Մատչելիության հղումներ

Երուսաղեմի քրիստոնեական առաջնորդները բողոքում են՝ ընդդեմ «քրիստոնեական ներկայության թուլացման»


Կրոնական ծես Երուսաղեմի հունաց պատրիարքարանում, արխիվ

Երուսաղեմի քրիստոնեական համայնքների հոգևոր առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում իրենց մտահոգությունն են հայտնել համայնքներին պատկանող գույքի հանդեպ տեղի ունեցող իրավական ոտնձգությունների առնչությամբ:

Անցած ուրբաթ օրը Երուսաղեմի հունաց պատրիարք Թեոֆիլոս երրորդը պատրիարքարան էր հրավիրել քրիստոնեական բոլոր հարանվանությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու երկու հարց:

Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի տեսուչ հայր Կորյուն Վարդապետ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ ավելի վաղ դատարանի որոշմամբ հին քաղաքի Յաֆոյի դարպասների մուտքի մոտ գտնվող երկու հունապատկան հյուրանոցները փոխանցել էին հրեական մի կազմակերպության, չնայած հանգամանքին, որ հունաց պատրիարքարանը դատարանին ծանուցել էր գործարքի կնքման ժամանակ տեղ գտած խաբեության և կաշառակերության փաստերի մասին:

երկրորդ հարցը, ըստ Կորյուն Վարդապետ Բաղդասարյանի, վերաբերել է Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում շրջանառվող նոր առաջակությանը, «որով, փաստորեն, հետայսու այն քրիստոնեական համայնքները, որոնք ունեն կալվածքներ, երրորդ կողմին դրանք վաճառելու որևէ գործարք չեն կարող կատարել, եթե Քնեսեթի կողմից նշանակված կոմիտեն այդ գործարքը չվավերացնի»:

Հունաց պատրիարքարանում տեղի ունեցած քննարկումներից հետո քրիստոնեական համայնքների հոգևոր առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Դրանում նշված է, որ վերը նշված երկու պարագաներում էլ տեղի է ունեցել «կարգավիճակի խախտում»: «Մենք այս գործողություններում տեսնում ենք համակարգային փորձ՝ վնասելու Երուսաղեմ Սուրբ քաղաքն ու Սուրբ հողը, նաև քրիստոնեական ներկայությունը թուլացնելու փորձ ենք տեսնում»,- նշված է հայտարարությունում:

Հունաց պատրիաքարանը մտադիր է Իսրայելի գերագույն դատարանում բողոքարկել հունապատկան գույքի օտարման որոշումը, փորձելով հետ վերադարձնել «անօրինական կերպով խլված հյուրանոցները»: «Համատեղ հայտարարությամբ, փաստորեն, հոգևոր պետերը բոլորին կոչ են անում միջամտել և քրիստոնեական համայնքների դեմ ուղղված այս քայլը հնարավորինս կասեցնել»,- ասում է Կորյուն Վարդապետ Բաղդասարյանը:

Հայտարարությունը ստորագրել են Երուսաղեմի հունաց պատրիարք Թեոֆիլոս երրորդը, Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Սուրբ հողի լատինաց պատրիարքը, Հայ կաթոլիկ պատրիարքարանի ներկայացուցիչը, ղպտիական, սիրիական, եթովպական պատրիարքարանների ներկայացուցիչները, ընդհանուր առմամբ՝ 13 հոգևոր առաջնորդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG