Մատչելիության հղումներ

Ռուսաստանը պնդում է, թե Սիրիայում ռուսական օդուժի հարվածներից սպանվել է ԻՊ հրամանատարներից Գուլմուրոդ Հալիմովը


Գուլմուրոդ Հալիմով, արխիվ
Գուլմուրոդ Հալիմով, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Սիրիայում ռուսական օդուժի հարվածներից սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից Գուլմուրոդ Հալիմովը:

Իսլամիստ ծայրահեղականների ամենաազդեցիկ հրամանատարներից մեկի սպանության լուրը առայժմ այլ աղբյուրներ չեն հաստատում։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հայտարարում է, որ Հալիմովը սպանվել է Դեյր էզ Զորում։

Ռուսական կողմն ավելի վաղ տեղեկություններ ուներ այն մասին, որ այդ տարածքում «Իսլամական պետության» հրամանատարները խորհրդակցություն են անցկացնելու։

Աղբյուրի հաղորդմամբ, ռուսական օդուժի հարվածների հետևանքով սպանվել է ընդհանուր առմամբ 40 զինյալ, այդ թվում՝ 4 դաշտային հրամանատար։

Մինչ Սիրիա մեկնելը Հալիմովը Տաջիկստանում զբաղեցնում էր Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ջոկատի (ՕՄՕՆ) հրամանատարի պաշտոնը։

41-ամյա Հալիմովն արհեստավարժ դիպուկահար է, զինվորական պատրաստվածություն է անցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ նշանակության զորքերում։

Պաշտոնական Վաշինգտոնը նրա գտնվելու վայրի մասին ճշգրիտ տեղեկատվության դիմաց 3 միլիոն ԱՄՆ դոլար էր խոստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG