Մատչելիության հղումներ

Պուտին. «Վաշինգտոնի քայլերն անտաշ են և աննախադեպ»


Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո պատասխանում է լրագրողների հարցերին, Սիանմեն, Չինաստան, 5-ը սեպտեմբերի, 2017 թ.
Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո պատասխանում է լրագրողների հարցերին, Սիանմեն, Չինաստան, 5-ը սեպտեմբերի, 2017 թ.

Ռուսաստանի ղեկավարը խոսել է նաև Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված վիճակի մասին:

«Տեսնենք, թե ինչպես է աշխատում ԱՄՆ-ի փառաբանված դատական համակարգը»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո, զրուցելով լրագրողների հետ, ասել է, որ Մոսկվան կարող է ԱՄՆ-ից պահանջել՝ ավելի կրճատել ՌԴ-ում գործող դիվանագիտական կորպուսը, սակայն «նախ պետք է հետևել զարգացումներին և վերլուծել իրավիճակը»: Պուտինը մեկնաբանել է նաև Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը:

ՌԴ ղեկավարը ռուսական դիվանագիտական երեք շենքեր փակելու՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պահանջը բնութագրել է որպես «անտաշ և աննախադեպ քայլ»: Նա ասել է, որ ռուսական կողմը դատարանում կբողոքարկի ամերիկացիների արարքը:

«Ամերիկյան կողմն արգելել է Ռուսաստանին՝ օգտագործել մեր գույքը, դա գույքի իրավունքի բացահայտ խախտում է: Նախ ես ԱԳՆ-ին կհանձնարարեմ՝ դիմել դատարան, տեսնենք, թե ինչպես է աշխատում այդքան փառաբանված ամերիկյան դատական համակարգը»,- ասել է Պուտինը:

Ամերիկյան վարչակազմը դեռ չի արձագանքել Ռուսաստանի ղեկավարի այս հայտարարությանը: Նախօրեին Վաշինգտոնը պնդել է, որ դիվանագիտական կամ իրավական որևէ նորմ չի խախտել, երբ ռուսական կողմից պահանջել է մինչև սեպտեմբերի 2-ն ազատել Սան Ֆրանցիսկոյի գլխավոր հյուպատոսարանը, Վաշինգտոնում առևտրային ներկայացուցչությունն ու դրա նյույորքյան գրասենյակը:

Միացյալ Նահանգներն այդ որոշումն ընդունել է՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնությունում ամերիկյան դիվանագիտական կորպուսի աշխատողների թիվը 755-ով կրճատելու և մինչև սեպտեմբերի 1-ը 455-ի հասցնելու՝ Մոսկվայի պահանջին:

455-ից հանած 155

Ճիշտ այդքան ռուսաստանցի դիվանագետ է այժմ աշխատում ԱՄՆ-ում: Ընդ որում, ըստ Պուտինի, դա էլ դեռ հավասարություն չի ապահովում: Նա ակնարկել է, որ Մոսկվան ունի ամերիկացի դիվանագետների թվի նոր կրճատում պահանջելու իրավունք և պարզաբանել է:

«Երբ Միացյալ Նահանգները պայքարել է ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում տեղակայելու համար, պարտավորվել է ապահովել այդ կազմակերպության աշխատանքը: Ամերիկայում 455 ռուսաստանցի դիվանագետներից 155-ն աշխատում է ՄԱԿ-ում, ուստի, Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների թիվը պետք է լիներ 455-ից հանած 155: Հետևաբար, մենք մեզ վերապահում ենք նաև Մոսկվայում ամերիկացի դիվանագետների այդ թվի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք, բայց առայժմ դա չենք անի»,- ասել է Պուտինը:

«Դժվար է երկխոսել Ավստրիան և Ավստրալիան շփոթող մարդկանց հետ»

Ռուսաստանի ղեկավարի մեկնաբանություններում կար ոչ միայն ակնհայտ զայրույթ, այլև դառնությունն ընդգծող հեգնանք: «Դժվար է երկխոսել Ավստրիան և Ավստրալիան շփոթող մարդկանց հետ: Դրա վերաբերյալ ոչինչ չես կարող անել: Հավանաբար դա է ամերիկյան վերնախավի որոշակի հատվածի քաղաքական մշակույթի մակարդակը:

Ամերիկայի ժողովուրդը, Ամերիկայի ազգը, Ամերիկան, հիրավի մեծ են, մեծ երկիր, եթե դիմանում են քաղաքական մշակույթի այդչափ ցածր մակարդակ ունեցող մեծ թվով մարդկանց»,- ասել է Պուտինը:

«Խոտ կուտեն, բայց փորձարկումներից չեն հրաժարվի, հասկանո՞ւմ եք»

Ռուսաստանի ղեկավարը մեկնաբանել է նաև Կորեական թերակղզում առաջացած ճգնաժամը: Նա ասել է, որ Փհենյանը սադրիչ գործողությունների է դիմում, բայց և հավելել՝ նոր պատժամիջոցների սահմանումն ապարդյուն և անիմաստ կլինի: «Նրանք պատրաստ են խոտ ուտել, բայց չեն հրաժարվի միջուկային ծրագրից, քանի դեռ չեն համոզվել, որ իրենց անվտանգությունը երաշխավորված է»,- ասել է Պուտինը:

Մոսկվան վերջին շաբաթներին քննադատում է ոչ միայն Հյուսիսային Կորեային, այլև Ճապոնիային, Միացյալ Նահանգներին և Հարավային Կորեային, պնդելով, որ այդ երկրների համատեղ զորավարժություններն ու ագրեսիվ կեցվածքը Փհենյանին դրդում են նոր փորձարկումների:

Պուտինի այդ մեկնաբանությունը հաջորդում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգների դեսպան Նիկի Հեյլիի հայտարարությանն այն մասին, որ Հյուսիսային Կորեան ամեն կերպ ուզում է պատերազամ հրահրել:

Փհենյանը սեպտեմբերի 3-ին «կատարյալ հաջողություն» է համարել ջրածնային ռումբի փորձարկումը, հայտարարելով, որ հետայսու ունի միջմայրացամաքային հրթիռի վրա նման մարտագլխիկ տեղադրելու հնարավորություն: Ենթադրվում է, որ ռումբի հզորությունը կազմել է առնվազն 50 կիլոտոն:

Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային փորձարկումներն արգելված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք բանաձևերով: Երեկ Նիկի Հեյլին ասել է, որ ԱՄՆ-ը ԱԽ-ին կներկայացնի պատժամիջոցներն էապես խստացնելու մասին բանաձևի նոր նախագիծ:

Պուտինը ենթադրում է, որ նոր պատժամիջոցների բուն նպատակը ոչ թե Հյուսիսային Կորեային միջուկային նոր փորձարկումներից զերծ պահելն է, այլ Կիմ Չեն Ինին գահընկեց անելը:

«Ռուսաստանը դատապարտում է Հյուսիսային Կորեայի փորձարկումները, դրանք սադրիչ բնույթ ունեն: Բայց մենք չենք կարող մոռանալ, թե ինչ պատահեց Իրաքում և Լիբիայում, հյուսիսկորեացիները հաստատ չեն մոռացել: Այս հանգամանքներում պատժամիջոցներն անիմաստ են և անպտուղ»,- ասել է Պուտինը:

«ԱՄՆ-ի համբերությունն անսահման չէ»

Մինչդեռ, ամերիկացիները նկատել են տալիս, որ նոր փարձարկումներ այլևս չեն հանդուրժի: «Լինել միջուկային տերություն, չի նշանակում այդ զենքով սպառնալ ուրիշներին: Միջուկային տերությունները գիտակցում են իրենց պատասխանատվությունը: Կիմ Չեն Ինը նման պատասխանատվություն չի ցուցաբերում: Հրթիռներով և միջուկային փորձարկումներով սպառնալը վկայում է, որ նա պատերազմի ծարավ է»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը և ընդգծել:

«Պատերազմը երբևէ չի եղել մեր ուզածը, մենք հիմա էլ դա չենք ուզում, բայց մեր երկրի համբերությունն անսահման չէ, մենք պաշտպանելու ենք մեզ և մեր դաշնակիցներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG