Մատչելիության հղումներ

Մոսկվան «կոշտ արձագանք է» նախապատրաստում Սան Ֆրանցիսկոյում ՌԴ հյուպատոսարանը փակելու որոշմանը


Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատության շենքի ցուցանակը:
Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատության շենքի ցուցանակը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան կոշտ արձագանք է նախապատրաստում Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի հյուպատոսարանը փակելու մասին Վաշինգտոնի որոշմանը:

«Մենք շատ խիստ կարձագանքենք այն քայլերին, որոնք առանց որևէ պատճառի վնասում են մեր շահերին և թելադրված են միայն Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները վնասելու ցանկությամբ», - պնդել է Լավրովը՝ միաժամանակ չմանրամասնելով, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Կրեմլն ի պատասխան:

«Մենք միայն երեկ ենք ստացել ամերիկյան նոտան, այժմ զբաղվում ենք այդ հարցով, և կարձագանքենք, երբ կավարտենք մեր ուսումնասիրությունները: Ընդամենը ուզում եմ նշել, որ այս փոխադարձ պատժամիջոցների պատմությունը ոչ թե մենք ենք հորինել, այլ Բարաք Օբամայի վարչակազմը, որպեսզի հարվածի տակ դնի ռուս-ամերիկյան հարաբերություններն ու թույլ չտա նախագահ Թրամփին իր պաշտոնավարումը սկսել կառուցողական առաջարկներով»:

Երեկ Միացյալ Նահանգները պահանջեց Ռուսաստանից մինչև սեպտեմբերի 2-ը փակել Սան Ֆրանցիսկոյում գտնվող իր հյուպատոսարանը, ինչպես նաև՝ երկու կցակառույցները Վաշինգտոնում և Նյու Յորքում:

Ընդ որում, Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը փաստեց, որ այդ որոշումն ընդունել է նախագահ Դոնալդ Թրամփը․ - «Սա մեր վճռական ու համարժեք արձագանքն է Ռուսաստանի՝ ավելի վաղ կայացրած որոշմանը, որ ափսոսանքի էր արժանի: Մենք ուզում ենք դադարեցնել հարաբերությունների վատթարացման այս միտումը, ուզում ենք գնալ դրանց լավացման ուղղությամբ: Միաժամանակ, մենք պետք է համարժեք քայլեր ձեռնարկենք»:

Դիվանագիտական այս փոխհրաձգությունը սկսվեց ամիսներ առաջ, երբ Միացյալ Նահանգների Կոնգրեսը նոր ու առավել խիստ պատժամիջոցներ սահմանեց Կրեմլի ու Ռուսաստանի տնտեսության առանցքային ճյուղերի, նավթագազային ոլորտի նկատմամբ՝ ամերիկյան վերջին նաագահական ընտրություններին միջամտելու համար: Ի պատասխան Մոսկվան պահանջեց 755-ով կրճատել և 455-ի հասցնել Ռուսաստանում գործող ամերիկացի դիվանագետների թիվը: Դատապարտելով այդ որոշումը՝ Պետքարտուղարությունը հայտարարեց, թե ժամանակավորապես դադարեցնում է ամերիկյան վիզաների տրամարդումը Ռուսաստանի երեք քաղաքներում գործող ամերիկյան հյուպատոսարաններում. այսուհետ ռուսաստանցիները այս նպատակով ստիպված են մայրաքաղաք հասնել:

«Միացյալ Նահանգները հույս ունի, որ այսքանով կարող ենք խուսափել հետագա վրեժխնդիր քայլերից և ընթանալ մեր նախագահների կողմից հայտարարված նպատակի՝ երկկողմ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ», - հայտարարել էր Պետքարտուղարությունը:

Մոսկվայում, սակայն, պնդում են, թե չնայած նախագահ Թրամփի հավաստիացումներին՝ առայժմ Վաշինգտոնում հարաբերությունները բարելավելու ցանկությունը չեն տեսնում:

«Մենք միշտ բարեկամաբար ենք տրամադրված եղեկ ամերիկացի ժողովրդի հանդեպ: Հիմա էլ ենք բաց կառուցողական փոխգործակցության համար այն ոլորտներում, որոնք բխում են մեր շահերից: Անկեղծ ուզում ենք, որ երկկողմ քաղաքական մթնոլորտը նորմալանա: Սակայն տանգո միայնակ չեն պարում, առայժմ, իմ կարծիքով, մեր ամերիկացի գործընկերները մեկը-մյուսի ետևից և միայնակ բրեյք-դանս են պարում», - ասել է Սերգեյ Լավրովը:

«Բրեյք-դանսին» ի պատասխան ռուսները Վաշինգտոնին հիշեցնում են Խորհրդրային Միության հիմնադիր Վլադիմր Լենինի մասին: Երեկ, մասնավորապես, առաջին անգամ ժամանելով Վաշինգտոն, Միացյալ Նահանգներում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է. - «Հիմա պետք է հանգիստ վերլուծել իրավիճակը, շատ հանգիստ ու արհեստավարժ գործել, ինչպես Լենինն էր ասում՝ մեզ հիստերիկ պոռթկումներ պետք չեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG