Մատչելիության հղումներ

Պուտին. «Հյուսիսային Կորեային հնարավոր չէ վախեցնել»


Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկի տնտեսական համաժողովում, 7-ը սեպտեմբերի, 2017թ.
Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկի տնտեսական համաժողովում, 7-ը սեպտեմբերի, 2017թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում ընթացող տնտեսական միջազգային համաժողովում այսօր ասել է, որ Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային փորձարկումների հարցը պետք է կարգավորել միայն բանակցությունների եղանակով և նպատակահարմար չէ այդ երկրի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել:

Պուտինի փոխանցմամբ, Հյուսիսային Կորեան չի դադարեցնի փորձարկումները, քանի որ դրանք համարում է ինքնապաշտպանության միակ միջոցը: «Նրանց հնարավոր չէ վախեցնել», - ասել է Պուտինը:

Մինչդեռ, ելույթ ունենալով այդ համաժողովում, Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն ասել է, որ «աշխարհը պարտավոր է մեծագույն ճնշում բանեցնել և ստիպել Հյուսիսային Կորեային՝ կատարել ՄԱԿ-ի պահանջներն ու սառեցնել նոր զինատեսակների ստեղծման ծրագիրը»:

Ամերիկայի Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկում է սահմանել նոր պատժամիջոցներ՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի վերջերս իրականացրած միջուկային 6-րդ փորձարկման:

Ամերիկացիների պատրաստած բանաձևի նախագծով առաջարկվում է ամբողջությամբ արգելել նավթամթերքի մատակարարումը Հյուսիսային Կորեա, արգելել այդ երկրի մանակագործական արտադրանքի ներմուծումը, արգելել արտասահմանում հյուսիսկորեացի բանվորների աշխատանքը, սառեցնել կառավարության և երկրի ղեկավարների բանկային հաշիվները և արգելել Կիմ Չեն Ունի ու բարձրաստիճան այլ ղեկավարների արտասահմանյան ուղևորությունները:

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Հյուսիսային Կորեայի հիմնական հովանավորը համարվող Չինաստանը հավանություն կտա նախագծին:

Չինաստանի արտաքին գործոց նախարար Վանգ Յին այսօր ասել է, որ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է սահմանել նոր պատժամիջոցներ, սակայն դա կլինի կարգավորման միայն կեսը, և այն պետք է ուղեկցվի երկխոսությամբ ու բանակցություններով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG