Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» փաստաբանները դիմելու են Արդարադատության խորհուրդ


Ըստ փաստաբանների, դատավորի վարքագիծը հակասում է Քրեական դատավարության օրենսգրքին։

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամների պաշտպանները պատրաստվում են դիմել Արդարադատության խորհուրդ՝ գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի պատասխանատվության ենթարկելու համար։

«Ազատության» հետ զրույցում փաստաբան Գրիշա Բալասանյանը նշեց, որ Գաբրիելյանը պատվեր է կատարում և 3 ամիս է նիստեր գումարելու փոխարեն միայն սանկցիաներ է կիրառում․ - «Դատավորի մեջքին կանգնած է պետությունը, պաշտպանական կողմն է, այսպես ասած, անտեր, բայց միևնույն է, դա հիմք չի տալիս մեզ անգործության մատնվել: Դիմելու ենք Արդարադատության խորհուրդ և խնդրելու ենք, որպեսզի դատավորին ենթարկեն կարգապահական պատասխանատվության»:

«Սասնա ծռերի» 18 անդամների գործով դատական նիստին այսօր էլ կարգադրիչները արգելեցին ներս մտնել Մուշեղ Շուշանյանին ու Դավիթ Գյուրջյանին։ Փոխարենը ներկա պաշտպանները հենց սկզբում բարձրացրեցին զննության հարցը։ Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասաց՝ նիստի է ներկայանում առանց թուղթ ու գրիչի։

Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանն էլ հավելեց, որ այս իրավիճակը ազդում է աշխատանքի որակի վրա․ - «Հոգեբանորեն մեր վրա ճնշում է գործադրվում: Դեռ չեմ ասում էն կոնֆլիկտը, որը մենք ունենում ենք դրսում, դատականի նիստերի մտնելուց առաջ: Ավելորդ լարվածություն է առաջացնում, և մենք չենք կարողանում դատական նիստերին նորմալ մասնակցենք»:

«Էն ո՞նց ա, ինձ թույլ են տալիս ներս մտնել, նույն ազդանշանը տալիս է նաև Շուշանյանի պայուսակի դեպքում, բայց թույլ չեն տալիս», - ասաց փաստաբան Գրիշա Բալասանյանը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ի պատասխան հայտարարեց, թե դատական կարգադրիչները մտածում եմ փաստաբանների անվտանգության մասին։

Այնուհետև նա անցավ մեղադրող դատախազներին բացարկ հայտնելու հարցին, ու երբ պարզաբանում էր կարգը, ոտքի կանգնեց փաստաբան Լուսինե Սահակյանն ու հարցրեց՝ այդ ո՞ւմ համար եք ընթերցում, եթե ամբաստանյալները այստեղ չեն․ - «Դուք հիմա խախտում եք թույլ տալիս»:

Արտուշ Գաբրիելյանը հակադարձեց․ - «Պաշտպանների բացակայությամբ, այո՛, շարունակում եմ նիստը, քանի որ սա նախապատրաստական փուլ ա»:

Լուսինե Սահակյանի հարցին, թե Քրեական դատավարությունը քանի՞ անգամ է նախատեսում նախապատրաստական փուլ, դատավորը պատասխանեց՝ թիվ գոյություն չունի:

«Սասնա ծռեր» զինված խմբի պաշտպանները դատավորից պահանջում էին բացարկի միջնորդություն քննարկելու համար ապահովել մյուս փաստաբանների ներկայությունը ևս։ Լուսինե Սահակյանը պնդեց՝ քանի դեռ նիստին ներկա չեն իր գործընկերները, բացարկի միջնորդություն ներկայացել չի կարող․ - «Համատարած խախտում է տեղի ունենում․․․ Քրեական դատավարության օրենսգիրքը ընդհանրապես ծալել-շպրտել եք, հարգելի դատարան․․․ Ես հրաժարվում եմ Ձեր ապօրինություններին մասնակցել: Պատճառաբանություններն արդեն ասացի»:

Սահակյանը լքեց նիստերի դահլիճը: Մի փոքր ուշ նրան հետևեց Հրանտ Գևորգյանը, քիչ անց՝ նաև Արայիկ Պապիկյանը:

«Հարգելի կոլեգաներ, էս պայմաններում մենք էստեղ անելիք չունենք», - ասաց Գևորգյանը:

Դահլիճը լքած փաստաբանների նկատմամբ դատավորը սանկցիա կիրառեց։ Մինչդեռ փաստաբանները շարունակում էին պահաջել դատարան բերել ամբաստանյալներին։ Ըստ նրանց, դատավորը որոշում կայացնելիս առաջնորդվում է սեփական ցանկությամբ։ Նախորդ նիստի նա ապահովեց ամբաստանյալների ներկայությունը, իսկ հիմա անհասանալի պատճառներով նրանց դահլիճ չի բերում։

Նիստի երկրորդ հատվածում պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին հետաձգել դատական նիստը, քանի որ պաշտպանները ցանկանում են դիմել Արդարադատության խորհուրդ։ Արտուշ Գաբրիելյանը մերժեց Գրիշա Բալասանյանի միջորդությունը, բայց հետաձգեց նիստը, քանի որ ինքնազգացողությունը վատացել էր: Հաջորդը նիստը նշանակվեց սեպտեմբերի 14-ին։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն է ընթանում՝ նույն դատավորի նախագահությամբ: Զինված խումբը մեղադրվում է գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը:

XS
SM
MD
LG