Մատչելիության հղումներ

«Սասունցի Դավիթ» օպերայի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Շուշիում


Վերջին տարիներին արդեն ավանդույթ է դարձել Արցախի անկախության հերթական տարելիցը նշանավորել նաև որևէ մեծ մշակութային ձեռնարկով:

Բացառություն չէ և այս տարին: Վաղը՝ սեպտեմբերի 1-ինին, Շուշիի նախկին Ռեալական գիմնազիայի հարակից տարածքում տեղի կունենա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան:

Օպերայի հայաստանյան պրեմիերան կկայանա սեպտեմբերի 9-ին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Նշենք, որ մեր սերնդին մինչև այս տարի կոմպոզիտոր, Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում ունեցող Հարո Ստեփանյանի անունը, ցավոք, քիչ էր հայտնի, բայց ահա այս տարի գարնանը Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայ կոմպոզիտորական արվեստի ամենամյա փառատոնը, որը նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի որոշմամբ նվիրված էր Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին և ներկայացնում էր նրա թողած երաժշտական ժառանգության լավագույն ստեղծագործությունները:

Փառատոնի շրջանակներում կայացած 5 համերգների ընթացքում, ի թիվս այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների, հնչեցին նաև Հարո Ստեփանյանի 2 սիմֆոնիկ և 5 կամերային ստեղծագործությունները Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Ի դեպ Սերգեյ Սմբատյանն այս փառատոնը հիմնել է հենց մեկ նպատակով՝ ամեն տարի մեր երաժշտասեր հանրության մատուցել մեզ հասած մեր հրաշալի կոմպոզիտորական ժառանգության հանիրավի մոռացված ստեղծագործություններ՝ հաճախ դրանք հնչեցնելով առաջին անգամ:

«Սասունցի Դավիթ» օպերայի վաղվա պրեմիերան նվիրված է Շուշիի ազատագրման 25-ամյա հոբելյանին և Արցախի անկախության հռչակման 26-րդ տարեդարձին:

Նշենք, որ Հարո Ստեփանյանը ծնվել է 1897 թվականին Ելիզավետպոլում ՝ Գանձակում, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, հետո տեղափոխվել Թիֆլիս, սովորել տեղի կոնսերվատորիայում, հետագայում կրթությունը շարունակել է Մոսկվայում՝ Գնեսինի անվան երաժշտական հանրահայտ ուսումնարանում: Այնուհետև ուսանել է նաև Լենինգրադի կոնսերվատորիայում, որն ավարտելուց հետո՝ 1930 թվականին աշխատանքի է մեկնել Հայաստան, որտեղ ապրել ու ստեղծագործել է մինչև կյանքի վերջը՝ մինչև 1966 թվականը:

Նա, ի թիվս այլ մեծածավալ ստեղծագործությունների, նաև 5 օպերաների հեղինակ է և ժողովրդական արտիստի կոչման է արժանացել 1960 թվականին:

Ինչ վերաբերում է վաղը Շուշիում ներկայացվելիք նրա «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմերային, ապա նշենք, որ այս նախագծի հեղինակը Սարինա Ավթանդիլյանն է, դիրիժորը՝ Սուրեն Շահիջանյանը Ֆրանսիայից, ռեժիսորը՝ Արմեն Փիրի Մասահին, խորեոգրաֆը՝ Արսեն Մեհրաբյանը, բեմադրությունը կներկայացնեն օպերային արվեստի մեր լավագույն մենակատարները և օպերային թատրոնի նվագախումբն ու բալետային պարախումբը: Մասնակցում է նաև «Հովեր» երգչախումբը:

«Արցախի տարեգրության մեջ կրկին նոր էջ ենք բացում և այս տարի Արցախի անկախության տոնի նախօրյակին կկատարենք հայ նշանավոր կոմպիզիտոր Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերան: Դա անդրանիկ կատարումն է, որը կկայանա Հարո Ստեփանյանի հայրենիքում, և դա իր երազանքն էր: Այս օպերայում նա ստեղծեց նոր ոճ, որը սերում է հայ գուսանների վերամբարձ երաժշտական արտասանությունից: Օպերայի պրեմիերային պետք է ժամանեն Հարո Ստեփանյանի ծոռները և թոռը Կանադայից և Ռուսաստանից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարինա Ավթանդիլյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG