Ռուսաստանցիներն առաջվա պես ամենասուր խնդիրը համարում են գնաճը, գործազրկությունը, աղքատությունը և աղքատացումը։
Ժողովրդավարական ազատությունների սահմանափակումը Ռուսաստանի բնակչությանն ամենաքիչն է հետաքրքրում։ Այդ մասին են վկայում «Լևադա» կենտրոնի սոցիոլոգիական հարցումների արդյունքները։
Հարցվածների մեծամասնությունը՝ 61 տոկոսը, ամենալուրջ խնդիրը համարում է գնաճը։ 1999 թվականի օգոստոսին նույն խնդիրն էր մատնանշում ռուսաստանցիների 86 տոկոսը, իսկ մեկ տարի առաջ՝ 72 տոկոսը։
Աղքատությունն ու աղքատացումը անհանգստացնում են բնակչության 45 տոկոսին, գործազրկությամբ մտահոգված է հարցվածների մեկ երրորդը։ Նույնքան մարդ էլ մտահոգված է կոռուպցիայով։
Հարցվածներից չնչին՝ ընդամենը չորս տոկոսն է հայտարարել, որ իրենց ամենաշատը անհանգստացնում է քաղաքացիական իրավունքների, ժողովրդավարական ազատությունների սահմանափակումները և անկախ լրատվամիջոցների վրա ճնշումները։
Հարցման հեղինակները նշում են, որ ուսումնասիրությունների ընթացքում այդ ցուցանիշը երբեք չի գերազանցել 5 տոկոսը։