Եվրահանձնաժողովը մտադիր չէ փոխհատուցել հունգարական սահմաններին ապօրինի միգրանտներից պաշտպանվելու նպատակով արգելապատի կառուցման ծախսերը: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Վինտերշտայնը:
«Մենք աջակցում են սահմանների պաշտպանությանն ուղղված քայլերին, սակայն պատերի կառուցում չենք ֆինանսավորում», - ասել է Եվրամիության գործադիր մարմնի ներկայացուցիչը։
Հինգշաբթի օրը հունգարական կառավարության աշխատակազմի ղեկավար Յանոշ Լազարը հայտարարել է, թե վարչապետ Վիկտոր Օրբանը նամակ է ուղարկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին և պահանջել փոխհատուցել հունգարական սահմաններն ապօրինի միգրանտներից պաշտպանելուն ուղղված ծախսերը: Հունգարացի պաշտոնյայի խոսքերով այդ ծախսերը կազմում են 800 միլիոն եվրո, սակայն Բուդապեշտը պահանջում է կեսը՝ 400 միլիոն եվրո:
«Սահմաններն ամրացվել են հանուն Եվրամիության և միգրացիոն աղետից խուսափելու նպատակով», - հայտարարել է Լազարը:
Հունգարիան միգրացիոն ճգնաժամի ամենածանր շրջանում՝ 2015 թվականին, դարձավ Եվրամիության առաջին երկիրը, որն արգելեց իր երկրի տարածք մտնել Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի փախստականներին: Հունգարական կառավարությունը իր սահմաններին արգելապատեր կառուցեց և սահմանեց արտակարգ դրություն: