Մատչելիության հղումներ

Այսօր հրավիրած ասուլիսում այս տարի կազմավորված կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ցանցային պայքար են սկսում, որին մասնակցելու են Հայաստանի խոշոր քաղաքների բնակիչները։

«Միայն օպերայի մոտ չէ, որ պետք է լինի այդ ըմբոստությունը և բողոքը: Բողոքը պետք է ներառի իր մեջ և՛ Հայաստանի Հանրապետության քաղաքները և գյուղերը, և՛ իհարկե բոլոր այն քաղաքները, որտեղ մենք ունենք հայաշատ բնակչություն: Սփյուռքի քաղաքները նույնպես պետք է ներգրավված լինեն: Մենք պետք է դառնանք մեկ քաղաքական մարմին», - հայտարարեց Փոստանջյանը:

Ազգային ժողովի նախկին պատգամավորի խոսքով՝ ամեն ինչ պետք է հասցնել մինչև 2018 թվականը՝ երբ կլրանա Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, ու Հայաստանը անցում կկատարի լիարժեք խորհրդարանական կառավարման, իսկ երկրի ղեկավար կդառնա վարչապետը:

Ըստ ընդդիմադիր գործչի, Սարգսյանը վարչապետ չպետք է դառնա․ - «Նրա տեղը, իհարկե, քրեակատարողական հիմնարկն է, և դրան պետք է նաև ուղղված լինեն մեր գործողությունները: Ոչ միայն իր տեղը, այլ նաև բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում՝ քառորդ դար ուղղակի ձախողել են ամեն ինչ: Ոչ միայն ձախողել են քաղաքականությունը, այլև քրեական հանցագործներ են նրանք: Այսօր մեկուկես միլիոն արտագաղթը իհարկե ներելի չէ, այսօր շուրջ 30 միլիոն դոլար ապօրինի հանելը մեր երկրից, դա իհարկե ներելի չէ»:

Փոստանջյանը ասաց, որ առաջիկայում Հայաստանի նախագահի դեմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու իրավապահներին, քանի որ, ընդդիմադիր գործչի պնդմամբ, հենց նա է մեղավոր բազմաթիվ արատավոր երևույթների համար․ - «Պատրաստ է նաև հաղորդումը հանցագործության մասին, որով մենք մեղադրում ենք Սերժ Սարգսյանին նաև դավաճանության մեջ, որովհետև քառօրյա պատերազմի հիմնական և առաջին պատասխանատուն հենց ինքն է: Եվ այդ երիտասարդ կյանքերը, քսանամյա մեր երիտասարդները, ովքեր իրենց կյանքի գնով ուղղակի կանխեցին աղետը․․․ իրեն պետք է մենք նաև դրա համար պատասխանատվության ենթարկենք»:

«Երկիր Ծիրանի»-ի առաջնորդը ասաց, որ իրենց հրապարակային են գործելու և բոլոր քայլերի մասին ժողովրդին տեղյակ են պահելու։

Փոստանջյանը հատկապես կարևորում է այս պայքարում սփյուռքի մասնակցությունը․ - «Մեր զգալի մասը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգալի մասը այսօր, ովքեր որ անկախ են ինքնաբավ են, ապրում են Հայաստանի Հանրապետությունից դուրս»:

«Ազատության» հարցին, թե ինչպես է համոզելու, որ ժողովուրդը փողոց դուրս գա, Փոստանջյանը պատասխանեց, թե իրենք այնպես են անելու, որ քաղաքացիները իրենք ցանկանան դուրս գալ պայքարի․ - «Իհարկե, մարդիկ հիասթափված են, իհարկե, մարդիկ կորցրել են հավատը, իհարկե, մարդիկ ապրում են ծայրահեղ սոցիալապես դժվարին պայմաններում, անմխիթար պայմաններում: Բայց դա մեզ չի կաշկանդում, որ մենք չհավատանք ինքներս մեզ, մեր ուժերին, և չհավատանք մեր հինավուրց ազգի և՛ հերոսությանը, և՛ կամքին, որ նա ցանկանում է ունենալ ազատ, անկախ և միացյալ Հայաստան»:

Արդեն մեկ շաբաթից՝ սեպտեմբերի 15-ին, Փոստանջյանի գործողությունների ծրագիր կհրապարակի, և ըստ դրա էլ կտանեն պայքարը։

Ընդդիմադիր այլ ուժերի հետ չեն համագործակցի: Նրա խոսքով, այդ դաշտում գործընկերներ չունեն և չգիտի էլ, թե ով ինչով է զբաղվում:

«Ժառանգության» նախկին անդամի գլխավորած «Երկիր Ծիրանի»-ն հիշեցնենք, այս տարի մասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին և ստացավ 5 մանդատ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG