Մատչելիության հղումներ

Լենինգրադյան փողոցի վերանվանման հիմնավորումն Աշոտյանի համար «վիրավորական է»


Տեսարան Լենինգրադյան փողոցից

Օրերս Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը Հայաստանում փողոցները վերանվանելու նախաձեռնությունը «թշնամական գործողություն» էր որակել:

«Եթե թույլ տանք, որ ամեն հաջորդ սերունդը վերանայի ու մաքրագրի նախորդների պատմությունները, ապա մենք երբեք պատմություն չենք ունենա»: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Ելք»-ի՝ բոլշևիկյան գործիչների անուններ կրող փողոցները վերանվանելու նախաձեռնությանը, ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, հավելելով՝ «Խորհրդային Հայաստանը եղել է ՀՀ նորագույն պատմության մեջ որպես էջ, երևույթ»:

Օրերս Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն այդ նախաձեռնությունը «թշնամական գործողություն» էր որակել, հայտարարելով՝ եթե Հայաստանում դրան ընթացք տրվի, Մոսկվան ստիպված կլինի պատասխան քայլերի մասին մտածել:

Աշոտյանն այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, թե այդ հայտարարության սկզբնաղբյուրին ծանոթ չէ, սակայն Կալաշնիկովի խոսքերը չի դիտարկում որպես «հայ-ռուսական բարեկամությունն ամրապնդելու ցանկության բացակայություն»:

Իր կարծիքը հայտնելով փողոցների վերանվանման հարցի շուրջ, Աշոտյանն աշխարհի տարբեր երկրների փորձից օրինակներ բերեց: Ըստ այդմ՝ Լոնդոնում կան բազմաթիվ քաղաքական գործիչների արձաններ, որոնցից «ոչ բոլորն են հրեշտակներ ու առաքյալներ եղել», ավելին` որոշների անունները կապվում են հարյուրավոր մարդկանց մահի հետ: Չի կարելի ամեն նոր ալիքով, նախորդ ալիքի դրած ավազը սրբել, այդ պարագայում հող չի լինի, ասում է Աշոտյանն ու շարունակում․

«Ոչ մի սուրբ քաղաքական գործիչ ինձ հայտնի չէ, բացի Վարդան Մամիկոնյանից, որը սրբացվել է Հայ Առաքելական եկեղեցու կողմից: Հետևաբար, կարող են լինել հարցեր, սակայն դա չի նշանակում, որ այդ էջը մեր պատմության մասը չէ: Ինձ համար ամենավիրավորականը հարձակումն է՝ կապված Լենինգրադյան փողոցի հետ»: Աշոտյանի խոսքով՝ Լենինգրադի պաշարման ժամանակ տանջվել ու զոհվել են մարդիկ, և այս առումով Լենեինգրադյան փողոցի վերանվանման հիմնավորումները «վիրավորական են»: «Երբ Լենինգրադը դարձավ Սանկտ Պետերբուրգ, համաշխարհային պատմության դասագրքերում Լենինգրադյան բլոկադան չվերանվանվեց»,- ասաց հանրապետական գործիչը:

«Մարշալ Բաղրամյանի հետ կապված որոշ երկրներ վերապահումներ ունեն, որովհետև Սովետական բանակի հրամանատար լինելով` նա ինչ-որ մի տեղ, ինչ-որ հրաման է կատարել: Հիմա ի՞նչ, լսեն՞ք այդ մարդկանց, ասենք՝ եկեք Բաղրամյանի անվան փողոցը վերանվանե՞նք, արձանը հանե՞նք»,- հարցեր հնչեցրեց Արմեն Աշոտյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG