Մատչելիության հղումներ

Վրաստանում ուսումնական տարվա մեկնարկից հաշված օրեր առաջ փակվել է Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի անվան հետ կապվող դպրոցը։

Վրացական իշխանությունները տեղի ունեցածը պայմանավորում են դպրոցում հայտնաբերված խախտումներով, իսկ փորձագետները պնդում են, որ տեղի ունեցածն անկարայի ճնշումների արդյունքն է։

1993 թվականից գործող Դեմիրելի անվան թուրքական քոլեջը փակվել է Վրաստանում սեպտեմբերի կեսերին մեկնարկող նոր ուսումնական տարվա նախաշեմին։ Երկրի կրթության նախարարությունը պնդում է, որ լուրջ խախտումներ է արձանագրել, ինչն էլ ստիպել է պետությանը արտոնագրից զրկել ուսումնական այդ հաստատությանը։

Խախտումները, ըստ կրթության նախարարության ներկայացուցիչ Գիյա Բուրգուլիայի, օտարերկրացի աշակերտների հետ են կապված։

«Դեպքեր ենք հայտնաբերել, երբ արտասահմանցի աշակերտները մեկ օրում կարող էին հանձնել միանգամից մի քանի քննություն և ստանալ համապատասխան փաստաթղթեր», - «Ազատության» «էխո Կավկազա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Վրաստանի կրթության նախարարության ներկայացուցիչը՝ հերքելով պնդումները, թե դպրոցը փակվել է հարևան Թուրքիայի իշխանությունների ճնշումների արդյունքում։

Մինչդեռ Գյուլենի անվան հետ կապվող ուսումնական այդ հաստատությունն առաջին անգամը չէ հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում. ամիսներ առաջ թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի Վրաստան կատարած այցի ժամանակ վրաց իրավապահները թուրքական կողմի պահանջով ձերբակալեցին դպրոցի նախկին տնօրեն Էմրե Չաբուկին։

Վրաստանում բացի Դեմիրելի անվան դպրոցից, փակվել է նաև Գյուլենի անվան հետ կապվող մեկ այլ ուսումնական հաստատություն՝ Բաթումիի «Շահինի» անվան դպրոցը, որի դեպքում էլ վրաց իշխանությունները հավաստիացրել են, թե որոշումը բացառապես կթական դրդապատճառներ ունի։

Թուրքիայում անցած տարի տեղի ունեցած հեղաշրջման հետևում, հիշեցնենք, թուրքական իշխանությունները Միացյալ Նահանգներում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին են տեսնում։ Նրա հարյուրավոր համախոհներ գտնվում են ճաղերի ետևում, իսկ նրա անվան հետ կապվող կազմակերպությունները Թուրքիայում հռչակվել են ահաբեկչական կազմակեպություններ։

Գյուլենական իսլամական շարժումը, որը տարիների ընթացքում վերածվել է համաշխարհային ցանցի, հարյուրավոր երկրներում դպրոցներ ունի։ Էրդողանի վարչակազմը ոչ միայն երկրի ներսում է փակում այդ դպրոցները, այլ նաև պահանջում է նույնն անել դրսում։

Վրաց քաղաքագետների համոզմամբ, երկրում թուրքական դպրոցների դեմ արշավը Անկարայի ճնշումների արդյունք է։

«Շատ ցավալի է, որ Վրաստանի իշխանությունները չեն կարողանում սկզբունքայնություն դրսևորել այդ հարցում։ Ի վերջո տեղի ունեցածը ամենավատ ձևով անդրադառնալու է Վրաստանի միջազգային վարկանիշի վրա», - մեկնաբանել է քաղաքագետ Գիա Նոդիան։

Քաղաքագետ Նիկա Չիտաձեի խոսքով՝ Վրաստանի իշխանությունները ստիպված են զիջում թուրքական կողմին, քանի որ Թուրքիան համարվում է Վրաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը, ամենամեծ ներդրողը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG