Մատչելիության հղումներ

Ռուսներն ԱՄՆ-ին մեղադրում են «պետական խուլիգանության» մեջ


Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկով
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկով

Ռուս-ամերիկյան դիվանագիտական ճգնաժամը հետզհետե խորանում է․ Մոսկվան պահանջում է անհապաղ վերադարձնել ամերիկյան իշխանությունների պահանջով փակված հյուպատոսարանի և առևտրային ներկայացուցչությունների շենքերը: Միացյալ Նահանգները դրանք առգրավել է՝ ի պատասխան Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների թիվը կրճատելու Մոսկվայի պահանջի:

Ռուսաստանի պատվիրակության կազմում Չինաստան՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մեկնած փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Սիանմենում անդրադարձել է ռուս-ամերիկյան վեճին և «պետական խուլիգանություն» է անվանել մոսկվային պատկանող դիվանագիտական կառույցների գրավումը:

«Մեր օբյեկտները՝ Սան Ֆրանցիսկոյում գլխավոր հյուպատոսարանը, Վաշինգթոնում առևտրային ներկայացուցչությունը և Նյու Յորքում դրա մասնաճյուղը խուզարկության ենթարկելը խայտառակություն էր: Ամերիկացիները պնդում են, թե դա զննություն էր, բայց ոչ, դա խուզարկություն էր», - ասել է Ռյաբկովը:

Նրա խոսքով, որոշ երկրներ տարիներ առաջ մեղադրվել են պետական մակարդակով ահաբեկիչներին հովանավորելու համար: «Ես այս իրադարձությւնները կանվանեմ «պետական խուլիգանություն», - հայտարարել է փոխարտգործնախարարը:

Մոսկվան ռուսաստանյան դիվանագիտական օբյեկտները փակելու և այնտեղ զննություն անցկացնելու ամերիկացիների որոշումը համարում է «բացահայտ թշնամական արարք» և սպառնում կոշտ պատասխանով:

«Մենք չենք շտապելու, բայց անպայման կպատասխանենք, քանի որ հարկ է վերլուծել ստեղծված իրավիճակը: Դյուրին չէ միանգամից արձագանքել, երբ գործ ունես խուլիգանների հետ, սակայն արձագանք կլինի», - ասել է Ռյաբկովը:

Ռուսները հիմա ամերիկացիների գործողությունները «ռեյդերային գրավում» են անվանում: Այդ եզրը անցած շաբաթ օրը շրջանառության մեջ է դրել Միացյալ Նահանգներում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ալեքսանդր Ստադնիկը․ - «Եթե համառոտ ասեմ, ապա մենք միջազգային հարաբերությունների համակարգում վանդալիզմի աղաղակող օրինակի՝ արտասահմանում Ռուսաստանի գույքի ռեյդերային գրավման ականատեսն ենք»:

Նույն միտքը երեկ կրկնել է Ռուսաստանի արտգործնախարարության մամլո ծառայության ղեկավար Մարիա Զախարովան, ով «Ռոսիա 1» հեռուստակայանի «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրի եթերում խստորեն դատապարտել է ամերիկացիների գործողությունները՝ հայտարարելով․ - «Դա բացարձակ ռեյդերային գրավում է: Խոսքը Ռուսաստանի Դաշնության սեփականության մասին է: Այն ձեռք է բերվել ոչ թե այսօր կամ երեկ, այլ շատ վաղուց: Ինչո՞ւ ռեյդերային գրավում: Ես հիմա մի սենսացիոն բան կասեմ՝ մեզ պետդեպարտամենտի խողովակով ոչ թե ակնարկել, այլ ուղիղ ասել են, որ ակնկալում են, որ մենք այդ օբյեկտները կվաճառենք ամերիկյան պետությանը»:

Զախարովայի համոզմամբ, այդ ամբողջ պատմությունն ամերիկյան կողմի համար անհրաժեշտ էր ապացուցելու համար ռուսների միջամտությունն ԱՄՆ-ի ներքին գործերին և մասնավորապես՝ նախագահական ընտրություններին:

Ամերիկյան կողմը պնդում է, որ ձեռնարկել է միանգամայն օրինական միջոցներ՝ ռուսներից պահանջելով մինչև սեպտեմբերի 2-ն ազատել Սան Ֆրանցիսկոյում գլխավոր հյուպատոսարանի շենքը և վաշինգթոնյան ու նյույորքյան առևտրային ներկայացուցչությունները:

Պետական դեպարտամերնը հայտնել է, որ այդ օբյեկտներում զննությունը կատարվել է ռուսաստանցի պաշտոնյաների ներկայությամբ: Այդ քայլին Վաշինգթոնը դիմել է ի պատասխան Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների կորպուսից 755 աշխատողների հայրենիք վերադարձնելու Մոսկվայի պահանջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG