Մատչելիության հղումներ

«Հստակ է, որ Թուրքիան չպետք է ԵՄ անդամ դառնա»․ Անգելա Մերկել


Անգելա Մերկել և Մարտին Շուլց
Անգելա Մերկել և Մարտին Շուլց

Բունդեսթագի ընտրություններին ընդառաջ՝ Գերմանիայում կայացել է կանցլերի թեկնածուների հեռուստաբանավեճը:

Թուրքիայի հետ Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունները պետք է դադարեցվեն: Այդ մասին կիրակի երեկոյան նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը: Նա նշել է, որ պատրաստվում է Եվրամիության անդամ մյուս պետությունների ղեկավարների հետ քննարկել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունների դադարեցման հնարավորությունը:

«Ես երբեք էլ չեմ հավատացել, որ Թուրքիան կարող է դառնալ Եվրամիության անդամ: Ավելին՝ հստակ է, որ Թուրքիան չպետք է ԵՄ անդամ դառնա»,- ասել է Մերկելը: Գերմանիայի խահրդարանի` Բունդեսթագի ընտրություններին 20 օր է մնացել, քվեարկությունը կայանալու է սեպտեմբերի 24-ին: Նախընտրական բանավեճին մասնակցել է նաև Մերկելի հիմնական մրցակիցը համարվող՝ Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցը:

Նա ևս խստորեն քննադատել է Թուրքիային, մասնավորապես, նշելով. «Եթե ես կանցլեր դառնամ, չեղյալ կհամարեմ Թուրքիայի հետ միգրացիոն պայմանագիրը: Ես նույնպես կոչ կանեմ՝ դադարեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները: Մենք հասել են այնտեղ, որ Գերմանիայի քաղաքացիները չեն կարող ապահով ճամփորդել Թուրքիա: Մենք պետք է չեղարկենք ֆինանսական, տնտեսական կապերը, դադարեցնենք մաքսային միության և ադամակցության հարցերով բանակցությունները Թուրքիայի հետ: Մենք չենք կարող դա միայնակ անել և պետք է բանակցենք Եվրամիության մեր գործընկերների հետ»:

Արձագանքելով այս հայտարարություններին, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինն այսօր «Թվիթերի» իր էջում գրել է. «Այն փաստը, որ Գերմանիան և Եվրոպան հարձակվում են Թուրքիայի ու Էրդողանի վրա, անտեսելով իրենց հիմնական ու հրատապ խնդիրները՝ վկայում է Եվրոպայի նեղացող հորիզոնի մասին»: «Հուսով ենք՝ կվերանա այն խնդրահարույց մթնոլորտը, որի արդյունքում տուժում են թուրք-գերմանական հարաբերությունները», - նաև գրել է Էրդողանի խոսնակը:

Թուրքական թեմայից բացի, Գերմանիայի կանցլերի թեկնածուներն ավելի քան ժամուկես տևողությամբ բանավեճում անդրադարձել են նաև Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումների խդրին, ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ հարաբերություններին, փախստականների հետ կապված հարցերին: ARD TV-ի հեռուստադիտողների կարծիքով՝ հեռուստաբանավեճում հաղթել է Մերկելը: Հարցվածների 55 տոկոսի կարծիքով, նրա խոսքն ավելի համոզիչ էր: Մարտին Շուլցին նախապատվություն է տվել է հարցվածների 35 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG