Սերբիայի ու Կոսովոյի նախագահները պայմանավորվել են դատարանների ինտեգրման համաձայնագրի իրականացման վերջնական քայլերի շուրջ: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել բանակցությունները նախաձեռնած Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին՝ Ալեքսանդր Վուչիչի ու Հաշիմ Թաչինի հետ հանդիպումից հետո:
Կողմերը մտքեր են փոխանակել երկխոսությունը շարունակելու և կապերը վերականգնելու ուղղությամբ, ինչի մասին պայմանավորվել էին ամիսներ առաջ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, երկու նախագահները հաստատել են, որ 2015-ի փետրվարի «Արդարադատության համաձայնագիրը» «ամբողջովին կիրականացվի հոկտեմբերի 15-ին»:
Այդ օրը դատավորները, դատախազները և ամբողջ դատական կազմը կինտեգրվեն Կոսովոյի արդարադատության համակարգի մեջ, որը թույլ կտա արդարադատություն իրականացնել Կոսովոյի տարածքում, մասնավորապես՝ հյուսիսային Միտրովիցա շրջանում։
Հիշեցնենք՝ Կոսովոն Սերբիայից անկախանալու մասին հայտարարեց 2008-ին, մինչ օրս Բելգրադը չի ընդունում այդ փաստը, թեև Պրիշտինայի անկախությունը ճանաչել է ՄԱԿ-ի ավելի քան 110 պետություն: