Մատչելիության հղումներ

«Բրյուսելում այժմ համաձայնագրի ստորագրման թուղթն ու թանաքն են պատրաստում»․ ԵՄ դեսպան


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկի, արխիվ

Պյոտր Սվիտալսկիի խոսքով՝ կրթական ծրագրերի շուրջ Հայաստանի կառավարության և Եվրամիության ղեկավարության բանակցությունները մեծ առաջընթաց են գրանցել, և շուտով Հայաստանի կրթության ոլորտում ԵՄ-ն ավելի քան 20 միլիոն եվրոյի ներդրում կկատարի:

Պաշտոնական Բրյուսելը պատրաստվում է Եվրամիություն-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրմանը։ «Ազատության» հետ զրույցում այսօր այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով ժամեր առաջ է վերադարձել Բրյուսելից: Դեսպանի խոսով՝ «այնտեղ հիմա նախապատրաստում են թուղթն ու թանաքը»՝ փաստաթղթի ստորագրման համար։

«Ես հենց նոր եմ ժամանել Բրյուսելից, Երևանում վայրէջք եմ կատարել առավոտյան ժամը 5-ին և համաձայնագրի ստորագրման նախապատրաստման համար պատասխանատու բոլոր անձանց հետ իմ զրույցներն ամփոփելով՝ կարող եմ ասել, որ ամեն ինչ ընթանում է իր հունով: Մարդիկ շատ քրտնաջան աշխատում են, որպեսզի կարողանանք համաձայնագիրը ստորագրել նոյեմբերին՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Մեր՝ Եվրամիության կողմից ամեն ինչ նախապատրաստվում է»,- ասաց Սվիտալսկին:

Եվրամիության արևելյան գործընկերության գագաթնաժողովը կմեկնարկի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։ «Ազատության» հարցին ի պատասխան՝ արդյո՞ք Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարված հարաբերությունների ֆոնին հնարավոր է, որ նոր ճնշումների գործադրմամբ՝ վտանգվի նաև այս համաձայնագրի ստորագրումը, Սվիտալսկին միայն վերահաստատեց՝ Եվրամիությունը «ստորագրմանն է պատրաստվում»։

Մոտ 10 օր առաջ, «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը, նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր՝ «ԵՄ-ի հետ համաձայնագիրը չստորագրելու որևէ պատճառ չունենք»:

Սվիտալսկին այսօր հիշեցրեց նաև Եվրամիության և Հայաստանի միջև վիզաների դյուրացման բանակցությունների մասին՝ նշելով․ «Հայաստանի հետ հիմա վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն է ընթանում, կարծում եմ շատ արդյունավետ երկխոսություն է»:

Դեսպան Սվիտալսկին նաև Հայաստանում նոր ներդրումների հեռանկարի մասին խոսեց, նշելով, որ իրենց կարծիքով Հայաստանի ապագան կրթության ոլորտի զարգացման մեջ է, ուստի հենց այդ ոլորտում ներդրումներ կանեն: «Մենք, որպես Եվրամիություն, խորհրդակցեցինք և որոշեցինք Հայաստանի կառավարության հետ համագործակցության շրջանակում մեծ ներդրումներ կատարել կրթության ոլորտում:

Չեմ կարող հիմա կոնկրետ ծրագրեր նշել, բայց կարող եմ ասել, որ արագ կգործենք, և շատ շուտով այդ ամենը հրապարակային կդարձնենք: Մենք երկու բազմամիլիոնանոց ծրագիր ունենք, որ ուզում ենք իրագործել Հայաստանում: Եվ սա միայն սկիզբն է»,- ասաց Հայաստանում ԵՄ դեսպանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարության և Եվրամիության ղեկավարության բանակցություններն այս ծրագրերի շուրջ մեծ առաջընթաց են գրանցել, և շուտով ԵՄ-ն Հայաստանի կրթության ոլորտում ավելի քան 20 միլիոն եվրոյի ներդրում կկատարի: Հարցին՝ տեղյա՞կ է արդյոք Հայաստանում կրթական ոլորտում առկա կոռուպցիայի մասին, Սվիտալկսին պատասխանեց՝ ռիսկերին տեղյակ է, բայց դրական է տրամադրված, ու «ամեն ինչ անելու են», որ այդ ռիսկերը նվազագույնի հասցվեն։

«Կրթական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը չափազանց կարևոր է, քանի որ դա ապագային է վերաբերում: Բայց մենք կանենք դա, մենք կկարողանանք: Ես լավատես եմ և կարծում եմ, որ դրա համար հիմա Հայաստանում լավ միջավայր կա, կառավարություն, որը հանձնառություն է ստանձնել՝ պայքարել կոռուպցիայի դեմ: Դուք եք մեր կողքին, և կան երիտասարդներ, որոնք ավելի քան այլոք՝ շահագրգռված են կոռուպցիայի դեմ պայքարի հարցում»,- ասաց ԵՄ դեսպանը:

Նա նաև հայտարարեց՝ թեև Հայաստանը փոքր երկիր է, բայց կրթական մեծ պոտենցիալ ունի։ Եվրամիության կողմից նման խոշոր ներդրում անելու պատճառն էլ, ըստ Սվիտալսկիի, հայ երիտասարդներն են։ «Մենք տպավորված ենք Հայաստանի երիտասարդներով, նրանք խելացի են, և ապագան նրանց ձեռքում է»,- ասաց դեսպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG