Մատչելիության հղումներ

Փորձագետ․ Իսրայելը փորձում է ինչ-որ բալանսի բերել հարաբերությունները Ադրբեջանի և Հայաստանի հետ


«Ազատության» ստուդիայում քաղաքական վերլուծաբան Միքայել Զոլյանն անդրադառնում է Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից Aeronautics ընկերությունը արտադրանքի վաճառքի արտոնագրի կասեցմանը կոնկրետ հաճախորդի՝ Ադրբեջանին։

Հիշեցնենք` Aeronautics-ը այն ընկերությունն է, որի շուրջ սկանդալ էր ծագել, երբ կասկածներ էին առաջացել, որ ընկերության ներկայացուցիչները իրենց արտադրած Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերը Ադրբեջանին վաճառելու նպատակով համաձայնել են դրանց փորձարկում իրականացնել մարտական պայմաններում` հայկական դիրքերի ուղղությամբ:

«Երկու հնարավոր բացատրություն կարելի է առաջարկել: Մեկը նա է, որ այդ [իսրայելական] ընկերությունը շահույթ հետապնդելով արել է ինչ-որ արարքներ, որոնք օրենքին, գուցե նաև ներքին կանոնակարգերին դեմ են, հակասում են, և նրա դեմ վարույթ է հարուցվել և դրա մասին հաղորդվում է: Այստեղ պետք չէ փնտրել քաղաքական կամ աշխարհաքաղաքական աստառ: Որովհետև ի վերջո սա բիզնես է, Իսրայելն էլ շատ թե քիչ ժողովրդավարական երկիր է, որտեղ բիզնեսը և պետությունը իրարից տարանջանված են: Ընկերությունը կարող է ինչ-որ քայլեր ձեռնարկել, որոնք իշխանությունների հետ համաձայնեցված չէին, և եթե այդ քայլերը հակասում են օրենքին, դրանց դեմ քայլեր են ձեռնարկվում: Սա մի բացատրություն», - ասաց Միքայել Զոլյանը:

Երկրորդը, նրա խոսքով՝ ավելի «աշխարհաքաղաքական և մի քիչ դավադրաբանական է»․ - «Եթե հաշվի առնենք, որ վերջերս նաև Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարն էր եկել Հայաստան, և դա գնահատվեց որպես նշան, որ Հայաստանի և Իսրայելի միջև կարծես հարաբերությունների որոշակի ջերմացում է նկատվում՝ սա կարելի մեկնաբանել որպես ևս մի նշան, որ Իսրայելը այժմ փորձում է բալանսի բերել իր դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ: Եթե նախկինում կար որոշակի թեքում դեպի Ադրբեջան, այժմ փորձում են բալանսը ինչ-որ չափով վերականգնել, մասնավորապես՝ սահմանափակելով դեպի Ադրբեջան զենքի և զինամթերքի վաճառքը: Ինձ, չիշտն ասած, այս երկրորդ բացատրությունը պակաս հավանական է թվում․ առաջինը ավելի պարզ է և հավանական: Բայց պետք է հետևենք հետագա քայլերին: Եթե էլի ինչ-որ նշաններ տեսնենք, ապա գուցե և իրոք այստեղ մենք գործ ունենք ավելիի հետ, քան պարզապես ուղղակի բիզնեսի օրենքների խախտում․․․ Հենց էն, խնդիրը, որ սա բարձրաձայնվեց, կարող է խոսել այն մասին, որ Իսրայելը իրոք փորձում է որոշակի բալանսի բերել: Որովհետև ի վերջո, մենք հենց իսրայելական աղբյուրներից այս ամենի մասին իմացանք: Իրենց եթե չբարձրաձայնեին, ոչ ոք չէր իմանա, որ նման բան է տեղի ունեցել»:

Հարցին, թե ինչու նման քայլ չի կատարվում Ադրբեջանին սպառազինություն մատակարարող Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի իշխանությունների կողմից, Զոլյանն արձագանքեց․ - «Ռուսաստանը երբեք չի թաքցրել, որ Ադրբեջանին դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր: Մեզ որպես դաշնակին է դիտարկում: Եվ փորձում է բալանս պահպանել այս երկու կողմերի միջև: Երբեք Ռուսաստանը Արցախի հարցով բացահայտ հայամետ դիրքորոշում չի արտահայտել: Այստեղ խնդիրն այն է, որ մեզ մոտ ուղղակի որոշակի ոչ-ադեկվատ ընկալումներ կան Ռուսաստանի քաղաքականության․․․ Մեզ թվում է, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է և, չնայած ամեն ինչ, մեր շահերն է պաշտպանելու: Ոչ, այդպես չէ: Ռուսաստանը մեր դաշնակիցն է որոշ հարցերում: Մասնավորապես, մինչև վերջերս գոնե կապված Թուրքիայի հետ, Ռուսաստանը իրոք մեզ աջակցում էր մեր անվտանգությունը ապահովելու գործում: Բայց Ադրբեջանի դեպքում ամեն ինչ այդքան միանշանակ չէր, և միշտ էլ պարզ էր, որ եթե ռազմական գործողություններ ծավալվեն Արցախում, այդ տարածքը, որը Ռուսաստանը չի ճանաչում անկախ, ճանաչում է Ադրբեջանի տարածք, այդտեղ Ռուսաստանը մեզ չի օգնելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG