Մատչելիության հղումներ

«Վերածնունդ» խմբակցությունը բոյկոտեց Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը


Հայկ Խանումյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Ինչպես «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը, այդպիսի որոշում է կայացվել՝ իրենց կուսակցության գործադիր մարմնի դիրքորոշումը հաշվի առնելով:

Ընդդիմադիր գործչի համոզմամբ, 10 տարի Ղարաբաղը ղեկավարելուց հետո Բակո Սահակյանի պաշտոնվարման առաջիկա 3 տարիների ընթացքում էլ իշխանության և ռեսուրսների գերկենտրոնացումը շարունակվելու է, ինչը հիմք կստեղծի նույն անձի իշխանության վերարտադրության համար:

Նշենք, որ խորհրդարանը Բակո Սահակյանին ընտրել է իբրև անցումային փուլի նախագահ, երեք տարի ժամկետով: Դրանից հետո, արդեն փոփոխված Սահմանադրության համաձայն, հաջորդ նախագահին կընտրի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը, մինչդեռ, վստահ է, որ Բակո Սահակյանը պաշտոնավարման 13 տարիներից հետո էլ նախագահի պաշտոնը զբաղեցնելու մտադրություն ունի․ - «Ես այդ կարծիքին եմ մնում և գտնում եմ, որ այն գործընթացները, որ տեղի են ունենում վերջին տարիներին, հող են նախապատրաստում նման զարգացումների համար»:

Դիտարկմանը, որ ինքը իր հարցազրույցներում բազմիցս նշել է, թե ԼՂ իշխանության գործողությունները թելադրված են Հայաստանի իշխանությունների կողմից, և հարցին, թե արդյոք հնարավոր համարում է, որ այս անցումային փուլը պարզապես ժամանակահատված է մեկ այլ նախագահի թեկնածու վերապատրաստելու համար, Խանումյանն արձագանքեց․ - «Չեմ կարծում, թե այդպիսին կլինի: Կարծում եմ, Երևանի գործող իշխանությունների համար լավագույն թեկնածուն Բակո Սահակյանն է: Սերժ Սարգսյանի համար լավագույն թեկնածուն Բակո Սահակյանն է: Այս ընթացքում, կարծում եմ, փորձ է եղել, կարծիքներ են ուսումնասիրվել թեկնածուների շուրջ, սակայն նրանց հեղինակությունը կամ ռեյտինգը թույլ չի տվել այդ թեկնածուներին ի հայտ բերել, և կանգ է առել ընտրությունը Բակո Սահակյանի վրա: Կարծում եմ, առաջիկայում Սերժ Սարգսյանի համար նոր հարմար թեկնածու չի հայտնվի: Կարծում եմ, այս պահին անփոխարինելի է Սերժ Սարգսյանի համար Բակո Սահակյանը, ինչպես նաև Բակո Սահակյանի համար՝ Սերժ Սարգսյանը»:

Ընդդիմադիր գործչի համոզմամբ, հաշվի առնելով իշխանության գերկենտրոնացումը մեկ մարդու ձեռքում, առաջիկա երեք տարիների ընթացքում Ղարաբաղում դժվար է դրական փոփոխություններ ակնկալել: Այդ ամենը, նրա կարծիքով, հատկապես բացասաբար է ազդելու տնտեսության վրա: Այսօր էլ Արցախում նկատվում է աշխատատեղերի կրճատում:

Հայկ Խանումյանը շեշտում է, որ միայն պաշտոնական տվյալներով, անցած տարվա համեմատությամբ, այս տարի հարյուրավոր աշխատատեղեր են կրճատվել, և այդ միտումը առաջիկայում էլ շարունակվելու է․ - «Դա պայմանավորված է հենց այդ գերկենտրոնացմամբ: Երբ ամեն ինչ կենտրոնանում է մեկ մարդու, մեր շրջանակի ձեռքում, ապա գործարար, ստեղծագործ մարդկանց մոտ մոտիվացիան քչանում է, ընդհանրապես հնարավորություններն են քչանում: Եվ, բնականաբար, դա բերում է աշխատատեղերի կրճատման, որպես դրա հետևանք՝ արտագաղթի, հուսալքության, անարդարության զգացման մեծացման և այլն: Մի խոսքով, այդ գործընթացը, որը մի քանի տարիների ընթացքում նկատելի է, կարծում եմ, որ առաջիկայում նույնպես կշարունակվի»:

Չնայած ստեղծված իրավիճակին, ընդդիմադիր գործիչը քիչ հավանական է համարում, որ Արցախում բողոքի ակցիաներ կարող են տեղի ունենալ իշխանությունների դեմ: Դժգոհությունը, ըստ նրա, ոչ թե փողոց դուրս գալով է արտահայտվում, այլ արտագաղթով կամ իրավիճակին հարմարվելով: Ըստ Խանումյանի, ի վերջո արցախցին տեսել է Հայաստանի օրինակը, երբ փողոց դուրս գալով ժողովուրդը որևէ բան փոխել չի կարողացել:

Նշենք, որ, ի տարբերություն «Վերածննդի», Ղարաբաղի մեկ այլ ընդդիմադիր խմբակցության՝ «Շարժում 88»-ի երեք պատգամավորները ներկա են եղել Բակո Սահակյանի երդմնակալության արարողությանը:

«Շարժում 88»-ը, հիշեցնենք, միակն էր, որ նախագահի թեկնածու էր առաջադրել՝ ի դեմս խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի, և ստացել էր խորհրդարանի պատգամավորներից չորսի՝ այդ թվում «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի, աջակցությունը:

Ի պատասխան հարցին, թե ինչու, ի տարբերություն Խանումյանի, իրենք էլ չեն բոյկոտել երդմնակալության արարաղությունը, խմբակցության պատգամավոր Վիլեն Սաֆարյանը նշեց, թե դա Խանումյանի անձնական խնդիրն է: Ըստ Սաֆարյանի, այդ քայլը ոչինչ չի տալու, դա անիմաստ բոյկոտ է: Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ ինքը Բակո Սահակյանին չի շնորհավորել:

Ի դեպ, «Շարժում 88» խմբակցության պատգամավորը չցանկացավ պատասխանել «Ազատության» հարցին, թե արդյոք իր համար անընդունելի է, որ Բակո Սահակյանը 10 տարուց հետո ևս 3 տարի ղեկավարի Ղարաբաղը: Ամեն դեպքում, նա քիչ հավանական համարեց, թե Սահակյանը մտադրություն ունի իր թեկնածությունն առաջադրել նաև 2020 թվականից հետո:

XS
SM
MD
LG