Մատչելիության հղումներ

Ադրբեջանը փորձում է ֆրանսիական դատարանի միջոցով պատժել «զրպարտիչ լրագրողներին»


Ադրբեջանի առաջին տիկին և առաջին փոխնախագահ Մեհրբան Ալիևա, արխիվ

Ֆրանսիայում դատարանը քննում է Ադրբեջանի կառավարության հայցն ընդդեմ երկու ֆրանսիացի լրագրողների՝ Էլիզ Լյուսեի և Լորան Ռիշարի: Վերջիններս երկու տարի առաջ ֆրանսիական հանրային հեռուստաընկերության եթերում բռնապետական էին որակել Ալիևի վարչակազմը:

Պաշտոնական Բաքուն նրանց մեղադրում է զրպարտության մեջ: 2015 թվականի սեպտեմբերին «Ֆրանս 2» հեռուստաընկերության եթերում լրագրողները ներկայացրել են Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի մասին փաստագրական մի ֆիլմ, որում պատմում են նաև նկարահանումների ժամանակ իրենց հետապնդման, նկարահանումներից հետո էլ՝ իրենց խուզարկության մասին:

Այդ խուզարկոթյունից հետո, ադրբեջանցի իրավապահների պնդմամբ՝ առգրավվել են ընդդիմադիր ակտիվիստների և իրավապաշտպանների հետ հարցազրույցների տեսաձայնագրություններ։ Հետաքննող լրագրողները ներկայացրել են նաև եվրոպացի փորձագետների հետ հարցազրույցներ, ովքեր քննադատել են միջազգային կառույցներին ու եվրոպացի առաջնորդներին՝ «Ալիևի ձեռքը սեղմելու համար», երբ «նրա երկրում բանտարկում են ռեժիմի այլախոհներին»:

Ֆրանսիացի լրագրողներն այսքանով չեն բավարարվել, ֆիլմում տեղ է գտել նաև Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հետ բավական ուշագրավ մի երկխոսություն: Փարիզում մեկը մյուսին հաջորդող միջոցառումների ժամանակ Ադրբեջանը որպես հանդուրժող երկիր ներկայացնող Մեհրիբան Ալիևային լրագրողը փորձել է ճշտող հարց տալ՝ «Իսկապե՞ս Ադրբեջանը հանդուրժող երկիր է»: «Իհարկե»,- շփոթված պատասխանել է Ադրբեջանի առաջին տիկինը: Լրագրողը, սակայն, շտապել է նրան հիշեցնել, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին բազմաթիվ զեկույցները հակառակն են վկայում, մասնավորապես, այն, որ երկրում տասնյակ քաղբանտարկյալներ կան:

«Ինչպե՞ս կարող եք նման բան ասել»,- զարմացել է տիկին Ալիևան ու պնդել․ «Դա այդպես չէ, խորհուրդ եմ տալիս գնալ և տեղում համոզվել դրանում»: Այնուհետև Իլհամ Ալիևի կինը շտապ հեռացել է ֆրանսիացի լրագրողի տեսադաշտից, իսկ նրա թիկնապահները լրագրողին հրահանգել են լռել: «Մենք Ֆրանսիայում ենք»,- թիկնապահներին հիշեցրել է լրագրողը՝ ընդգծելով, որ իր երկրում լրագրողները հարցեր հնչեցնելու իրավունք ունեն:

«Ադրբեջանն այլևս չի պատրաստվում հանդուրժել նման վերաբերմունքը և դատի կտա նրանց, ովքեր կզրպարտեն երկիրը»,- ֆրանսիացի լրագրողների ստեղծած ֆիլմի ցուցադրությունից ժամեր անց հայտարարել է պաշտոնական Բաքվի շահերը ներկայացնող փաստաբանը:

Այսօր արդեն դատարանում գտնվող այս գործով պաշտպանական կողմից հանդես կգան մի շարք հայտնի իրավապաշտպաններ ու լրագրողներ, այդ թվում՝ Ադրբեջանի վարչակազմի կողմից հալածանքների ենթարկված «Ազադլիգ» թերթի թղթակից Ագիլ Խալիլը, իրավապաշտպան Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը: «Չբավարարվելով սեփական երկրում բազմակարծությունը արմատախիլ անելով՝ Ալիևի վարչակազմը հիմա էլ իր քննադատներին թիրախավորում է արտերկրում»,- դատական նիստից առաջ հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG