Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ կարգով կքննարկի Փհենյանի գործողությունները


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը

Օրերս Հյուսիսային Կորեան հայտարարել է, թե ջրածնային ռումբ է փորձարկել:

Մի քանի ժամից ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ կանցկացնի Հյուսիսային Կորեայի հարցով: Անցած շաբաթավերջին Փհենյանը հայտարարել էր, թե ջրածնային ռումբ է փորձարկել, որը հնարավոր է տեղադրել միջմայրացամաքային հրթիռների վրա:

Արևմտյան լրատվամիջոցներ համոզմամբ՝ Անվտանգության խորհրդի անդամներն, անկասկած, կդատապարտեն Փհենյանի միջուկային նկրտումները: Այլ հարց է, թե արդյո՞ք այս անգամ էլ նրանք միակարծիք կլինեն հավելյալ պատժամիջոցներ սահմանելու հարցում: Միացյալ Նահանգները, Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան պնդում են, որ հարկ է խստացնել սահմանափակումները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ Վաշինգտոնը կարող է անգամ պատժամիջոցներ սահամանել այն երկրների նկատմամբ, որոնք կշարունակեն տնտեսական հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ: Թրամփի հետ զրույցում լրագրողները նաև հետաքրքրվել են՝ հնարավո՞ր է, որ Միացյալ Նահանգները ռազմական գործողություն իրականացնի: Ի պատասխան, ԱՄՆ նախագահն ասել է․ «Կտեսնենք»։ Պենտագոնի ղեկավար Ջեյսմ Մատիսն ավելի հստակ է արտահայտվել, Սպիտակ տանն անցկացված հանդիպումից հետո արձանագրելով՝ Հյուսիսային Կորեայի կողմից ցանկացած սպառնալիք կստանա զանգվածային ու ռազմական պատասխան:

«Միացյալ Նահանգների ու նրա տարածքների, այդ թվում՝ Գուամի կամ մեր դաշնակիցների նկատմամբ ցանկացած սպառնալիք իր հակահարվածը կստանա՝ հզոր ու արդյունավետ հակահարված», - ասել էր Մատիսը:

Ռուսաստանն ու Չինաստանը, մինչդեռ, առայժմ դեմ են ինչպես պատժամիջոցները խստացնելու, այնպես էլ ռազմական միջամտության տարբերակներին: Պեկինն ու Մոսկվան աշխարհի այն փոքրաթիվ երկրների շարքում են, որոնք տնտեսական կապեր ունեն միջազգային պատժամիջոցների թիրախում հայտնված Փհենյանի հետ: ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ հանդիսացող այդ եկու երկրները պնդում են, թե նոր սահմանափակումներ կիրառելուց առաջ անհրաժեշտ է մանրազնին կերպով քննել իրավիճակը:

«Կորեական թերակղզու միջուկային խնդիրը չունի ռազմական լուծում» ,- այսօր հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակը: - «Տևական ժամանակ Չինաստանը հետամուտ է եղել Կորեական թերակզու ապամիջուկայնացմանը և շարունակում է հավատարիմ մնալ այս տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը՝ երկխոսության, քննարկումների ու խաղաղ բանակցությունների ճանապարհով»:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն էլ պնդել է՝ Փհենյանի վրա կարելի է ազդել միայն երկխոսության իրատեսական պայմաններ առաջարկելով: «Այստեղ շատ բան կախված է Միացյալ Նահանգներից», - ասել է ՌԴ փոխարտգործնախարարը՝ ընդգծելով, որ Մոսկվան աշխատելու է ՄԱԿ-ի բանաձևում ամրագրել, որ որևէ պետություն միակողմանի պատժամիջոցներ սահմանելու իրավունք չունի, և որ պետք է այս հարցում անհապաղ քաղաքական լուծումներ գտնել:

Ռուսաստանն ու Չինաստանը, մասնավորապես, առաջարկում են փոխզիջումային տարբերակ: Ըստ այդմ՝ Հյուսիսային Կորեան պետք է դադարեցնի իր միջուկային ծրագիրը, իսկ Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան պետք է վերջ տան համատեղ զորավարժություններին:

Վաշինգտոնը, սակայն, առարկում է, հայտարարելով՝ հրապարակավ անցկացվող և միջազգային համայնքի կողմից դիտարկվող վարժանքները որև կերպ չեն կարող համեմատվել Փյենյանի միջուկային փորձարկումների հետ, ինչը քննադատության է արժանանում ողջ աշխարհի կողմից:

Ավելին՝ Սեուլն ու Վաշինգտոնը հայտարարում են, թե մտադիր են է՛լ ավելի ընդարձակել ռազմական համագործակցությունը և Հարավային Կորեայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայել, որոնք, ըստ ռազմական փորձագետների, կարող են ոչնչացնել Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռները:

Ռուսատանն ու Չինաստանը, մինդեռ, խստորեն ընդդիմանում են այդ ծրագրին, պնդելով, թե գերժամանակակից այդ համակարգերը խախտում են ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում:

«Եթե այդ ամենը կատարվի այսպիսի մտահոգիչ տեմպերով, ապա անխուսափելիորեն ինչ-որ պահի թերևս Ռուսաստանում էլ կհասունանա ռազմական իմաստով հակազդելու և հակակշիռներ ստեղծելու հարցը», - այսօր հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG