Մատչելիության հղումներ

«Շիրակ» օդանավակայանն «աննախադեպ ցուցանիշ է» արձանագրել, նաև «դարձել է «Զվարթնոցի» այլընտրանքը»


«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը թռիչք է իրականացնում Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից, արխիվ
«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը թռիչք է իրականացնում Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից, արխիվ

Հայաստանի քաղաքավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը վերջին շրջանում ավիատոմսերի կտրուկ թանկացումը սեզոնային գործոնով է պայմանավորում: Անցած 2 ամիսներին մի շարք ուղղություններով ավիատոմսերի գները զգալիորեն (անգամ կրկնակի) բարձրացել էին: Օրինակ՝ եթե Մոսկվա-Երևան չվերթի ավիատոմս նախկինում կարելի էր ձեռք բերել 40-50 հազար դրամով, ապա հուլիսին տոմսի գինը հասել է 115 հազար դրամի:

«Տուրիստական բարձր սեզոնի ժամանակ մշտապես թանկացում է լինում, և՛ ավիատոմսերի, և՛ հյուրանոցային ծառայությունների»,- ասում է պաշտոնյան: Նրա խոսքով, «գնի նորմա» հասկացություն չկա՝ գների թելադրողը շուկան է: Ավետիսյանը նաև խուսափում է առաջիկա շրջանի համար կանխատեսումներ անել, միայն կարող է ասել, որ «տոմսերն էժանանալու են»:

Գյումրիի Շիրակ օդանավակայանից 2 ավիաընկերություն է թռիչքներ իրականացնում՝ ռուսական «Պոբեդան» և հայկական «Տարոն Ավիան»: Հայկական ընկերությունն արդեն երկրորդ «Բոինգ» մակնիշի ինքնաթիռն է բազավորել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում: ԱՄԷ-ից իր բիզնեսը Գյումրի տեղափոխած՝ գյումրեցի գործարար Գառնիկ Պապիկյանն ասում է, որ «չի փոշմանել» որոշման համար։ «Հակառակը՝ ուրախ եմ, փոշմանել եմ, որ ուշացրել եմ»,- ասում է գործարարը:

Ռուսական խոշոր ավիաընկերության հետ է մրցակցում, արդյո՞ք դիմանում է: «Արդեն հինգերորդ ամիսն է թռչում ենք, էսօրվա դրությամբ շատ լավ մրցակցում ենք: Երրորդ ինքնաթիռն էլ կբերենք 2018 թվականի մարտ ամսին»,- հարցին պատասխանում է Գառնիկ Պապիկյանը: Ի դեպ, «Տարոն ավիայի» առաջին ինքնաթիռը Մհեր Մկրտչյանի անունն է կրում, երկրորդը՝ Արամ Խաչատրյանի: Ավիաընկերությունը սպասում է դեպի եվրոպական երկրներ թռիչքներ իրականացնելու թույլտվությանը:

Քաղավիացայի գլխավոր վարչության պետն ասում է՝ «Շիրակ» օդանավակայանի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է: «Արդեն իսկ կարող ենք ասել, որ Հայաստանի օդանավակայանները դիտարկելիս անդրադառնում են ոչ միայն «Զվարթնոց» օդանավակայանին, այլ, որպես այլընտրանք, նաև «Շիրակին»,- ասում է Սերգեյ Ավետիսյանը:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն, ըստ պաշտոնական տվյալների, միայն օգոստոս ամսին շուրջ 12 հազար ուղևորի է սպասարկել: Ոլորտի պատասխանատուների գնահատմամբ՝ դա աննախադեպ ցուցանիշ է: Այս տարվա առաջին կիսամյակում «Շիրակից» շուրջ 44 300 ուղևոր է մեկենել ու ժամանել: Նույն տվյալների համաձայն, մեկնողների թիվը շուրջ 800-ով գերազանցել է ժամանողներինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG