Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան սպառնում է ավելացնել հրթիռների փորձարկումները


Հյուսիսային Կորեայի նախագահը սպառնում է ավելացնել հրթիռների փորձարկումներն ու անցնել առավել լայնամասշտաբ գործողությունների՝ չնայած միջազգային համայնքի խիստ պատժամիջոցներին ու միաձայն քննադատությանը:

Երկրի միակ՝ Աշխատանքային կուսակցության պաշտոնաթերթն այսօր ավելի քան 20 լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես է առաջնորդ Քիմ Յոնգ Ունը նախօրեին անձամբ հետևել միջմայրցամաքային հրթիռի արձակմանը, որն անցնելով ճապոնական Հոկայդո կղզու վրայով՝ ընկել էր Խաղաղ օվկիանոսը:

Պետական լրատվամիջոցները, հղում անելով առաջնորդին, հայտարարում են․ - «Սա կորեական ժողովրդական բանակի առաջին քայլն էր Խաղաղ օվկիանոսում ռազմական գործողություններ նախապատրաստելու ուղղությամբ և նախերգանքը՝ Գուամին հարվածելու համար»:

Ավելի վաղ, ՄԱԿ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին ի պատասխան, Փհենյանը սպառնացել էր հարվածներ հասցնել խաղաղօվկիանոսյան այդ կղզուն, որտեղ ամերիկյան ռազմակայաններն են տեղակայված:

Կորեական թերակղզում օր-օրի սրվող լարվածության ֆոնին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ արտահերթ նիստ է հրավիրել՝ խստորեն դատապարտելով Փհենյանի գործողություններն ու պահանջելով հրաժարվել միջուկային նկրտումներից: Թեև միաձայն ընդունված փաստաթղթում որևէ խոսք չկա նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ, ՄԱԿ-ում Վաշինգտոնի դեսպան Նիկի Հեյլին հայտարարել է՝ Նահանգները թույլ չի տա, որ իրավիճակն այսպես մնա:

«Աշխարհը միասնական է Հյուսիսային Կորեայի հարցում: Որևէ կասկած չկա, և ժամանակն է, որ այդ երկրի վարչակազմը հասկանա՝ ինչպիսի վտանգների է իրեն ենթարկում», - հայտարարել է Հեյլին: - «Միացյալ Նահանգների թույլ չի տա, որ Փհենյանը շարունակի իր ապօրինությունները, և այս հարցում մեզ հետ ողջ աշխարհն է համակարծիք»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր՝ Վաշինգտոնը չի բացառում, որ իրավիճակը կարող է հանգուցալուծվել նաև ռազմական ճանապարհով: - «Փհենյանի ուղերձը հստակ էր և խոսուն՝ այդ երկրի վարչակազմը արհամարհում է իր հարևաններին, ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ չհարգելով միջազգային վարքագծի նվազագույն չափանիշներն անգամ: Մեր կողմից արձագանքի բոլոր տարբերակները մնում են ուժի մեջ», - հայտարարել էր Սպիտակ տան ղեկավարը:

Քննադատելով Հյուսիսային Կորեայի միջուկային նկրտումները՝ անվտանգության խորհրդի որոշ անդամներ, մասնավորապես, Ռուսաստանն ու Չինաստանը, Նահանգների նման կոշտ չեն իրենց գնահատականներում: Պաշտոնական Պեկինը, մասնավորապես, երեկ հայտարարել է, թե Կորեական թերակզղում լարվածությունը հասել է իր գագաթնակետին, միաժամանակ ընդգծել, որ դրանում մասամբ մեղավոր են նաև Վաշինգտոնն ու Սեուլը, որոնք իրենց զորավարժություններով ճնշում են Փհենյանին:

«Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և հավատարիմ մնալ խաղաղ բանակցություններին», - այսօր հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին: - «Թերակղզու միջուկային խնդիրը պետք է լուծվի խաղաղ ու դիվանագիտական ճանապարհով, սա մի հարց է, որի շուրջ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 15 անդամները փոխհամաձայնության են եկել: Կոչ ենք անում հնարավորինս արագ վերադառնալ երկխոսության և հորդորում ենք բոլոր կողմերին չշարունակել գործողությունները, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը»:

Պաշտոնական Պեկինը ընդգծում է՝ այս հարցում Չինաստանն ու Ռուսաստանը միևնույն դիրքորոշումն ունեն, ինչն ակնհայտ դարձավ նաև երեկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում՝ Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյայի ելույթից․ - «Կորեական կղզում ստեղծված ճգնաժամը ռազմական լուծում չունի, և մենք համոզված ենք, որ այս թեմայով ՄԱԿ-ի բոլոր հետագա բանաձևերը պետք է արտացոլեն և ընդգծեն այդ փաստը: Մենք նաև պետք է զերծ մնանք հավելյալ, միակողմանի պատժամիջոցներից»:

Այս ամսվա սկզբին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մեկ անգամ արդեն խստացրել է պատժամիջոցները Փհենյանի նկատմամբ, երբ ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով հետախուզությանը, գրել էին, թե Հյուսիային Կորեան միջուկային մարտագլխիկներ ունի, որոնք կարող են վնասել Նահանգներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG