Այս օրերին գրենական պիտույքների խանութների մոտ հերթեր են, առևտուրը բավականին թեժ է նաև դպրոցական հագուստ վաճառողների մոտ: «Ազատության» հարցումները ցույց տվեցին, որ մեկ երեխայի համար յուրաքանչյուր ծնող, կախված իր հնարավորություններից, ծախսում է 30-ից 100 հազար դրամ:
Տարրական օղակում գրքի վարձ չկա: 5-րդ դասարանից սկսած ծնողները նաև ստիպված են դասագրքերի համար վճարել: Հատկապես 2 և ավելի դպրոցահասակ երեխա ունեցող ընտանիքների համար է նոր ուսումնական տարվա ծախսը շեշտակի մեծանում: Ծնողներից ոմանք ելքը գտել են՝ հենց առևտրով զբաղվողներից պարտքով գնում են, հետո քիչ-քիչ պարտքը փակում: