Մատչելիության հղումներ

Երեկ երեկոյան «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կրկին հրդեհ է բռնկվել: ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ այս անգամ հրդեհի պատճառը, նախնական վարկածի համաձայն, կայծակն է:

Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի ավագ հրահանգիչ Գարի Արմաղանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ահազանգը ստացել են երեկ երեկոյան՝ 19:20-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի տեղակալից: Արմաղանյանի խոսքով՝ ով զրույցի պահին անտառում էր, դեռ կան ծխացող օջախներ, «բաց կրակ չկա»։ «Ժամը 13:30-ի դրությամբ կարող ենք ասել, որ այրվում է միայն 4-ից 5 հեկտար խոտածածկ տարածք, դեռ չենք կարող ասել, որ հրդեհն ամբողջությամբ մարված է»,- հեռախոսով փոխանցեց ԱԻՆ ներկայացուցիչը:

Արտակարգ իրավիճակների և բնապահպանության նախարարություները տեղեկացնում են, որ հրդեհը բռնկվել է արգելոցի տարածքի «Քորուզ» և «Մուսազ» կոչվող ձորակներում, կրակի տարածման վտանգ չկա, դեպքի վայրում աշխատում են 38 փրկարար, 2 քաղծառայող և արգելոցի 15 աշխատակից:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ հրդեհն է, առաջինը բռնկվել էր նախորդ ամիս՝ օգոստոսի 12-ին: Այն մարելու համար անգամ Ռուսաստանից հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռ էր հրավիրվել Հայաստան: ԱԻՆ-ից այսօր փոխանցեցին, որ առ այսօր հրդեհված տարածքներում ամենօրյա հերթապահություն է իրականացվում:

Օգոստոսի 12-ին պետական արգելոցում բռնկված հրդեհի պատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն «Ազատության» եթերում հայտարարեց, որ նախնական տվյալներով՝ շուրջ 1500 հեկտար տարածք է վնասվել, որից, նրա հաղորդմամբ, «ցավալի և անվերադարձ» կորուստը գիհու նոսրանտառային հատվածն է: Նոր տվյալներ մինչև այսօր դեռ չեն հրապարակվել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: Կոմիտեից տեղեկացանք, որ քննչական ակտիվ գործողություններ են իրականացվում, «հրապարակման ենթակա տեղեկություն այս պահին չկա»: Իսկ երեկ երեկոյան Խոսրովի անտառում բռնկված նոր հրդեհի դեպքով քրեական գործ դեռ չի հարուցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG