Ուկրաինայում վաղը մեկնարկող ՆԱՏՕ-ի զորավարժությունների պատճառով Մոլդովայում հակամարտություն է սկսվել նախագահի ու կառավարության միջև, որը խորանում է ժամ առ ժամ: Ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնը շարունակում է պնդել՝ մոլդավացի զինվորները չպետք է մասնակցեն վարժանքների երկրի սահմաններից դուրս, և որ իրեն է սահմանադրությամբ իրավունք վերապահված այս հարցում վերջնական որոշում կայացնել: Վարժանքների մեկնարկից օրեր առաջ՝ այս շաբաթվա սկզբին, Դոդոնը Թվիթերում գրել էր․ - «Մոլդովան չեզոք երկիր է, և մեր զինվորականները չպետք է զորավարժությունների մասնակցեն որևէ ռազմական դաշինքի հովանու տակ: Ես արգելում եմ նրանց Ուկրաինա մեկնել, քանի որ այս հարցը չի համաձայնեցվել երկրի զինված ուժերի գերագույն հրամանատարի հետ»:
Պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, պնդում է՝ խորհրդարանական կառավարում ունեցող երկրում այս հարցը կառավարության մակարդակով է որոշվում: Անտեսելով նախագահի առարկությունները՝ պաշտպանության նախարարությունը երեկ ուշ երեկոյան հրապարակեց որոշումը՝ մոլդավացի 57 զինծառայողներին Ուկրաինա գործուղելու վերաբերյալ: - «Նախագահի բերած փաստարկներն անհիմն են», - կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Պավել Ֆիլիպը: - «Այո, Մոլդովան եղել և մնում է չեզոք երկիր, սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է մասնակցենք խաղաղապահ գործողությունների կամ բարձրացնենք մեր զինվորների մարտունակությունը: Չկա մեկը, որ կուզենա անպատրաստ ու թույլ բանակ ունենալ»:
Դոդոնը, մինչդեռ, մտադիր չէ հանձնվել: Վարչապետի հայտարարությունից անմիջապես հետո նա Ֆեյսբուքով տեղեկացրեց՝ վետո է դրել կառավարության որոշման վրա, առավոտ վաղ նախագահականն այդ մասին հաղորդագրություն տարածեց, Ժամեր անց այդ մասին խոսեց նաև ինքը՝ Դոդոնը՝ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
«Ես առաջին անգամ որոշել եմ օգտվել Սահմանադրության հոդվածից, որը հստակ ամրագրում է՝ նախագահը իրավունք ունի դադարեցնել կառավարության նորմատիվ ակտերը, եթե կարծում է, որ դրանք հակասում են օրենսդրությանը: Ես հրամանագիր եմ ստորագրել կառավարության որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ, մենք կշարունակենք պայքարել, սա ավելի շատ կառավարության կողմից իշխանությունը զավթելու փորձի է նման», - հայտարարել է նախագահը:
Դոդոնն առայժմ չի հստակեցնում՝ կդիմի արդյոք այս հարցով սահմանադրական դատարան, թե ոչ, փոխարենը սպառնում է պատժել ու կոչումներից զրկել բոլոր այն զինծառայողներին, որոնք անտեսելով իր առարկությունները, մեկնել են Ուկրաինա: - «Իգոր Դոդոնը առաջին անգամ պաշտոնավարումից ի վեր հրաման է ստորագրել զինվորական ստորաբաժանումներում ստուգումներ անցկացնելու մասին՝ պարզելու ովքեր են ներկա, ովքեր՝ բացակա», - հայտարարել է նախագահականը:
Ավելի վաղ ռուսամետ Դոդոնը արգելել էր մոլդավացի զինվորականների մասնակցությունը նաև Ռումինիայում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ արժանանալով Քիշնևում ԱՄՆ-ի ու Ռումինիայի դեսպանների քննադատությանը:
Վաղվանից Ուկրաինայում մեկնարկող վարժանքներին մասնակցում են 14 երկրի, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի ու Վրաստանի զինծառայողները: Դրանց հակակշռելու համար Ռուսաստանը ևս այս օրերին Բելառուսի հետ համատեղ զորավարժություններ է նախաձեռնել Արևելյան Եվրոպային սահմանակից շրջաններում: