Մատչելիության հղումներ

Կոմպոզիտորները հաստատակամ են Դիլիջանի ստեղծագործական տունը հիմնանորոգելու հարցում


Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյան

Խորհրդային տարիներին ստեղծագործական գրեթե բոլոր միությունները ունեին նաև իրենց հանգստյան տները՝ կառուցված բնության գեղատեսիլ վայրերում: Այնտեղ հանգստանում ու ստեղծագործում էին խորհրդային տարբեր հանրապետություններից ժամանած արվեստագետները:

Հայաստանում ևս Ծաղկաձորում, Սևանում, Դիլիջանում հանգստյան տներ ունեին ստեղծագործական միությունները, որոնցից այսօր պահպանվել և գործում են միայն երեքը՝ Սևանի ափին՝ Շորժայում գտնվող Նկարիչների հանգստյան տունը, Ծաղկաձորում գտնվող Գրողների հանգստյան տունը և Դիլիջանում գտնվող Կոմպոզիտորների և երաժշտագետների հանգստյան տունը, որոնք Խորհրդային միության փլուզումից հետո այլևս պետության հոգածության տակ չեն գտնվում: Ստեղծագործական միություններն այլևս հասարակական կազմակերպություններ են և իրենք են հոգում իրենց սեփականությունը համարվող շենք-շինությունների հոգսը:

Միությունների անդամները նախկին պես հնարավորություն ունեն անվճար օգտվել այդ հանգստյան տներից, իհարկե ոչ տարին բոլոր, բայց որոշակի ժամանակահատված նախատեսված է միությունների անդամների համար անվճար ստեղծագործական հանգիստն անցկացնելու համար:

Որոշ միություններ, օրինակ, Կինոգործիչների և թատերական գործիչների միությունները անկախացումից հետո առաջին տարիներին չկարողանալով պահպանել այդ հանգստյան տները՝ վաճառեցին դրանք: Իսկ ցայսօր գործող հանգստյան տները լուրջ ներդրումների կարիք ունեն՝ ժամանակակից հարմարավետություն ձեռք բերելու համար:

Իհարկե բոլորն էլ մաքուր են և կոկիկ, բայց բնականաբար հիմնանորոգման կարիք ունեն, ինչպես օրինակ Դիլիջանում գտնվող կոմպոզիտորների ստեղծագործական տունը, որը հսկայական տարածք է զբաղեցնում իր առանձին տնակներով, համալիր շինությամբ, համերգասրահով և այլ հարակից շինություններով:

«Ազատության» հարցին ի պատասխան, թե հնարավոր է արդյոք պետբյուջից միջոցներ հատկացնել այս հրաշալի կառույցի հիմնանորոգման համար, Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն անկեղծորեն պատասխանեց, որ դժվար թե ներկայումս հավելյալ միջոցներ գտնվեն․ - «Մենք խոսել ենք պարոն Սաթյանի հետ էլ: Ինքը մեծ ջանքեր է գործադրում․․․ Հարցը պիտի պետություն - մասնավոր համագործակցության շրջանակներում լուծվի միայն: Չնայած այդ հարցը կա մեր օրակարգում: Տեսնենք ինչ հնարավորություններ կան, բայց մոտ ապագայում բացառում եմ»:

Կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանի խոսքով՝ իհարկե, այս ամենը հիմնանորոգելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ, և պիտի այնպես անել, որ մեր ժամանակների մեծ արվեստագետներն էլ հյուրընկալվեն իրենց հանգստյան տանն, ինչպես նախկինում:

«Ոնց որ առաջ, համաշխարհային դեմքերը գան այստեղ: Եվ վերջապես, այստեղ կարելի է անել հիանալի փառատոն կամ փառատոններ: Կարևորը ցանկությունն է: Երբ որ մարդու մոտ կա ցանկություն, նա ամեն ինչի կհասնի: Իսկ ես այդ ցանկությունը ունեմ, և մեր կոմպոզիտորները ևս», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաթյանը:

Հարցին, թե որտեղից են հայթայթելու ֆինանսական միջոցները, Կոմպոզիտորների միության նախագահը պատասխանեց․ - «Դրանք դեռ անձնական միջոցներ են․․․ Օրինակ, 5 քոթեջ մասնավոր ձևով վերականգնվել են: Եվս մարդիկ ցանկություն են հայտնում մասնավոր ներդնեն: Ես կարծում եմ, որ եթե այդ ամեն ինչը նաև պետության կողմից ղեկավարվի, մենք կունենանք այն, ինչ որ կունենանք: Ընդամենը երկու-երեք տարվա պատմություն է սա»:

Արամ Սաթյանի ամենամեծ ցանկությունը Դիլիջանի հանգստյան տան Բեթհովենի անունը կրող դահլիճում երեք տարի հետո՝ 2020 թվականին Բեթհովենի ծննդյան հոբելյանին նվիրված մի մեծ փառատոն կազմակերպելն է․ - «Բոննի սիմֆոնիկ նվագախումբը համաձայնել է գալ այստեղ և ելույթ ունենալ: Հայաստանում այսպիսի ակուստիկա ոչ մի դահլիճ չունի: Այստեղ կարելի է անել հիանալի ձայնագրություններ: Շատ հնարավորություններ են բացվում․ և՛ դուրս գալ միջազգային ասպարեզ, և՛ անել փառատոններ, և՛ ներկայացնել մեր երաժշտությունը»:

Այս ամենն իրականացնելու համար, Սաթյանի խոսքով, առաջին հերթին միջոցներ են հարկավոր․ - «Ֆինանսներ: Մտահղացումը կա: Մենք արդեն սկսել ենք: Սա վարչապետի լուծելիքն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG