Մատչելիության հղումներ

Հայաստանի ընտրանու պարտության պատճառը տեխնիկական խոտանն էր և դանիացիների բարձր հասակը․ Մարզիչ


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամները հերթական խաղից առաջ, արխիվ

«Մեր թիմն արժանի չէր խոշոր հաշվով պարտության, բայց պետք է ընդունել այն, ինչ որ կա»: Հայաստանի և Դանիայի ֆուտբոլի հավաքականների՝ նախօրեին տեղի ունեցած հանդիպումից հետո այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը։

Նրա կարծիքով՝ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի կրած հերթական պարտության պատճառը հայ ֆուտբոլիստների թույլ տված տեխնիկական խոտանն էր և մրցակիցների՝ բարձրահասակ լինելու հանգամանքը: Մարզիչը նաև ընդունում է՝ խաղի ընթացքում մեր ֆուտբոլիստներն անտեղի սխալներ են արել։

«Խաղը լավ սկսեցինք, բայց պատրաստ չէինք կամ չէինք կարողանում պայքարել բարձրից եկած գնդակների համար, որովհետև [դանիացիները] շատ բարձրահասակ են ու իրենք շատ հասարակ ֆուտբոլ էին խաղում։ Անտեղի սխալների պատճառով գոլ ընդունեցինք»,- հայտարարեց Պետրոսյանը։

Ֆուտբոլային մեկնաբան Գևորգ Ղազարյանի գնահատմամբ՝ Հայաստանի հավաքականի երեկվա անհաջողությունն անակնկալ չէր։ «Ազատության» հետ զրույցում Ղազարյանն, այդուհանդերձ, նշեց՝ չնայած վերջին երկու հանդիպումներում կրած պարտությանը, Հայաստանի հավաքականից դեռ սպասելիքներ կան։ «Մենք ունենք նոր մարզիչ, ով փորձում է այս խմբային մրցաշարում ամփոփել, հասկանալ, թե մենք ինչ ունենք, ինչ ռեզերվ ունենք և ըստ այդմ՝ հասկանալ, թե ինչի համար կարելի է պայքարել հետագայում՝ Եվրո 2020-ում»,- ասաց մեկնաբանը։

Հայաստանի հավաքականն աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլում հանդես է գալիս E խմբում՝ Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Մոնտենեգրոյի, Ղազախստանի թիմերի հետ: Խմբում վերջին երկու հանդիպումները Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 5-ին Լեհաստանի և հոկտեմբերի 8-ին՝ Ղազախստանի ընտրանու հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG