Մատչելիության հղումներ

«Նաիրիտի» հրդեհի պատճառը կարող էր լինել մարդկային գործոնը․ ԱԻ նախարար


Հրդեհ «Նաիրիտում», 28-ը օգոստոսի, 2017թ․

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն «Ազատության» հետ զրույցում չբացառեց, որ «Նաիրիտ» քիմիական գործարանում բռնկված հրդեհի պատճառը կարող էր լինել մարդկային գործոնը:

«Հիմա չեմ կարող գնահատական տալ, որովհետև նախաքննություն է իրականացվում: Բայց ես չեմ բացառում մարդկային գործոնը, այսինքն՝ անփութությունը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Դավիթ Տոնոյանը:

ԱԻ նախարարը լրագրողների հետ զրույցում չթաքցրեց՝ հրդեհված պահեստարանները անմիջական պահպանության տակ չեն եղել:

«Նաիրիտի» հրդեհից 3 օր անց քրեական գործ դեռևս հարուցված չէ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ հրդեհի դեպքով նշանակվել են փորձաքննություններ, նախապատրաստվել նյութեր, որոնք ուղարկվել են Քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժին:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, թե այդ նյութերը քիչ առաջ են ստացել, քննիչը վարույթ ընդունեք դրանք և այս պահին ուսումնասիրում է:

Նախկին նաիրիտցիների կարծիքով, այսօրվա փոքրաթիվ աշխատակազմով հնարվոր չէ ապահովել քիմիական գործարանի անվտանգությունը։ «Նաիրիտը» չի աշխատում 2010 թվականի մարտից, միայն 2015-ի փետրվարին կրճատվել են գործարանի շուրջ 1700 աշխատակիցներ:

«Նաիրիտի» կաուչուկի արտադրամասի նախկին պետ Գագիկ Ավետիսյանի կարծիքով, այսօրվա աշխատակազմով քիմիական գործարանի անվտանգությունը ապահովել հնարավոր չէ: - «Մարդկանց հանում են, հետո էլ որ մի դեպք է պատահում, ասում են՝ մենք ամեն ինչ լուծել ենք: Չեք լուծել, եթե լուծած լինեիք այդ մեծ՝ 120 հեկտարի վրա ոչ թե 200 հոգի, այլ գոնե մի 500 հոգի պետք է լիներ: Չի կարելի այս ձևի: Հիմա նոր՝ հրդեհից հետո, ասում են գործարանը գիշերը լուսավորվելու է»:

«Նաիրիտում» հրդեհը բռնկվել էր էթինոլի պահեստարանում: Այրվում էին երկաթբետոնյա 4 տարաներ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհի օջախները սպառված են, բայց տարաներում պահպանվում է բարձր ջերմաստիճանը: Այնուհանդերձ, փրկարարների հավաստմամբ, հրդեհի տարածման վտանգ այլևս չկա:

Էթինոլը, ըստ «Նաիրիտի» նախկին աշխատակիցների, ստացվում է քլորոպրենի արտադրության ժամանակ՝ որպես թափոն։ Ինժեներ-քիմիկոս Անահիտ Մանուկյանի խոսքով՝ այն պահելը վտանգավոր է: «Նաիրիտի» փակվելուց հետո դիմել են կառավարությանը և խնդրել թափոնն այրելու համար գումար հատկացնել: Իշխանությունները խոստացել են տրամադրել, բայց խոստումը չեն կատարել։

«Կառավարությունը ֆինանսներ չհատկացրեց, այնուհետև 2015 թվականին բոլորին ազատեցին աշխատանքից և հետևանքը սա էր», - պատմեց Մանուկյանը:

ԱԻ նախարարն այսօր հավաստիացնում էր, թե իր ղեկավարած գերատեսչությունը քիմիական գործարանի անվտանգության պահպանման պարտավորություն չունի՝ դա «Նաիրիտի» գործն է։ Տոնոյանը, սակայն, ասաց, որ հրդեհի օրը դիմել է միջազգային կառույցներին՝ էթինոլի թափոնների կառավարման հարցով փորձագիտական եզրակացություն ստանալու համար։

«Աստեղ պետք է արդեն պրոյեկտ, թե ինչպես է դա իրականացվելու, ինչպես է պետք ոչնչացնել, տեղափոխել, սառեցնել», - պատմեց նախարարը: - «Ես ձեզ խոսք եմ տալիս, որ երկու ամսվա մեջ լուծումները տալու եմ»:

Գործարանի նախկին աշխատակիցները Կառավարության շենքի առջև այսօր պահանջում էին «Նաիրիտի» վերագործարկում: Ցույցերը համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանի խոսքով՝ վերջին հրդեհից հետո էլ «Նաիրիտում» ներդրում անել ցանկացող «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն»-ը միտքը չի փոխել: Ասաց՝ խոսել է ղեկավարության հետ․ - «Ներդրողը գիտակցում է, որ սրա վերագործարկումը ավելի մեծ գումարներ ծախսելու առիթ չի հանդիսանա իր համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG