Մատչելիության հղումներ

Կրեմլը հաստատեց՝ Վաշինգտոնից նամակ է ստացել Մոսկվայում Trump Tower-ի կառուցումը համաձայնեցնելու վերաբերյալ


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ըստ Պեսկովի, նամակն անպատասխան են թողել։

Կրեմլը հաստատեց, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Մայլք Քոենից նամակ է ստացել, որում նա ցանկանում էր համաձայնեցնել Մոսկվայում Trump Tower երկնաքերի կառուցումը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Քոենը նամակն ուղարկել է 2016 թվականի հունվարին՝ ծառայության ընդհանուր էլեկտրոնային հասցեին։

Պեսկովի խոսքով՝ Քոենը գրել է, թե ինչ-որ ռուսական ընկերություն «կոնկրետ անձերի հետ համատեղ» նպատակ ունենն Մոսկվայում երկնաքեր կառուցել և դիմում են Կրեմլի օգնությանը։

«Քանի որ մենք չենք արձագանքում բիզնեսի հետ կապված նման հարցերին, նամակն անպատասխան ենք թողել», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։

Հարցին, թե արդյո՞ք Թրամփի փաստաբանի նամակը քննարկել է Պուտինի հետ, Պեսկովը պատասխանել է, թե չի կարող հարյուրավոր ու հազարավոր դիմումներ, որոնք ստանում են տարբեր երկրներից, քննարկել նախագահի հետ։

Ռուսաստանի նախագահի խոսնակի այս մեկնաբանությունները հնչում են այն բանից հետո, երբ Սպիտակ տան ղեկավարի փաստաբան Քոենը հայտնեց, թե 2015-16 թվականներին՝ Թրամփի թեկնածությունը Հանրապետական կուսակցությունից առաջադրելու ժամանակ, բանակցություններ են ընթացել Մոսկվայում Trump Tower կառուցելու ուղղությամբ։ Փաստաբանի խոսքով, սակայն, հետագայում ծրագիրը չեղարկվել է՝ բիզնեսին առնչվող մի շարք հանգամանքների բերումով։

Ամերիկյան մամուլի փոխանցմամբ, Սպիտակ տան ղեկավարի ընտրություններում ռուսական հետքը քննող Կոնգրեսին ուղարկված նամակում Թրամփի փաստաբանը հավաստիացրել է, թե Մոսկվայում երկնաքեր կառուցելու գործարքը որևէ կապ չի ունեցել Թրամփի նախընտրական քարոզարշավի հետ:

Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն, Քոենը որոշել է Պեսկովին նամակ գրել ռուսական ծագումով ամերիկացի գործարար Ֆելիքս Սեյթերի խորհրդով, ով իբր պնդել է, թե ռուսական իշխանությունների հետ լավ կապեր ունի և կարող է օգնել Թրամփին այդ հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG