«Ես, ինչպես և Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե-ինը, համոզված եմ, որ ճգնաժամը չի բերի լայնածավալ պատերազմի, հատկապես միջուկային պատերազմի: Հակամարտող բոլոր կողմերի մոտ կա ողջամտություն և պատասխանատվություն տարածաշրջանում ապրող մարդկանց առջև: Համոզված եմ, որ մենք կկարողանանք խնդիրը կարգավորել դիվանագիտական ճանապարհով», - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական գագաթնաժողովում:
Պուտինը նաև նպատակահարմար չի համարում Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելը: Նրա կարծիքով, Հյուսիսային Կորեան չի դադարեցնի միջուկային փորձարկումները, քանի որ դրանք համարում է ինքնապաշտպանության միակ միջոցը:
«Նրանց հնարավոր չէ վախեցնել», - պնդել է նա:
Ռուսաստանի նախագահը հավելել է, թե արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է միասին աշխատել: Նա հիշեցրել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը հնարավոր էր կարգավորել դեռևս 2005 թվականին, երբ կար պայմանավորվածություն (Հարավ - Հյուսիս - Ռուսաստան եռակողմ ձևաչափով նախագիծը), ըստ որի այդ երկիրը ստանձնել էր հրթիռամիջուկային ծրագիրը սառեցնելու պարտավորություն: Այն ժամանակ, սակայն, Պուտինի ձևակերպմամբ՝ ինչ-որ մեկը Փհենյանից պահանջել է այն, ինչը Հյուսիսային Կորեան չէր խոստացել:
Վերջին օրերին առաջին անգամը չէ, երբ պաշտոնական Մոսկվան, խոսելով տարբեր հակամարտությունների մասին, դրանք չկարգավորված լինելու համար մեղադրում է Արևմուտքին:
Հյուսիսկորեական ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով կարգավորելուն աջակցում է նաև Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն: Նա, սակայն, ի տարբերություն Պուտինի, համարում է, որ աշխարհը պարտավոր է մեծագույն ճնշում բանեցնել և ստիպել Հյուսիսային Կորեային կատարել ՄԱԿ-ի պահանջները և սառեցնել նոր զինատեսակների ստեղծման ծրագիրը:
Հարավային Կորեայի նախագահ Մոն Ջե-ինը ավելի վաղ նույնպես կարծիք էր հայտնել, թե պատերազմ չի լինի՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պատժամիջոցներ է սահմանում ու ճնշում է գործադրում Փհենյանի վրա՝ խնդիրը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար:
Հիշեցնեմ, Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկում է նոր պատժամիջոցներ սահմանել՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի վերջերս իրականացրած 6-րդ միջուկային փորձարկմանը: Ամերիկացիների պատրաստած նախագծով առաջարկվում է ամբողջությամբ արգելել նավթամթերքի մատակարարումը Հյուսիսային Կորեա, սառեցնել կառավարության և երկրի ղեկավարի բանկային հաշիվները և արգելել նախագահ Կիմ Չեն Ինի և բարձրաստիճան այլ ղեկավարների արտասահմանյան ուղևորությունները: Բանաձևի ճակատագիրը Անվտանգության խորհրդում թերևս կախված է Հյուսիսային Կորեայի հիմնականում հովանավորը համարվող Չինաստանի դիրքորոշումից: