրապես թույլ չտրվեց տեսախցիկներով մուտքը նիստերի դահլիճ: Առավել ակտիվ գործողություններ էին ծավալվում դատարանի շենքի առջև, որտեղ իրեն բնորոշ՝ գետնին պառկած դիրքով հերթական բողոքի ակցիան էր իրականացնում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:

Նա պահանջում էր, որ հանրային պաշտպան Մարինե Թովմասյանն առանց Ժիրայր Սեֆիլյանի և այս գործով անցնող մեկ այլ մեղադրյալ Ներսես Պողոսյանի համաձայնության՝ չիրականացնի նրանց պաշտպանությունը: «Նրանք դատախազության նույն ֆունկցիաներն են կատարում, նրանք իրավունք չունեն իրենց պաշտպան կոչելու»,- «Ազատությանն» ասաց Գասպարին:

Դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար դահլիճից հեռացված Սեֆիլյանն ու Սաֆարյանը չեն մասնակցում իրենց գործով տեղի ունեցող արդեն վեցերորդ դատական նիստին: Ամբաստանյալների բացակայության պայմաններում նիստերին չեն մասնակցում նաև նրանց շահերի ներկայացուցիչները, ինչի պատճառով էլ շուրջ մեկ ամիս առաջ, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի որոշմամբ, Ժիրայր Սեֆիյանի ու Ներսես Պողոսյանի շահերը ներկայացնելու համար գործում, իբրև հանրային պաշտպան, ներգրավվեց Մարինե Թովմասյանը։

Նա «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ քանի որ Սեֆիլյանը հրաժարվում է իր ծառայությունից, ինքը նրա շահերը չի ներկայացնի, բայց կարող է բացառապես ֆիզիկական ներկայություն ապահովել՝ դրանով, ըստ էության, ապահովելով նաև դատավարության անխափան ընթացքը: Սեֆիլյանի աջակիցների, մասնավորապես, Վարդգես Գասպարիի շարունակական բողոքները փաստաբանի պնդմամբ՝ էական չեն:

«Ես չեմ ճանաչում՝ ով է Վարդգես Գասպարին, չեմ էլ ուզում ճանաչել: Իր ակցիաներն ինձ բացարձակ չեն հետաքրքում, որովհետև նա չի կարող որևէ ձևով խոչընդոտել իմ մասնագիտական գործունեությունը»,- ասել էր Մարինե Թովմասյանը: Քաղակտիվիստ Գասպարին ու Սեֆիլյանի մի քանի այլ աջակիցներ այսօր փորձում էին խոչընդոտել Թովմասյանի մեքենայի մուտքը դատարանի տարածք, նույնը կրկնվեց նաև նիստից հետո: Փորձելով պառկել հանրային պաշտպանի մեքենայի առաջ՝ Գասպարին սկսեց վիճաբանել ոստիկաններից մեկի հետ՝ պնդելով, որ իրեն հայհոյել են: Ոստիկանն անպատասխան չթողեց Գասպարիի խոսքերը:

Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ ոտքի չկանգնելու համար դահլիճից հեռացնելու 10-ժամյա ժամեկտը սպառվում է արդեն հաջորդ նիստին, և Սեֆիլյանը պետք է դրան մասնակցելու հնարավորություն ունենա: Ըստ փաստաբանի՝ դատավարության չորս ամիսներից հետո այժմ կարիք կա «ամեն ինչ սկսելու սկզբից»:

Ըստ դատարանում ներկայացված մեղադրանքի՝ ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանը 2015 թվականի ապրիլի 24-ին չհաջողելով զանգվածային անկարգություններ իրականացնել՝ չի հրաժարվել հանցավոր մտադրությունից, զինված խմբեր է ստեղծել՝ ռազմավարական նշանակության շենքեր գրավելու համար, որպեսզի պետությանը պարտադրեր որոշակի գործողություններ: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մեկ շաբաթից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG