Մատչելիության հղումներ

Հայաստանը պետք է կարողանա իր շահերին ծառայեցնել Պուտինի վերջին հայտարարությունը. Թևան Պողոսյան


Ազգային ժողովի նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունը պետք է կարողանա իր շահերին ծառայեցնել Ռուսաստանի նախագահի վերջին հայտարարությունը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում երեկ ասել է, որ Ուկրաինային մահաբեր զենքի մատակարարման մասին՝ Միացյալ Նահանգների որոշումը չի նպաստում հակամարտության կարգավորմանը։

«Զենք մատակարարելը կամ անվճար տրամադրելը Միացյալ Նահանգների ինքնիշխան իրավունքն է։ Մենք այդ գործընթացի վրա ազդեցություն ունենալ չենք կարող, բայց կան ընդհանուր միջազգային օրենքներ և մոտեցումներ: Զենքի մատակարարումը հակամարտության գոտի չի նպաստում խաղաղությանը, միայն սրում է իրավիճակը», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման միջնորդներից միակն է, որ զենք է վաճառում հակամարտող երկու կողմերին՝ և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։

Իսկ Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի տվյալներով՝ զենքի մեծ մասը Ադրբեջանը ձեռք է բերում հենց Ռուսաստանից։

«Հինգ տարի է իշխանական բոլոր մակարդակներում խոսվում է նրա մասին, որ «մեզ դուր չի գալիս, որ Ադրբեջանին զենք եք մատակարարում՝ հատկապես մեր ռազմավարական դաշնակից լինելով»։ «Մեզ դուր չի գալիս այն խնդիրը, որ համանախագահող երկրներից որևէ մեկից է զենքերը գնում»։ Եվ եթե նայում ենք, նույն Ամերիկան, կամ Ֆրանսիան փորձում էին զսպված պահեին, ցույց տային իրենց միջնորդության խնդիրը, քանի որ Ռուսաստանն էլ է միջնորդ, այդ կարգավիճակը պետք է կարողանա տանել», - ասաց Պողոսյանը՝ շարուակելով. - «Շատ ուրախ ենք, որ եկել եք, հասել եք մեր հինգ տարվա գիտակցությանը, դրանից մեծ շնորհակալություն էլ չկա ասելու։ Եկաք հասաք մեր տեսակետին, դե հիմա տեսնենք՝ ի՞նչ քայլեր եք անելու»։

Հայաստանի իշխանությունը բազմիցս դժգոհել է պարբերաբար ռազմատենչ հայտարություններով հանդես եկող Ադրբեջանին՝ ռուսական հարցակողական զենքի վաճառքից: Ի պատասխան՝ ռուսաստանցի տարբեր պաշտոնյաներ ու փորձագետներ ասել են՝ սպառազինության մատակարարումը «բիզնես» է:

Ռուսաստանի ծրագրերում փոփոխություններ չմտցրեց նույնիսկ 2016-ի ապրիլյան պատերազմը: Վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էր հայտարարել, թե «նաև ռուսական զինամթերքի շնորհիվ է Ադրբեջանը հաջողության հասել անցած տարվա ապրիլյան պատերազմում»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին էլ նախորդ տարի Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նկատել էր, թե «այնպիսի երկիր, ինչպիսին Ադրբեջանն է, նավթ արդյունահանող, արագ զարգացող տնտեսությամբ, ի վիճակի է զենք գնել ցանկացած տեղից»:

«Եթե մենք ունակ չենք լինելու օգտագործել նաև մեր շահերից ելնելով այս տեսակի նախադասությունը և ձևակերպումը, չէ որ Պուտինն է ասել, ինքը հո չի ասելու ՝«ես դա չեմ ասել»։ Հաջորդ անգամ, երբ որ ռուսական մի որևէ չինովնիկ գա ստեղ, կամ փորձագետ, կամ քաղաքական գործիչ, և ասի՝ «գիտեք, դա այնուամենայնիվ բիզնես է», մենք կարող ենք ցիտել հենց նույն իր նախագահին՝ ասելով՝ «դու դե՞մ ես այս քաղաքականությանը», - ասաց Պողոսյանը։

Անդրադառնալով Պուտինի երեկվա հայտարարությանը՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց՝ առաջին անգամ չէ, որ միջազգային կարևոր խաղացողը մյուսին քննադատում է նույն բանի համար, ինչ ինքն է անում:

«Պետք է այս իրավիճակում, երբ բարոյական սկզբունքների վրա հենվել հնարավոր չէ, գտնել քո քաղաքականության իրականացման հնարավորությունները։ Այն, որ Հայաստանը փորձում է քիչ թե շատ դիվերսիֆիկացիայի ենթարկել իր միջազգային համագործակցության ուղղությունները, անմիջապես դա ներկայացվում է, որպես հիմնական գործընկերներին՝ խոսքը Ռուսաստանի մասին է, դավաճանելու մեջ մեղադրանքներ։ Եվ այդպիսի մանիպուլյատիվ գործողություններ գնալով ավելի ու ավելի հաճախ են լինելու, մանավանդ այն պարագայում, որ Հայաստանին, իրոք, սպասում են լուրջ որոշումներ կայացնելու փուլեր՝ խոսքը և՛ Եվրամիության հետ այս նոր շրջանակային համաձայնագրի մասին է, և՛ շատ այլ իրավիճակներ են լինելու՝ և՛ այս տարի, և՛ մյուս տարի, երբ մեր վճռական գործողությունների համար և այդ վճռական գործողությունների արդարացման, հիմնավորման համար անհրաժեշտ է լինելու նաև լուրջ տեղեկատվական իրազեկման աշխատանք», - ասաց Նավասարդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG