Մատչելիության հղումներ

«Տղամարդավարի ասել ես, մի՛ դարձիր». Արամ Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանին


Արամ Սարգսյան, 8-ը սեպտեմբերի, 2017 թ․

Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու ծրագիրը խափանելու հարցն առայժմ ընդդիմադիր «Ելք» դաշինքի օրակարգում չէ: Փոխարենը «Ելքի» օրակարգում է Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու հարցը: Ընդդիմադիր ուժն այսօր ծավալուն մի փաստաթուղթ է հրապարկել՝ որում ներկայացրել է Ռուսաստանի գլխավորած տնտեսական այդ միությունից դուրս գալու հիմնավորումները:

Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու ծրագիրը խափանելու հարցն ընդդիմադիր «Ելք» դաշինքի օրակարգում չէ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում շեշտեց խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, միաժամանակ շեշտելով՝ «Ելքի» համար միանշանակ անընդունելի է Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումը վարչապետի պաշտոնում:

Սակայն, քանի դեռ Սարգսյանը նման մտադրության մասին չի հայտարարել , ենթադրությունների հիման վրա իրենք քայլեր ձեռնարկել չեն կարող, ասում է «Ելք»-ի ղեկավար անդամը: Հիշեցնենք՝ անցած հունիսին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վարչապետի պաշտոնում իշխանությունը երկարաձգելու՝ Սերժ Սարգսյանի հնարավոր ծրագրերին, հայտարարել էր, թե Հանրապետականը ետ կկանգնի այդ քայլից, եթե տեսնի, որ ժողովուրդը պատրաստ է դուրս գալ փողոց: Արամ Սարգսյանն էլ հավելել էր՝ անհրաժեշտության դեպքում իրենք պատրաստ են մոբիլիզացնել ժողովրդին՝ Սերժ Սարգսյանի այդ ծրագիրը խափանելու համար:

«Այս փուլում, քանի դեռ Սերժ Սարգսյանը չի հայտարարել, որ ինքը միանշանակ նման մտադրություն ունի, քան դեռ այդ ամենը ենթադրություններ են, ավելին ասել, ավելին անել մենք չենք կարող: Մենք լուրջ քաղաքական ուժ ենք և կոնկրետ փաստերից կարող ենք հետևություններ անել: Հիմա ով կասի, որ այսօրվանից գործընթաց է պետք սկսել՝ մոբիլիզացնելու, համախմբելու, ես դա չեմ ընդունի, ես դրան չեմ հավատում: Ինչու, որովհետև ես բազմաթիվ անգամներ, գոնե երկու անգամ, անցել եմ այդ պրոցեսով ևարդյունքի չեմ հասել: Հանրությունն ինքը որոշակի իմպուլսներ պիտի տա: Մենք 100 հազար և ավելի մեզ քվե տված մարդիկ ունենք, և չենք կարող եթեների վրա պլաններ կառուցնել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը:

Նա նշեց նաև, թե շատ է ուզում, որ Սերժ Սարգսյանն այս անգամ պահի իր խոստումը և, ինչպես հայտարարել էր 2015 թ․ կայացած սահմանադրական հանրաքվեից առաջ, չդառնա ո՛չ վարչապետ, ո՛չ Ազգային ժողովի նախագահ, ո՛չ էլ նախագահ․ Հայաստանը չի կարող հետևել Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ադրբեջանի օրինակին:

Հակադարձելով իր գործընկերոջ՝ Գևորգ Գորգիսյանի այն հայտարարությանը, թե տարբերություն չկա՝ Հանրապետականից ով կլինի վարչապետ՝ Սերժ Սարգսյանը, թե Արմեն Աշոտյանը, Արամ Սարգսյանը շեշտեց՝ տարբերությունը շատ մեծ է, քանի որ Ադրբեջանից Հայաստանը ցավոք միայն մի բանով է շահեկանորեն տարբերվում՝ «մեր երկրում գոնե իշխանությունը փոխվում է»: Եթե նույնը տեղի ունենա նաև Հայաստանում, ինչն արվեց Լեռնային Ղարաբաղի պարագայում, ապա, ըստ Արամ Սարգսյանի, դա շատ բացասաբար կազդի երկրի հեղինակության վրա:

«Ղարաբաղի հարց ունեցող երկրում այդ կարգի խնդիրներ դնելը կատեգորիկ սխալ է: Ես շատ կուզենամ, որ Սերժ Սարգսյանը սա հասկանա: Գործող նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական հանրաքվեի ողջ քարոզարշավի ժամանակ չէր ալարում և անընդհատ կրկնում էր, որ այդ հանրաքվեն իր վերարտադրության համար չէ, ինքը բացարձակ նման նպատակ չունի, և դա ուղղակի Հայաստանի ժողովրդավարության համար է: Ասում էր, որ ինքը ոչ վարչապետ, ոչ Ազգային ժողովի նախագահ, ոչ էլ նախագահ կդառնա: Ես շատ եմ ուզում, որ Սերժ Սարգսյանն այս անգամ պահի իր խոստումը:

Տղամարդավարի ասել ես, որ չես դառնալու, մի՛ դարձիր: Ու եթե Սերժ Սարգսյանը դա առաջարկի [որ պաշտոն է զբաղեցնելու], դուրս կգա, որ ինքն այդ քարոզարշավի ժամանակ խաբել է ժողովրդին: Եթե խաբել է ժողովրդին, ուրեմն այդ հանրաքվեն հանրաքվե չի, ուրեմն այդ Սահմանադրությունն էլ իր էությամբ, թեև էլի կասկածելի էր, կրկնակի կասկածելի կդառնա»,- ասաց Արա Սարգսյանը:

Վերջինիս ամփոփմամբ, այս փուլում «Ելք» դաշինքի թիվ մեկ խնդիրն է՝ ցույց տալ այն վտանգները, որոնք կառաջանան Սերժ Սարգսյանի՝ «երրորդ անգամ առաջադրվելու պարագայում»: «Այսօր դրանից ավելին ասելը քաղաքական ուժի համար սխալ եմ համարում: Այդ պատճառով այդ հարցն այսօր մեր օրակարգում չէ»,- ընդգծեց Արամ Սարգսյանը:

Փոխարենն այժմ «Ելքի» օրակարգում է Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու հարցը: Ընդդիմադիր ուժն այսօր ծավալուն մի փաստաթուղթ է հրապարկել՝ որում ներկայացրել է Ռուսաստանի գլխավորած տնտեսական այդ միությունից դուրս գալու հիմնավորումները: Մասնավորապես, ըստ «Ելքի», ԵՏՄ-ին միանալու արդյունքում Հայաստանը մի շարք ոլորտներում հետընթաց է արձանագրել: Անդամակցության 3 տարիներին Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով կրճատվել է 8 տոկոսով: Զբաղվածության մակարդակը նվազել է 13 տոկոսով, իսկ միջազգային պահուստները կրճատվել են 40 տոկոսով: Հայաստանի պետական պարտքն էլ, ըստ հիշյալ փաստաթղթի, աճել է 10 տոկոսով:

Փաստաթուղթն արձանագրում է նաև, որ ԵՏՄ-ին անդամակցությունը սահմանափակում է 3-րդ երկրների, այդ թվում Հայաստանի անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ տնտեսական հարաբերությունները: «Ելքը» շեշտում է՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո չի ամրապնդվել նաև Հայաստանի անվտագությունը: Ավելին՝ ԵՏՄ անդամ պետությունները չեն նպաստում ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը՝ բարձրագույն մակարդակներով հանդես գալով ի պաշտպանություն «Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության»:

Իսկ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանն էլ շարունակում է զինել Ադրբեջանին՝ մատակարարելով այդ երկրի հարձակողական զենքի և զինամթերքի 85 տոկոսից ավելին: Որպես հետևանք, Հայստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, 1994 թվականից ի վեր, հայկական կողմն առաջին անգամ 2016-ի ապրիլյան քառոօրյա պատերազմում «էական տարածքային կորուստներ է ունեցել»,- նշում է «Ելք»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG