«ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության մեջ որևէ նոր բան չկա», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, ընդգծելով, որ նույն սկզբունքների մասին բազմիցս նշվել է նաև ղարաբաղյան խնդրի շուրջ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների հայտարարություններում:
Զախարովան միաժամանակ ողջունել է ամերիկացի նոր համանախագահի՝ Էնդրյու Շեֆերի նշանակումը՝ հույս հայտնելով, որ նորացված կազմով Մինսկի խումբը կշարունակի ջանքեր գործադրել խաղաղ կարգավորման ուղղությամբ:
«Հույս ունենք, որ մինչ օրս գործող համաձայնեցված մոտեցումը կպահպանվի նաև առաջիկայում», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը:
Հիշեցնենք՝ օրերս Ռիչարդ Հոգլանդը փաստաթուղթ հրապարակեց, որտեղ, ինչպես ասված է փաստաթղթի գլխագրում` շարադրված են «վեց տարրեր (վերցված Մադրիդյան սկզբունքներից) որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղում կայուն համաձայնության հաստատման համար»: