Մատչելիության հղումներ

Եթե չկա ուժեղ ընդդիմություն, ցանկացած Սահմանադրության դեպքում Սերժ Սարգսյանը կարող է մնալ իշխանության ղեկին. «Ելք»-ի անդամ


Արդյո՞ք 2018 թվականը լավ առիթ է Հայաստանում իշխանափոխություն անելու համար, «Ելք» դաշինքը դեռ չի հստակեցնում։

Դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ժամանակ ասաց՝ հարցին կանդրադառնան ավելի ուշ, երբ որ «Ելք»-ի մաս կազմող կուսակցությունները քննարկումներ ունենան։

Հարությունյան. - Ես այս հարցին կուզեի մի փորք ավելի ուշ անդրադառնալ, երբ որ դաշինքի մաս կազմող կուսակցությունները քննարկումներ ունենա այս հարցի հետ կապված, նրանից հետո նոր արդեն քննարկենք՝ թե արդյո՞ք դա հնարավորություն է, թե՞՝ հնարավորություն չէ Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխության համար։

«Ազատություն». - Կարո՞ղ եք այսօր պնդել, որ ժամանակին ճիշտ էր ձեր դիրքորոշումը, մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշումը՝ ակտիվ պայքար չմղել սահմանադրական փոփոխությունների դեմ։ Ինչո՞ւ եմ հարցնում, որովհետև, եթե Սերժ Սարգսյանը որոշի վարչապետ դառնալ, փաստացի իր այդ կանխատեսումը իրականություն է դառնալու։

Հարությունյան. - Ըստ էության, այո՛։

«Ազատություն». - Այդ դեպքում ինչպե՞ս էր, որ կեղծ էր այդ օրակարգը, և չպետք էր պայքարել դրա դեմ։

Հարությունյան․ - Մենք այդ ժամանակ բերում էինք 1999 թվականի օրինակը, որովհետև այն ժամանակ մենք ունեինք սուպերնախագահական սահմանադրություն, բայց այդ դեպքում մենք 1999 թվականի մայիսից մինչև հոկտեմբերի 27 ունեինք իրավիճակ, երբ Ռոբերտ Քոչարյանը՝ ունենալով սահմանադրությամբ մեծ լիազորություններ, անգլիական թագուհու դեր էր խաղում։ Երբ մենք անցանք կիսանախագահական համակարգին, ըստ էության ունեցանք նույն իրավիճակը, երբ ավելի լայն լիազորություններ ունեցող կառավարությունը և վարչապետը կախման մեջ էին նախագահից՝ թե՛ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, թե՛ Սերժ Սարգսյանի ժամանակ։ Մենք կարծում ենք, որ եթե մտադրություն կա, որ Սերժ Սարգսյանը մնա իշխանության, եթե չկա ինստիտուցիոնալ ընդդիմություն, ուժեղ ընդդիմություն, որը կարող է ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին հեռացնել իշխանությունից, ցանկացած Սահմանադրության դեպքում նա կարող էր և կարող է մնալ իշխանության ղեկին։

«Ազատություն». - Մի բայց կա, որ 2018-ի ապրիլին դուք չեք կարողանա նախագահական ընտրությունների մասնակցել՝ ի դեմս, օրինակ, Փաշինյանի, Սարգսյանի, Մարուքյանի ունենալ թեկնածու, խորհրդարանական ուժ եք ի վերջո կապիտալ ունեցող։

Հարությունյան. - Մենք այստեղ բերում ենք նույն փաստարկը՝ այնպիսի տպավորություն էր այն ժամանակ քննարկելիս, կարծես մենք բոլոր նախագահական ընտրություններում, մենք աելով՝ ընդդիմությունը, հաղթել էինք, և սա միակ ձևն էր, որպեսզի Սերժ Սարգսյանն այս բարեփոխումներից հետո մնար իշխանության, այսինքն՝ մենք որևէ նախագահական ընտրություն չենք հաղթել ընդդիմությամբ, և խնդիրը պետք է փնտրել ոչ թե Սահմանադրության մեջ, այլ միանգամայն այլ տեղ՝ ուժեղ, ինստիտուցիոնալ իշխանության գալու կարող ուժ ունենալու խնդիրն է այստեղ, և մենք շարունակում ենք սա պնդել, ուրեմն նաև սրան զուգահեռ հասարակական փոփոխություններ պետք է տեղի ունենան, և «Քաղաքացիական պայմանագրում» դա գրված էր, որ «Հայաստանում լուրջ վերափոխումները անհատի վերափոխման հարց է»։ Մենք այս բոլոր խնդիրները պետք է նախաձեռնենք, եթե մենք չենք ունենում իմ ասած երևույթների համադրումը, իշխանափոխությունը բավականին դժվար է լինելու ցանկացած Սահմանադրության պարագայում։

«Ազատություն». - Նշանակում է, որ 2022 թվականի ընտրությունների՞ն եք պատրաստվում։

Հարությունյան. - Եկեք չշտապենք սրա հետ կապված։

Հիշեցնենք՝ 2018-ի ապրիլին լրանում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, ինչից հետո կառավարությունը պետք է հրաժարական տա և ձևավորվի նոր կառավարություն:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG