Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում այսօր շարունակվել է Եվրամիության և գործընկեր պետությունների արտաքին գործերի նախարարների, Եվրամիության կառույցների ղեկավարների երկօրյա ոչ պաշտոնական հանդիպումը: Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ Տալինի հանդիպմանը մասնակցելու է նաև Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հանդիպման հիմնական օրակարգային թեմաներից են Հյուսիսային Կորեային և Թուրքիային առնչվող զարգացումները: Նախօրին Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները համաձայնել էին նոր պատժամիջոցներ սահամանել Փհնեյանի նկատմամբ՝ միուջուկային հզոր զենքի վերջին փորձարկումից հետո ավելացնելով միջազգային ճնշումն այդ երկրի վրա:
Թուրքիայի կառավարությունում Եվրամիության հետ հարաբերությունների հարցերով նախարար Օմեր Չելիքը ԵՄ ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսին հայտարարել է՝ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների սառեցումը կամ դադարեցումն «անընդունելի է»: «Եվրամիության երկրների սխալ քայլերը կարող են վնասել ինտեգրմանը և նպաստել ծայրահեղականության աճին»,- նաև նշել է թուրք նախարարը: Անցած շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելեն ասել էր, որ ԵՄ-ի՝ հոկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում առաջարկելու է քննարկել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները դադարեցնելու հարցը: Նրա այդ հայտարարությունն առաջացրել էր Անկարայի բուռն արձագանքը:
Տալլինում կայացած քննարկումներում ԵՄ որոշ երկրների ներկայացուցիչներ պաշտապանել են Անկարայի հետ հարաբերությունները շարունակելու մոտեցումը: Ըստ թուրքական «Դեյլի Սաբահի» հրապարակման, նման մոտեցման կողմնակիցն են, մասնավորապես, Իռանդիան և ԵՄ-ից հեռանալու ճանապարհին գտնվող Մեծ Բրիտանիան: ՄԲ արտգործնախարար Բորիս Ջոնսոնն ասել է, թե Թուրքիան ծանր ժամանակներ է ապրում․ «Մենք չպետք է Թուրքիային հեռու վանենք, այն ռազմավարական առումով կարևոր երկիր է մեզ համար»: Իռլանդիայի արտգործնախարարն էլ Անկարայի հետ երկխոսությունը շարունակելու և ապագայում Թուրքիայի անդամակցության հեռանկարը պահպանելու կոչ է արել:
Վերջին երկու օրերին Տալլինում տեղի ունեցան ԵՄ անդամ երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հավաքները: ԵՄ-ում այժմ նախագահում է Էստոնիան: