Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 1-ից ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացիները պարտավոր են սոցիալական ծառայության համապատասխան ստորաբաժանումներ ներկայացնել ընտանիքի բացակա անդամի գտնվելու վայրի մասին տեղեկանք: Այս կարգը մտցվել է՝ պարզելու, թե արդյոք նպաստ ստացող ընտանիքի անդամներից որևէ մեկը մեկնել է արտագնա աշխատանքի, և նպաստ ստացող ընտանիքն ինչ եկամուտ է ստանում:

Գյումրեցի Աիդա Դիլանյանը երկու երեխաներին պահում է արտագնա աշխատանքի մեկնած ամուսնու ուղարկած գումարով և անապահովության նպաստով: Լսել է, որ փոփոխություններ են տեղի ունեցել ընտանեկան նպաստի համակարգում և մտահոգ է, որ դրանք կարող են բացասաբար անդրադառանալ իր ընտանիքի վրա․ բավական չէ ամուսինը «խոպանից» միշտ չէ, որ գումար է ուղարկում, հիմա էլ նպաստից կարող է զրկվել․ - «Մեծ գումար չէ, ըսենք երեք ամիսը մեկ կամ չորս ամիսը մեկ՝ ութ հազար ռուբլի: Թեկուզ Ռուսաստանում կերթան-կաշխատին, էն գումարը չեն տա»:

Պաշտոնական տվյալներով ամենաաղքատ մարզը համարվող Շիրակում ամենաշատն են արտագնա աշխատանքի մեկնողները: «Ազատության» դիտարկմանը, որ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը հարյուր հազարների է հասնում, գերակշիռ մասը սոցիալապես անապահով ընտանիքներից են, Աշխատանի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն արձագանքեց, թե փոփոխությունների նպատակը հատուկ արտագնա աշխատանքերի մեկնածների ընտանիքներին նպաստից զրկելը չէ, պարզապես անապահովության գնահատման համակարգն է վերանայվում:

«Մենք այս մեթոդաբանությամբ, այս քայլերով փորձ ենք անում լուծել այն հիմնարար խնդիրը, որը նաև հասարակության բավական լայն շերտեր արծարծում են, ճիշտ են արծարծում, որ պետք է բարձրացնել անապահովության գնահատման համակարգի հասցեականությունը, և այն ընտանիքները, որոնք որ անապահով չեն, ճօգտվեն այդ իրավունքից, իսկ նրանք, ովքեր անապահով են, բայց դուրս են մնացել համակարգից, նրանք օգտվեն այդ իրավունքից», - ասաց նախարարը:

«Ազատության» դիտարկմանը, թե միշտ չէ, որ արտագնա աշխատանքի մեկնողները կարողանում են փող ուղարկել, Ասատրյանն արձագանքեց․ - «Բնականաբար այդ գործոնը, որպես էդպիսին, հաշվի չի առնվելու: Եթե չկա եկամուտ, ուրեմն եկամուտ հաշվի չի առնվելու»:

«Սխալ մոտեցում է», - հակադարձում է գյումրեցի Աիդան՝ ընդգծելով, որ «վերևներում նստած» պաշտոնյաները չեն կարող պատկերացնել, որ «աղքատության նպաստ» անունը ստացած այդ 30 հազար դրամի ամեն մի լուման էական նշանակություն ունի այն ընտանիքների համար, որոնց անդամներին հազարավոր կիլոմետրեր են բաժանում՝ զուտ գոյությունը պահպանելու համար․ - «Թող իրենք էն մասին մտածեն, որ Հայաստանում աշխատատեղ բացեն, որ Հայաստանը չդատարկվի․․․ Եթե ես զգամ, որ էսպիսի որոշումներ կլինի ու հանկարծ ինչ-որ ինձ նպաստից կտրեն, երեխաներիս չկարողանամ պահեմ, երեխաներս կառնեմ, ես էլ կերթամ»:

«Իրեն սոցիալական հայտարարած երկրի իշխանությունները պարզապես իրավունք չունեն այսպիսի քաղաքականություն վարել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, այժմ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նա հիշեց, թե ինչպես ժամանակին մարդկանց զրկեցին գործազրկության նպաստից՝ մեկնաբանելով, թե չարաշահումներ էին բացահայտել: Ըստ Պետրոսյանի, հիմա էլ նույն տրամաբանությամբ առաջնորդվելով՝ Կառավարությունը պարզապես ավելի է խորացնում սոցիալական անարդարության, աղքատության և արտագաղթի խնդիրը․ - «Իրենք պատճառաբանում են ոլորտում տիրող չարաշահումների առկայությունը: Փոխանակ չարաշահումների մեղավորներին պատժելու, իրենք վերացնում են այդ հնարավորությունը: Եթե Հայաստանի սահմանադրությունը քաղաքացուն չի ապահովում աշխատանքով, իսկ քաղաքացուն սահմանվում է արժանապատիվ գոյության իրավունք, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով է սահմանվում այդ իրավունքը և այլ միջազգային իրավական ակտերով․․․ Բա էլ ո՞րն ա սոցիալական պետության իմաստը»:

Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Արդարադատության նախարարությունները ներկայացնում էին երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստ ստանալու հեշտացված գործընթացը՝ որպես առավելություն ընդգծելով, որ ծնողները այլևս կխուսափեն բյուրոկրատական քաշքշուկներից:

«Ազատության» դիտարկմանը, որ նպաստառուներին շատ ավելի հուզում է, թե երբ բարեփոխումները կվերաբերեն նպաստների բարձրացմանը, նախարար Արտեմ Ասատրյանն աչձագանքեց․ - «2018 թվականի բյուջեի քննարկումները նոր են սկսվել: Այս պահին դեռևս հստակ որևէ տվյալ չեմ կարող ներկայացնել»:

Հարցին, թե արդյոք նպաստներին առնչվող այս մոտեցումը մարդու ապրելու իրավունքի խախտում չէ, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն արձագանքեց․ - «Միշտ լրացուցիչ կարիքներ կան: Մենք ունենք այս հնարավորությունը և փորձում ենք այդ հնարավորությունը առավելագույնս որակյալ մատուցել»:

Գևորգ Պետրոսյանի համար ընդունելի չեն այս բացատրությունները: Նա ընդգծեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկել Կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրին նաև այն պատճառով, որ սոցիալական հոգածության մասին գեթ մի կետ չի գտել հաստափոր այդ փաստաթղթում․ - «5 տարի եթե մի Կառավարություն չի խոստանում իր ժողովրդին վերանայել նվազագույն աշխատավարձը, վերանայել նվազագույն սպառողական զամբյուղը, ես դժվարանում եմ այդ պետությունը անվանել սոցիալական»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG