Մատչելիության հղումներ

Նորքի զինված խմբի գործով առանցքային վկաներից «Ռադիո Մարիամ»-ի Գյումրու մասնաճյուղի լրագրող Լիլիթ Թորոսյանն այսօր հրաժարվեց ցուցմունք տալուց, դատարանն էլ հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը, ըստ որի, Լիլիթ Թորոսյանը պայմանավորվել է հանդիպել գործով անցնող գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանի հետ, սակայն Վարդանյանը տեղեկացրել է Թորոսյանին, որ չեն կարող հանդիպել, քանի որ ծեծի է ենթարկվել։

Ըստ Թորոսյանի նախաքննական ցուցմունքի, ավելի ուշ Արթուր Վարդանյանն ասել է, որ իրեն ծեծի են ենթարկել Մհեր Սեդրակյանի (ՀՀԿ նախկին պատգամավոր) մարդիկ, պատճառների մասին սակայն չի մանրամասնել։

Լիլիթ Թորոսյանն այսօր հայտարարեց, որ ինքը ձայնագրել է Արթուր Վարդանյանի և գործով անցնող պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խոսակցությունները և այդ ձայնագրությունները փոխանցել է նախաքննական մարմնին։

Լրագրողն իր նախաքննական ցուցմունքում նաև գրել է, որ «եթե ուզում եք իմանալ, թե Շիրխանյանն ու Արթուր Վարդանյանը ինչ հեղաշրջման մասին են խոսել, ապա կարող եք լսել ձայնագրությունում»։

Ըստ Թորոսյանի նախաքննական ցուցմունքի, Արթուր Վարդանյանը ցանկացել է հանդիպել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ և Շիրխանյանը խոստացել է կազմակերպել այդ հանդիպումը։

Լիլիթ Թորոսյանը նախաքննական ցուցմունքում նաև ասել է, որ Արթուր Վարդանյանը սպառնացել է իրեն՝ ասելով, որ այս հանդիպումների մասին, եթե Լիլիթը երբևէ խոսի, ապա նրա ընտանիքին վտանգ կսպառնա։

Նշենք, որ դեռ 2016-ի Լիլիթ Թորոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, սակայն առաջադրված մեղադրանքները մնացել են նույնը՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելը և ապօրինի զենք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից:

Մեղադույալ Աղասի Մարտիրոսյանն էլ այսօր դատարանում հայտարարեց, որ նախաքննական ցուցմունքը գրելիս ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանն իր վրա ճնշում է գործադրել ու սպառնացել։

«Ասել է՝ գրում ես գրի, չէ...», - դատարանում ասաց Մարտիրոսյանը՝ ձեռքի ափերն իրար սեղմելով, այդպիսով նկարագրելով, թե ի՞նչ է իրեն ցույց տվել Եպիսկոպոսյանը։

2015-ի նոյեմբերին ԱԱԾ-ն վնասազերծել է խմբավորման 9 անդամների՝ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորությամբ: 33 անձի մեղադրանք էր առաջադրվել: Ամբաստանյալի կարգավիճակում գտնող 20 անձանցից 12-ը գտնվում են կալանքի տակ, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավ: Ըստ ԱԱԾ-ի, հանցավոր այս խումբը բռնություն գործադրելու միջոցով իշխանությունը յուրացնելու նպատակ է ունեցել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG