Մատչելիության հղումներ

Նշվեց Ռոբերտ Էմիյանի առայժմ չգերազանցված ռեկորդի 30-ամյակը


Էմիյանը հիմա մեկ ցանկություն ունի․ որ իր սահմանած ռեկորդը վերջապես գերազանցողներ լինեն:

Գյումրեցի հեռացատկորդ Ռոբերտ Էմիյանի Եվրոպայի ռեկորդը՝ 8 մետր 86 սանտիմետր, անգերազանցելի է մնում արդեն 30 տարի: Էմիյանը հիմա մեկ ցանկություն ունի․ որ իր սահմանած ռեկորդը վերջապես գերազանցողներ լինեն․ - «Ես շատ կուզենայի, որ իմ ռեկորդս կոտրեն: Ովքեր սիրում են ատլետիկան, ովքեր լսում են իրենց մարզչին, իրենց սպորտային ղեկավարներին»:

Հեռացատկի Եվրոպայի 6-ակի չեմպիոն Իգոր Տեր-Հովհաննիսյանը հիշեցնում է, որ հայերը Եվրոպայի ռեկորդը պահում են արդեն 60 տարի․ - «Ես առաջին եվրոպացին եմ, որ 8 մետրից ավելի եմ ցատկել: Հաջորդ տարի կլրանա 60 տարին: Իսկ Էմիյանը 1987-ին ցատկեց 8 մետր 86 սանտիմետր: Դա Եվրոպայի ռեկորդ է: Կարելի է ասել, որ 60 տարվա ընթացքում 2 հայ պահում են Եվրոպայի ռեկորդը 60 տարի՝ սկզբում Տեր-Հովհաննիսյանը, հետո Էմիյանը: Ես կարծում եմ և հույս ունեմ, որ Եվրոպայի հաջորդ ռեկորդակիրը ևս հայ է լինելու»:

Իգոր Տեր-Հովհաննիսյանը Էմիյանի հաջողությունները կապեց նրա մարզչի՝ Մկրտիչ Կարապետյանի հետ՝ շեշտելով, որ հենց նա գտավ ու բացահայտեց Էմիյանին․ - «Նա գտավ Էմիյանին: Նա արդեն 8 թե 10 տարեկան էր: Ես Ռոբերտին հարցրի՝ նա օգնո՞ւմ է քեզ տեխնիկապես կամ այլ կերպ: Ասաց՝ իհարկե, բայց ամենագլխավորն այն էր, որ կարծես հայրս լինի: Նա ոչ միայն մարզում էր Էմիյանին, այլև որպես քաղաքացի դաստիարակեց, ինչը շատ ավելի կարևոր էր»:

Հիմա և՛ Էմիյանը, և՛ Կարապետյանը Ֆրանսիայում են բնակվում: Իր սանի ռեկորդի սահմանման 30-ամյակի միջոցառմանը Մկրտիչ Կարապետյանը չկարողացավ մասնակցել: Փոխարենը որդին՝ Սիմոնն էր եկել: Մկրտիչ Կարապետյանը հատուկ տեխնակական հնարքների կիրառմամբ է իր սանին կարողացել չեմպիոն դարձնել:

Ինչպես որդին բնութագրեց, այդ առումով հայրը հեղափոխական է․ - «Ստանդարտ մարզաձը թռիչք երկարությունը նա ստեղծեց իր ձևով: Նոր մեթոդներ, նոր տեխնոլոգիաներ, նոր տեխնիկական հնարքներ կիրառելով՝ նա ունեցավ մեծ հաջողություններ: Ռոբերտ Էմիյանի 30-ամյա ռեկորդը երևի կվկայի այդ մասին»:

Մկրտիչ Կարապետյանը հատուկ տեսաուղերձ էր հղել՝ անդրադառնալով Էմիյան-Կարապետյան ֆենոմենին, որում, մասնավորապես, ասում է․ - «Սկսվեց մի համատեղ հետաքրքիր, պրպտուն, քրտնաջան աշխատանք, ծանր, բայց հաճելի աշխատանք։ Նոր տեխնիկական հնարքների փնտրտուքներ, բիոմեխանիկական անհատականությունների արժեգրում՝ հիմնված ժամանակակից գիտության և փորձի վրա: Նման աշխատանքը հետագայում բարձր արդյունքների հասնելու երաշխիք էր, և այն երբեք չդավաճանեց մեզ: Ես զգում էի, որ ալմաստ եմ մշակում: Միշտ զգույշ էի, որ մշակածս ադամանդ դառնա՝ իր արժեքին համապատասխան»:

Ռոբերտ Էմիյանը, իր հերթին, սեփական նվաճումները կապեց մարզչի հետ․ - «Հաղթեցի ոգևորության, քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Օգտվելով առիթից՝ ես խորին շնորհակալությունս եմ հայտնում իմ մարզիչին՝ Մկրտիչ Կարապետյանին, որի հետ մեկտեղ երկար տարիներ աշխատելով, մեծագույն աշխատանք կատարելով, շատ քրտնելով, անքուն գիշերներ անցկացնելով՝ կարողացել ենք հաջողությունները, անհաջողությունները միասին հաղթահարել»:

Արդեն 16-րդ տարին է, որ Ֆրանսիայից Գյումրի ժամանող Էմիյանը իր անունը կրող միջազգային մրացաշարն է կազմակերպում: Այս տարի մասնակցում էին 9 երկրների հեռացատկորդներ:

Ռոբերտ Էմիյանը օրեր առաջ նաև Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ է վերընտրվել: Ասում է՝ ոլորտում անելիքները շատ են․ - «Ատլետիկայով զբաղվողները չունեն միջազգային ստանդարտին համապատասխան պայմաններ: Ես այդ ուղղությամբ աշխատում եմ: Իմ կոլեկտիվով, իմ հայկական սպորտային աշխարհով փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի դժվարությունները հաղթահարենք»:

Իգոր Տեր-Հովհաննիսյանը ևս անդրադարձավ ոլորտի խնդիրներին ու թեթև ատլետիկայի հեռանկարներին: Ասաց, որ պետք է տաղանդների փնտրել: Կարելի է հատուկ հիմնադրամ ստեղծել ու կենտրոն կառուցել: Այսօր, սակայն, հեռանկարը մշուշոտ է երևում․ - «Ենթակառուցվածքներ չկան, մարզդաշտ չկա և այլն: Գիտեք, ամենակարևորն այն է, որ լինի քաղաքական կամք: Ռոբերտը ֆեդերացիայի նախագահն է: Պետք է նրա շուրջը համախմբվել այն մարդկանցով, ովքեր փող ունեն, քաղաքական կամք, որ ինչ-որ բան փոխեն Հայաստանի թեթև ատլետիկայի ոլոտում: Հույս ունեմ, որ կփոխվի»:

Ի դեպ, Էմիյանի ռեկորդի 30-ամյա հոբելյանին զուգահեռ նշվեց նաև նրա անունը կրող մարզադպրոցի 50-ամյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG