Եվրամիության երկրների պաշտպանության նախարարները Տալլինում գումարած ոչ-պաշտոնական հավաքում այսօր մասնակցել են «կիբերզորավարժություններին», որոնց նպատակն է փորձարկել ռազմական նշանակության ենթակառուցվածքները կիբերային հարձակումներից պաշտպանելու մեխանիզմը:
EU CYBRID 2017 կոդային անունն աղերսվում է «կիբերային» և «հիբրիդային» պատերազմների հետ, որոնք ենթադրում են համացանցի միջոցով հարձակումներ և ապատեղեկատվության տարածում:
«Ռոյթերզի» փոխանցմամբ, Տալլինում վարժանքի պայմանական սցենարով հաքերները գրոհի են ենթարկել Միջերկրական ծովում Եվրամիության նավատորմը և սոցիալական ցանցերով սկսել են վարկաբեկել պաշտպանական գործողությունները և զանգվածային դժգոհություններ հրահրել:
Պաշտպանության նախարարներից յուրաքանչյուրին առաջարկվել է մշակել անհրաժեշտ պատասխան գործողություններ:
«Մենք ցանկանում ենք, որ նախարարները պատկերացում ստանան կիբերգրոհների ազդեցության մասին, կիբերհնարավորությունն արդիական պատերազմում այլևս սովորական գործիք է»,- ասել է Էստոնիայի պաշտպանության նախարարության կիբերծրագրավորման բաժնի տնօրեն Տանել Սեպպը:
2017-ի երկրորդ կիսամյակում Եվրամիության ղեկավարումը ստանձնած Էստոնիան կիբերանվտանգության հզորացումը համարում է իր նախագահության առաջնահերթություններից մեկը: