Մատչելիության հղումներ

ՊՀԹ-ի նոր գեղարվեստական ղեկավարը Դավիթ Հարությունյանն է


Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանը
Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանը

Երևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի՝ ի դեմս թատրոնի ռեժիսոր Դավիթ Հարությունյանի:

Այս թատրոնը 21 տարի ղեկավարած Հակոբ Ղազանչյանն «Ազատության» հետ զրույցում ի պատասխան հարցին, թե ինչու որոշեց հեռանալ Պատանի հանդիսատեսի թատրոնից, ասաց․ - «Մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ իրենց թվում է, որ բավական է, հարկավոր է ինչ-որ բան փոխել: Ընդհանրապես ճիշտ է այսպես դուրս գալը․․․ Հետո այդ թատրոնն այն թատրոններից է, որ շատ ուշադրություն է պահանջում: Եվ ես մի պահ զգացի, որ այն պատշաճ ուշադրությունը չկա, և նույնիսկ ժամանակ չէր մնում ավելի խիստ լինել կազմակերպչական որոշ հարցերի մեջ: Ժամանակ չկար, արդեն հոգսերը շատ էին: Անընդհատ արտասահման մեկնել բեմադրության, երկար ժամանակով թատրոնը պարապ թողնել: Իսկ կոլեկտիվը երկար ժամանակով պարապ թողնել չի կարելի․․․ Գուցեև պարապ չէ, գուցեև գործեր արվեին, բայց միևնույն է գեղարվեստական ղեկավարի պակասը զգացնել է տալիս»:

Անդրադառնալով Դավիթ Հարությունյանի ընտրությանը՝ Ղազանչյանն ասաց․ - «Ես ի սկզբանե ասացի, որ ես չեմ խառնվելու: Հույս ունեմ, որ նորմալ կաշխատի Դավիթը: Էնտեղ է ինքը կայացել որպես բեմադրիչ: Հինգ ներկայացումներից գոնե մեկը, իմ կարծիքով, շատ հաջողված գործ էր (Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը»), որի համար արժանացավ «Արտավազդ» մրցանակի: Իր մոտ պահանջկոտության տարրը կա․․․ Ես շատ ուզում եմ, որ գործերը լավ գնան այդ թատրոնում, որովհետև դա ինձ համար միշտ մնալու է որպես հարազատ թատրոն»:

Հարցին, թե ինչն էր իր համար ամենակարևորը Պատանի հանդիսատեսի թատրոնում աշխատած տարիների ընթացքում, Հակոբ Ղազանչյանն արձագանքեց․ - «Ամենակարևորը, որ ես ավելի սովորեցի: Շատ բան սովորեցի մասնագիտական առումով: Չնայած մինչ այդ ղեկավարել էի երկու թատրոններ, ընդ որում՝ մեկը Գյումրիի թատրոնը, որը մեր ֆունդամենտալ թատրոններից մեկն է, բայց Պատանի հանդիսատեսի թատրոնում, ինձ թվաց, որ մի քիչ ավելի հեշտ էր գնում մտահղացումներն իրականացնելու պրոցեսը: Շատ հետաքրքիր խումբ հավաքվեց դերասանական: Ես կարծում եմ, որ սկզբունքորեն ես ինքս անցա մի այլ էտապ ռեժիսուրայի: Ինչը ստացվե՞ց: Չստացվեց մենեջմենթը: Չստացվեն այն, ինչը ինչնից կախված չէր: Օրինակ, մեր հրաշալի ներկայացումները․․․ միայն փառատոներում էին խաղացվում, որտեղ մրցանակների էին արժանանում, բայց էստեղ չստացվեց: Ներկայացումը պետք է ճիշտ ներկայացվի հանդիսականին, պետք է գովազդվի, պետք է տոմսային տնտեսությունը ճիշտ կազմակերպվի: Բայց մենք մնացինք աբոնեմենտների տարածման վրա․․․ Իհարկե կարելի էր այդ ամեն ինչը քանդել, հիմնահատակ փոխել, բայց ես մտածեցի, որ ավելի լավ է, թող ուրիշն անի: Ես փորձեցի ամեն դեպքում ռեպերտուարը դուրս բերել այն կաղապարից, որ սա պատանի հանդիսատեսի թատրոն է, այստեղ պետք է մանկական ներկայացումներ լինեն: Մինչև հիմա պարզ չի, թե պատանին որ տարիքից է դառնում երիտասարդ, մանավանդ մեր օրերում․․․ Ես գտնում եմ, որ «պատանի հանդիսատեսի թատրոն» հասկացողությունը արդեն ժամանակավրեպ է: Օրինակ, Ռուսաստանում հիմա բոլոր այդ թատրոնները վերանվանվել են երիտասարդական թատրոնների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG