Մատչելիության հղումներ

Էրդողանը «Թուրքիայի դեմ ուղղված քայլ է» է համարում նախկին թուրք նախարարին մեղադրանքի առաջադրումը ԱՄՆ-ում 


Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը թուրքական պետության դեմ ուղղված քայլ է որակել ԱՄՆ դատախազության կողմից Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Մեհմեդ Զաֆեր Չաղլայանին մեղադրանքի առաջադրումը։

«Սա հնարավոր չէ գնահատել իրավական տրամաբանության շրջանակում։ Այս քայլերը ամբողջությամբ քաղաքական են։ Հուսով եմ, հնարավորություն կունենանք այս հարցը քննարկել այնտեղ, ԱՄՆ-ը պետք է վերանայի իր որոշումը։ Այս գործերից շատ վատ հոտ է գալիս», -հայտարարել է Էրդողանը՝ հիշատակելով նաև նույն գործով մեղադրվող իրանական ծագումով թուրք գործարար Ռեզա Զարաբի և թուրքական պետական «Հալք» բանկի կառավարչի տեղակալ Մեհմեդ Հաքան Աթիլայի անունները։

Միացյալ Նահանգների դատախազությունը նախօրեին մեղադրանք էր առաջադրել Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Մեհմեդ Զաֆեր Չաղլայանին ամերիկյան պատժամիջոցները շրջանցելով Իրանին գաղտնի օգնություն ցուցաբերելու համար։

Մանհեթանի շրջանային դատարանի մեղադրական եզրակացության համաձայն, թուրք նախկին նախարարը միլիոնավոր դոլարների կաշառքի և ոսկերչական իրերի դիմաց աջակցել է, որպեսզի Իրանը կարողանա փոխանցումներ կատարել Միացյալ Նահանգների ֆինանսական համակարգի միջոցով՝ շրջանցելով Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները:

Թուրքիայի նախագահը անդրադարձել է նաև անցած շաբաթ իր 15 թիկնապահներին մեղադրանք առաջադրելու Վաշինգտոնի դատարանի որոշումը՝ ասելով․ - «Վաշինգտոնում ԱՄՆ-ի անվտանգության ուժերի անգործությունը այդ վատ հոտի արտահայտումն է։ Կարող ես մեծ պետություն լինել, բայց արդար պետություն լինելն ուրիշ բան է։ Սա է խնդիրը։ Արդար պետություն լինելը սկսվում է արդար իրավական համակարգից»։

Մայիսին, հիշեցնենք, Թուրքիայի նախագահի Վաշինգտոն այցի ժամանակ նրա համակիրները և թիկնազորի անդամները հարձակվել էին այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների՝ հայերի, քրդերի, հույների վրա, և դաժան ծեծի ենթարկել նրանց: Ավելի վաղ, Թուրքիայի նախագահը իսկական սկանդալ էր որակել իր թիկնապահներին ատելության հողի վրա հարձակում գործելու մեղադրանքը:

Ղազախստան մեկնելուց առաջ կայացած ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են նաև, թե ինչ է կարծում Էրդողանը Եվրամիության երկրների առաջնորդների՝ մասնավորապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ «Թուրքիան ԵՄ անդամ չպետք է դառնա» և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի՝ «Թուրքիան կարևոր գործընկեր է» հակասական հայտարարությունների մասին։

«Այդ հայտարարությունները նորություն չեն։ Եվրամիությունը 15 տարի է նման հայտարարություններ է հնչեցնում», - ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է նաև Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին ընդառաջ իր վարչակարգի ծրագրերին․ - «Այսուհետ մեր նպատակը 2023 թվականն է։ 2023-ին Թուրքիան թե սոցիալապես, թե տնտեսապես և թե այլ ոլորտներում բոլորովին այլ տեղում կգտնվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG