Մատչելիության հղումներ

«Իսլամական պետությունը» շարունակում է տարածքներ կորցնել Սիրիայում


Կիրակի օրը ծավալված մարտերի ընթացքում սիրիական կառավարական բանակը և դաշնակից ուժերը լուրջ հաջողություններ են արձանագրել երկրի արևելքում:

Հաղորդվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը ընդհուպ մոտեցել են Դեյր էզ Զոր քաղաքին, որի մի մասը 2014 թվականից ի վեր գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների հսկողության ներքո:

Սիրիական բանակի այս գործողությունը հնարավորություն կտա ապաշրջափակել քաղաքում տեղակայված կառավարական ուժերի ստորաբաժանումներին, որոնք լիակատար շրջապատման պայմաններում իսլամիստ զինյալների դեմ պայքարում են շուրջ երեք տարի:

Սիրիական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կառավարական բանակն ու դաշնակիցները Դեյր էզ Զորը գրոհում են միանգամից երեք ուղղություններով. ըստ վերջին տվյալների քաղաքում շուրջ 125 հազար խաղաղ բնակիչ կա, որոնք ամիսներ շարունակ գտնվում են ծայրահեղ ծանր պայմաններում: Սիրիայի ռազմական գերատեսչությունը հույս ունի քաղաքն ազատագրել երկու օրվա ընթացքում:

Այսպիսով, ինչպես պնդում են Սիրիայի և Իրաքի իշխանությունները՝ «Իսլամական պետություն» խմբավորումը, որը 2014 թվականի վերջերին Սիրիայում և Իրաքում զավթել էր 11 միլիոն բնակչություն ունեցող տարածք, վերջին շրջանում աննախադեպ պարտություն է կրում: Այժմ ջիհադիստների վերահսկողության տակ է մնացել այդ տարածքի 40 տոկոսը՝ 2,5 միլիոն բնակչությամբ: Այս հաղթանակն ի վերջո հնարավոր դարձավ ջիհադիստների դիրքերի վրա հնարավոր բոլոր կողմերից հարձակումների շնորհիվ: Սիրիայի Արևմուտքում «Իսլամական պետության» դեմ պայքարում են Ռուսաստանի աջակցությունը վայելող սիրիական կառավարական բանակն ու դաշնակից ուժերը, քրդերը ջիհադիստների վրա հարձակվում են հյուսիսից, իսկ իրաքյան բանակը՝ հարավից և արևմուտքից: Թե՛ քրդերին, թե՛ իրաքցիներին աջակցում է Միացյալ Նահանգները: Իրաքում «Իսլամական պետությունը» ստիպված եղավ հանձնել Մոսուլը, որն իսլամիստները հռչակել էին իրենց մայրաքաղաք։ Ավերակների վերածված քաղաքն ազատագրելու գործողությունները տևեցին 9 ամիս:

Ավելի քան վեց տարի շարունակվող սիրիական պատերազմը, հիշեցնենք, սկիզբ առավ նախագահ Բաշար Ասադի դեմ ընդդիմության բողոքի ցույցերից: Հակակառավարական ուժերին այդպես էլ չհաջողվեց տապալել Ասադի ռեժիմը, փոխարենը երկրում գլուխ բարձրացրեցին ահաբեկչական բազմաթիվ խմբավորումներ՝ մասնավորապես «Իսլամական պետությունը»: Սիրիայում տարիներ շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով ՄԱԿ-ի տվյալներով զոհվել է շուրջ 300 հազար բնակիչ, ավելի քան 5 միլիոն մարդ փախստական է դարձել՝ ապաստան գտնելով հարևան Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում, ինչպես նաև եվրոպական երկրներում, Միացյալ Նահանգներում, Կանադայում:

Հայաստանի կառավարության տվյալներով՝ սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 20 հազար սիրիահայ, Սիրիայում շարունակում է մնալ 14 հազար հայ, նրանց կեսը՝ Հալեպում։

Չնայած վերջին շրջանում ընդհանուր թշնամու՝ իսլամիստ ծայրահեղականների նկատմամբ արձանագրած նշանակալի հաջողություններին, սիրիական կառավարական բանակն ու ընդդիմությունը հեռու են հաշտեցումից. սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ մարտական գործողություններին զուգահեռ շարունակվում են նաև բանակցությունները: Հաջորդ շաբաթ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կմեկնարկի սիրիական բանակցությունների հերթական փուլը, որի մասնակիցները՝ այդ թվում Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, պետք է հստակեցնեն Սիրիայում դեէսկալացիայի գոտիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG